Լրահոս

ՀՀԿ-ում խուճապ է. Պրիմիտիվ գողերի վերջը

 

arm147479982168

lragir.am — Նոյեմբերի վերջերին նախատեսվում է ՀՀԿ 16-րդ համագումարը: Մինչ այդ, տեղի ունեցան եւ շարունակվում են կտրուկ զարգացումները. ցրվել է Հովիկ Աբրահամյանի կառավարությունը, տեղի են ունենում կադրային ու կառուցվածքային փոփոխություններ: Համագումարում թերեւս ամփոփվելու են այս փոփոխությունները եւ հստակեցվելու են հետագա զարգացումների ուղղություններն ու տրամաբանությունը:
Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մտնում է արագացված փոփոխությունների փուլ, տեղի են ունենալու համակարգային փոփոխություններ: Նա ասել է, որ նոր վարչապետի հետ քննարկել են իրավիճակը, եւ նա պետք է նոր ոգի տա նաեւ ՀՀԿ-ին:
Նոր վարչապետ Կարեն Կարապետյանը նույնպես խոսել է համակարգային փոփոխությունների մասին, ասելով, որ Հայաստանի տնտեսության խնդիրը ստվերն է եւ պրիմիտիվ գողությունը, որին պետք է վերջ տալ:
Տեղի է ունենում քրեա-օլիգարխիկ համակարգի ապամոնտաժումը եւ համակարգային նոր ստատուս-քվոյի ձեւավորումը, իշխանությունից հեռացվում են այդ համակարգի խորհրդանիշները: Մասնավորապես, Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Բեգլարյանը, որոնք հնարավոր է տեղ չունենան նաեւ ՀՀԿ ղեկավար նոր մարմիններում, որոնք ընտրվելու են ՀՀԿ համագումարում:
ՀՀԿ-ում խուճապ ու անորոշ վիճակ է, քանի որ այստեղ հասկացել են, որ այս փոփոխությունների գլխավոր խնդիրը եւ թիրախը ՀՀԿ-ն է: Այս կուսակցությունը, որը տարիների ընթացքում եղել է նախ ռազմա-ֆեոդալական համակարգի, ապա քրեա-օլիգարխիայի քաղաքական ցուցանակը, ենթարկվելու է էական տրանսֆորմացիայի՝ արդեն նոր համակարգի ցուցանակի վերածվելու համար:
Կուսակցությանը «նոր ոգի» է տրվելու, ինչպես ասել է Սերժ Սարգսյանը, եւ հեռացվելու են նրանք, ովքեր համարժեք չեն այն չափանիշներին, որոնք Սարգսյանը նշել էր նոր վարչապետին նշանակելու կապակցությամբ իր ելույթում: Իսկ ավելի վաղ նա սահմանել էր Հայաստանի քաղաքական դաշտի կառուցվածքն ու չափանիշները, որի դեպքում միայն կուսակցությունները կարող են հավակնել իշխանության մեջ տեղ ունենալուն:
Մասնավորապես, նա խոսել էր հասարակական-քաղաքական կյանքում առավել բարդ ու բազմազան սխեմաների կիրառման անհրաժեշտության ու մտադրության մասին, որի շնորհիվ ձեւավորվելու է քաղաքական նոր մշակույթը: Դժվար է ասել, թե ինչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը դրա տակ, բայց ակնհայտ է, որ միայն բարդ համակարգերն են ընդունակ դիմակայել ներքին ու արտաքին մարտահրավերներին:
Իր հերթին, ինչպես ասել է նոր վարչապետը, ստեղծվելու են բարդ մեխանիզմներ, որոնց կիրառմամբ վերացվելու է «պրիմիտիվ գողությունը», այսինքն՝ հետադեմ ու պարզունակ քրեա-օլիգարխիայի համակարգը, որտեղ ոչ խելք էր պետք, ոչ էլ մրցունակություն:
Ինչի՞ն են ծառայելու այս փոփոխությունները՝ զուտ համակարգային տրանսֆորմացիաների՞ն, թե հանրային-պետական խնդիրներին: Կարո՞ղ է հանրությունն այս գործընթացները ծառայեցնել հանրային-պետական խնդիրներին, անշրջելի դարձնել փոփոխությունները, թե՞ հերթական անգամ այն տեղի է ունենալու իշխանության շրջանակում եւ տրամաբանությամբ:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am