ՀՀԿ խմբակցությունը՝օրենսդիր իշխանությունից զրկվելու շեմին. դուրս գալու մասին նոր հայտարարություններ կլինեն. «Ժողովուրդ»

79

armlur.am — «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հայտնվել է խորհրդարանում կայուն մեծամասնությունը կորցնելու, ըստ այդմ, նաեւ օրենսդիր իշխանությունից զրկվելու շեմին: Այս օրերին ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարել է վեց պատգամավոր: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` առաջիկա օրերին մի քանիսը եւս նման հայտարարությամբ հանդես կգան:

Արդյունքում 58 հոգանոց խմբակցությունում եթե այսօր 53 հոգի է մնացել, ապա առաջիկա օրերին նրանց թիվն ավելի կնվազի: ԱԺ կանոնակարգ-օրենքի չորրորդ գլխում սահմանված է, որ խմբակցությունը կամ խմբակցությունների դաշինքը համարվում է կառավարող, եթե դրանում ընդգրկված է խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թվի 54 տոկոսը: Տվյալ դեպքում 58 պատգամավոր, քանի որ ԱԺ-ն կազմված է 105 հոգուց: Սա նշանակում է, որ նույնիսկ այս պահին, երբ ՀՀԿ-ում 53 պատգամավոր է միայն, այն արդեն կառավարող չէ: ԱԺ կանոնակարգ-օրենքը նաեւ սահմանում է, որ խորհրդարանի ղեկավարն ու տեղակալները նշանակվում եւ ետ են կանչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Ասել է թե` իրավական հիմքեր են ստեղծվել խորհրդարանի ՀՀԿ-ական ղեկավար կազմի՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովի եւ Արփինե Հովհաննիսյանի հրաժարականը պահանջելու հարցը բարձրացնելու համար. համենայն դեպս, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ունի բավարար ձայներ խնդիրը լուծելու համար, եթե նման որոշում կայացնի: Ի վերջո, եթե անգամ ՀՀԿ խմբակցությունից նոր մարդիկ դուրս չգան, միեւնույն է, հնարավոր է ոմանք քվեարկեն առանց ՀՀԿ խմբակցության հետ համաձայնեցնելու, նույնիսկ` ՀՀԿ խմբակցության որոշումների դեմ: Սպասենք նոր զարգացումներին:

Ավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթ այսօրվա համարում:



Загрузка...