Լրահոս

«Հիմնադիր խորհրդարան»-ի ղեկավարը «զգուշացնում է երկրի այսօրվա «կառավարիչներին»

 

7A35026E-B071-4A7A-BCFA-E186AF90C64D_w610_r1_s

azatutyun.am -Ամենայն Հայոց կաթողիկոսը և Մայր Աթոռի միաբանությունը ողջախոհության են կոչում զինյալ հարձակումն իրագործած անձանց:

«Հիմնադիր խորհրդարան»-ի ղեկավար Գարեգին Չուգասզյանը գիշերը Ֆեյսբուքում կատարած գրառմամբ հայտարարել է․ — «Լիազորված եմ զգուշացնել երկրի այսօվա «կառավարիչներին», որ եթե լինի գրոհ, ապա այն նոր անպատիժ Մարտի 1-ով չի ավարտվելու, և Պայքարը չի դադարելու»:

Նշելով, որ «պատիվ ունի ճանաչելու և ընկերը լինելու Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա Ծռեր» ջոկատի բոլոր ապստամբ տղաների», ինչի համար «ճակատագրից շնորհակալ է», Չուգասզյանը պնդում է, որ գրոհի դեպքում «իշխանությունների համար անցնցում հեռացման հնարավորությունների պատուհանը ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ կփակվի և իրենք ստիպված են լինելու գործ ունենալ համազգային ամենօրյա պայքարի այլ տրամաբանության հետ, որը նման է լինելու ֆրանսիական Դիմադրության շարժման ազատագրական պայքարին…»:

Հիշեցնենք, իրեն «Սասնա Ծռեր» ջոկատ անվանող զինված խումբը նախօրեին վաղ առավոտյան գրավել է Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը, բախումների ժամանակ ոստիկանության գնդապետ է սպանվել, երեք այլ ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել, ևս մի քանի ոստիկան պատանդառված է: Իրավապահները հայտարարում են, որ առայժմ բանակցում են զինված խմբի հետ, ինչպես երեկ Հայաստանի ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանը վստահեցրեց՝ «այս ողջ գործընթացը» բանակցություններով ավարտելու հույսով, իսկ եթե հանձնվելու՝ իրենց հորդորներին զինված խմբի անդամները չանսան, ապա իրավապահներն ի վիճակի են վնասազերծելու նրանց:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, ժամեր առաջ տարածած հաղորդագրությունում ընդգծելով, որ «ծայրահեղական նման գործողությունները չունեն արդարացում», ողջախոհության են կոչում զինյալ հարձակումն իրագործած անձանց` հորդորելով իրավիճակը հանգուցալուծել բացառապես խաղաղ ճանապարհով:

Զինված խմբի պահանջներն են՝ «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

hing.am

hing.am