ՀՔԾ նորանշանակ պետը՝ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության կանչելու մասին

455

Նախօրեին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) աշխատակազմին ներկայացրեց ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին: Վարչապետը նախ մի քանի դիտարկում կատարեց` ՀՔԾ գործունեության հետ կապված, ապա հույս հայտնեց, որ ծառայությունը կիրականացնի իր առջեւ դրված բոլոր գործառույթները. «Ուզում եմ մի քանի դիտարկում անել` ՀՔԾ գործունեության հետ կապված. օրենսդրությամբ սահմանված է, որ ՀՔԾ-ն զբաղվում է իրավախախտումներով, հանցագործություններով, որոնք վերագրվում են օրենսդիր, դատական, գործադիր իշխանության ներկայացուցիչներին, եւ հաջորդ ամենակարեւոր գործառույթը ընտրական հանցագործությունների հետ կապված գործերն են: Այս շրջանակն արդեն ցույց է տալիս այն բացառիկ կարեւորությունը, որ ունի Հատուկ քննչական ծառայությունը մեր կյանքում եւ ընդհանրապես իրավակարգի ապահովման բնագավառում..: Ես ուզում եմ որպես Հայաստանի ժողովրդի վստահությամբ Հայաստանի վարչապետ դարձած մարդ հայտարարել հետեւյալը` այն, ինչ մենք հայտարարում ենք հրապարակային, դա այն է, ինչ կա մեր մտքում:

Ինչ նկատի ունեմ, երբ որ ասում ենք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, նկատի ունենք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, եւ նկատի չունենք, որ ոմանք օրենքի առաջ ավելի հավասար են: Երբ ասում ենք, որ Հայաստանից պետք է արմատախիլ արվի կոռուպցիան, նկատի ունենք, որ Հայաստանից պետք է արմատախիլ արվի կոռուպցիան, նկատի չունենք, որ որոշ տեղերում կոռուպցիա կարող է գոյություն ունենալ: Ուզում եմ հստակ ընդգծել, որ ՀՔԾ-ի առաջ դրված է այս խնդրի ապահովման մի հսկայական մասը, եւ ես հույս ունեմ, որ ՀՔԾ-ն կիրականացնի իր այդ գործառույթը»:

Ինչպես հայտնի է, հունիսի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր նաեւ գործարարների նկատմամբ իշխանության ճնշումների մասին մեղադրանքներին. «Բոլորն ասում են, որ գործարարներին իշխանությունը ճնշում է, բայց ոչ ոք չի ասում, որ այդ նույն գործարարներին ՀՀ վարչապետը հրավիրել է ու ասել. «Հարգելի՛ գործարարներ, ես չգիտեմ, թե դուք ամիսը քանի անգամ, ինչ ճամպրուկներով, ինչ եք բերել Բաղրամյան 26, այս պահից դուք ազատված եք բոլոր այդպիսի պարտականություններից: Հարցրել եմ՝ եղել է նման բան, ասել են՝ եղել է: Ես ասել եմ` դուք ազատված եք այդ պարտավորությունից»:

«Ժողովուրդ» օրաթերթը Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե արդյոք նա հանձնարարական է տվել ՀՔԾ պետին զբաղվել իր այս հայտարարությամբ, մասնավորապես թե ովքեր են եղել այն գործարարնները, որոնք Սերժ Սարգսյանին նալոգ են տվել, ի պատասխան` վարչապետն ասաց. «Գիտեք, ես չեմ կարծում, թե պետք է մեկ հարցով զբաղվի, հատուկ քննչական ծառայությունը բոլոր հարցերով պետք է զբաղվի»: Մեր այն պնդմանը, իսկ կոնկրետ այս հարցով պետք է զբաղվի, վարչապետը չպատասխանեց:

Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՔԾ գործունեության մասին զրուցեց Հատուկ քննչական ծառայության նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանի հետ:

-Պարոն Խաչատրյան, նախ ցանկանում ենք իմանալ` ըստ Ձեզ, ո՞ր արժանիքի համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ձեզ նշանակեց Հատուկ քննչական ծառայության պետ:

-Կարծում եմ, որ այն հետագիծը, որ թողել եմ իրավապահ մարմիններում աշխատելու ժամանակահատվածում, ձեր հարցի պատասխանն է:

-ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը կոչված է քննելու պաշտոնյաներին առնչվող քրեական գործերը:

-Ոչ միայն, ոչ միայն, նաեւ հատուկ սուբյեկտների հետ կապված:

-Շատ բարի, բայց փորձը, ինչպես նաեւ տարիների ընթացքում քննված քրեական գործերի ընթացքը ցույց են տվել, որ մինչ այս որեւէ բարձրաստիճան պաշտոնիայի պատասխանատվության չեն կանչել: Հիմա, օրինակ, Դուք կկարողանա՞ք պատասանատվության կանչել ՀՀ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, շարունակեմ թվել, մասնավորապես երեք քրեական գործ կա Հատուկ քննչական ծառայությունում քննության փուլում, որտեղ բոլորին հայտնի է, որ հիմնական հրահանգողը եղել է ՀՀ նախկին փոխոստիկանապետ, Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանը:

-Ուրեմն այս պահին ես անձերին չեմ ցանկանում անդրադառնալ, բայց հավատացած եղեք` որեւէ կաշկանդվածություն որեւէ անձի հետ կապված չկա:

– «Սասնա Ծռերի» գործով կալանքի տակ հայտնված Արթուր Սարգսյանը, որը հանրությանը առավել հայտնի էր Հաց բերող անունով, իրավապահների թեթեւ ձեռքով մահացավ, Դուք` որպես նորանշանակ ՀՔԾ պետ, պատրաստվու՞մ եք պատասախանատվության կանչել այն դատախազերին, քննչներին, որոնք նրա մահվան պատճառը դարձան:

-Եկեք, նախաքննությունը թող իր հունով ընթանա, հա՞, Հաց բերողի գործով զարգացումներ կլինեն, դուք բոլոր զարգացումներից տեղյակ կլինեք:

-Ի վերջո, քիչ առաջ նաեւ ՀՀ վարչապետից հետաքրքրվեցինք, իր հայտարարության մասին Ձեզ հանձնարարական տվել է: Վարչապետը ասել էր. «Բոլորն ասում են, որ գործարարներին իշխանությունը ճնշում է, բայց ոչ ոք չի ասում, որ այդ նույն գործարարներին ՀՀ վարչապետը հրավիրել է ու ասել. «Հարգելի գործարարներ, ես չգիտեմ, թե դուք ամիսը քանի անգամ, ինչ ճամպրուկներով, ինչ եք բերել Բաղրամյան 26, այս պահից դուք ազատված եք բոլոր այդպիսի պարտականություններից: Հարցրել եմ՝ եղել է նման բան, ասել են` եղել է: Ես ասել եմ` դուք ազատված եք այդ պարտավորությունից»: Վարչապետի այս հայտարարությունը հաղորդում է հանցագործության մասին, դուք պատրաստվո՞ւմ եք գնալ վարչապետի հայտարարության հետքերով:

-Ես դա չմեկնաբանեմ, հա՞, հիմա:

-Ինչո՞ւ, ինչո՞վ է պայմանավորված:

– Պարզապես հիմա չմեկնաբանեմ, հա՞:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache