Լրահոս

Հիմնավորեք բանակում չծառայելու պատճառները

 

Բանակում ծառայել-չծառայելու հանգամանքը, ինչպես ցույց են տալիս այս թեմայի շուրջ տարբեր առիթներով տեղի ունեցող քննարկումները, դարձել է չափորոշիչ պետական ապարատի ներկայացուցիչների՝ պետության հանդեպ ունեցած վերաբերմունքը, հայրենասիրության, նվիրվածության աստիճանը չափելու, գնահատելու հարցում: Ով բանակում չի ծառայել, պատեհ առիթի դեպքում խարազանվում է, անխնա «հոշոտվում» հասարակության եւ ԶԼՄ-ների կողմից: Շատ դեպքերում՝ անարդարացիորեն: Պաշտոնյան կարող է, պատկերավոր ասած՝ «ափի մեջ ձվածեղ» եւ այլ անձնազոհություններ արած լինել երկրի, պետականության համար, սակայն բանակում ծառայած չլինելու հանգամանքը կարող է մեկ զարկով նսեմացնել, ջուրը թափել «սխրագործի» ջանքերը:

 

Հայրենասիրությունը շատերիս ընկալմամբ պետության սահմանների անառիկությունն ապահովելուց է սկսվում՝ այդ գործի համար ներդնելով սեփական կյանքն ու առողջությունը: Եթե ՀՀ-ն չլիներ կիսապատերազմական վիճակում գտնվող երկիր, «հողն արյունով են պահում» դոգմայի մոլեռանդ հետեւորդ, եթե չունենար սեւազգեստ մայրերի բազմություն, եթե ՊՆ-ն օրումեջ չգուժեր հերթական զինծառայողի` «մահացու վիրավորում» ստանալու մասին, բանակում ծառայած-չծառայած լինելու հարցը գուցե այդքան ցավագին չընկալվեր մեզանում: Բայց այն, որ կիսապատերազմական երկրում կարող են լինել պետական ապարատի ապահով տանիքի տակ անվրդով կարիերա անող մորթապաշտներ, օֆիսային հայրենասերներ կամ, ինչպես նախարարն է որակում՝ «վերին արտի ցորեններ», ովքեր «մատի ճտտոցով» զինգրքույկ ձեռք բերելու ճար ունեն, իսկ առաջնագիծը պահում են անճարները, «հարիֆ հայրենասերները», «թնդանոթի մսերը», չի կարող առողջ վերաբերմունք առաջացնել հասարակության լայն շերտերի մոտ: Ինչին եւ ականատես ենք լինում պարբերաբար եւ մասնավորապես այս օրերին, երբ օրակարգում բանակի հարցն է: Մենք տարբեր առիթներով անդրադարձել ենք բանակում չծառայած պաշտոնյաներին, որոնք, նկատենք, այնքան էլ փոքր թիվ չեն կազմում: Նրանցից շատերը սրտնեղում են՝ իրենց չծառայելն արդարացնող տարբեր ողջամիտ եւ ոչ այնքան ողջամիտ պատճառներ թվարկելով եւ ԶԼՄ-ներին մեղադրելով հարցն անհարկի շահարկելու մեջ:

 

Ուստի, քանի որ հասարակությունը շատ բուռն է արձագանքում իշխանության տարբեր օղակներում չծառայածներին հանդուրժելու խնդրին, լավ կլիներ, որ նրանց «դոսյեներում» հատուկ նշվեին բանակում չծառայելու հիմքերը, մամուլն ու հասարակությունն էլ տեղյակ լինեին դրանց:

 

Ի վերջո, եթե ըստ կարգի նշվում է զինապարտ լինելու, զինվորական կոչման մասին, կարող են նշվել նաեւ զինծառայությունից ազատվելու պատճառները՝ հիվանդությա՞ն, ընտանեկան դրությա՞ն, ուսմա՞ն, թե՞ օրենքով սահմանված այլ հիմքերով (նախարար Լոքյանի որդու պարագայում պատճառը հայտնի է՝ ալերգիան, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու դեպքում՝ ավտովթարի հետեւանքով ի հայտ եկած առողջական խնդիրն ու երկու երեխա ունենալու հանգամանքը, իսկ մյուսների դեպքում ենթադրությունները բոլորովին այլ տեղ են տանում): Սա եւս մեկ քայլ կլինի զինվորական ծառայությունը թափանցիկ դարձնելու, պարտականությունների եւ արտոնությունների հավասարության սկզբունքի ամրապնդման հարցում: Սակայն չմոռանանք նաեւ կարեւորի մասին՝ երաշխավորել կոռուպցիայի, հովանավորչության եւ կեղծիքի բացառումը բանակային ծառայությունից տարկետման կամ ազատման հարցում:

 

Ու, թերեւս, մի բան էլ. պաշտպանության ոլորտի կառավարումը, դատելով հանրային արձագանքից, պետք է վերապահել այն անձանց, ովքեր իրենց պաշտոնավարման ողջ ընթացքում ստիպված չեն լինի արդարանալ, թե ինչու չեն ծառայել զինված ուժերում, կամ ապացուցել, որ պահեստազորում ծառայելը ոչ պակաս կարեւոր է, քան առաջնագիծը պահելը: Մենք ինչ-որ չափով ընդունում ենք, որ պաշտպանության գերատեսչության ղեկավարի ֆունկցիան համապատասխան քաղաքականություն մշակելն ու իրականացնելն է, սակայն երբ տեսաբանի մոտ բացակայում է պրակտիկան, դա, ինչպես երեւում է, անասելի դիսկոմֆորտ է պատճառում թե՛ տեսաբանին, թե՛ նրա առաջ քաշած «ազգ-բանակի» կոնցեպտն ընկալել ու մարսել փորձող հասարակությանը:

 

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ



Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am