good-banner
Լրահոս

«Հոդվածներ զենքի դիմաց» նոր գործարքը

 

arm146450742598

lragir.am-ը գրում է. Քառօրյա պատերազմի ընթացքում ռուսական զենքից, միգուցե նաև համատեղ մշակված ադրբեջանա-ռուսական ռազմական պլանի իրականացումից բազմաթիվ հայ զինվորականներ ու խաղաղ բնակիչներ զոհվեցին։
Դրան հաջորդեց հայաստանցիների հասցեին ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի վիրավորանքը, հետո` ռուսական եվրասիական ակումբի գծով գործընկերներ Նազարբաևի ու Լուկաշենկոյի աջակցությունը Ադրբեջանին…
Դա մեծ ցնցում պատճառեց հայ հանրության ահռելի հատվածին, որն ապրում էր ռուսական փրկարար առաքելության պատրանքներով, շատերը սկսեցին համարժեք գնահատել իրականությունը։
Հայերի համակրանքը նորից շահելու համար Ռուսաստանը կարող էր արագացնել 200 մլն դոլարի դիմաց գնված զենքի առաքումը Հայաստան, բայց կարիք կա՞ դրանով անհանգստացնել Ադրբեջանին, եթե Երևանում կա «Գրիբոյեդով» ակումբ, և Հայաստանում գտնվում են մարդիկ, որոնք ռուսական վնասարարության ամենաթունդ պահին պատրաստ են մեղքը բարդել հայերի վրա, հոդվածներ գրել ռուսաֆոբիայի մասին։ Իսկական «հոդվածներ զենքի փոխարեն» գործարք։
hetq.am-ը սկսել է հրապարակել Վահան Իշխանյանի «Ռուսաֆոբիայի վերածնունդը. արմատներ և վտանգներ» հոդվածաշարը, որտեղ ռուսատյաց տրամադրությունների արծարծման համար մեղադրվում է Լեոն, իսկ նրա «Անցյալից» և «Ռուսահայ հեղափոխության գաղափարաբանություն» աշխատությունները համարվում են «ռուսաֆոբների գլխավոր քարոզչական զենքերը»։
Իհարկե, լավ չէ, որ ով ասես մեծ պատմաբանին մեղադրի, թե գործել է սովետական ժամանակի «կոնյունկտուրային համապատասխան»՝ Լեոյի այդ երկու գիրքն արգելված էին ՍՍՀՄ-ում, բայց կա մեր պատմության մեջ Ռուսաստանի բացասական դերի մասին ավելի հայտնի գիրք` Վահան Իշխանյանի հոր` լեզվաբան Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառման օրենքը»։
Այն որպես հոդված նախապես լույս է տեսել մամուլում, Արցախյան շարժման օրերին և դարձել Մոսկվայի հանդեպ վախը, ստրկամտությունը հաղթահարելու կարևոր տեսական նյութերից մեկը։ Ռաֆայել Իշխանյանի հոդվածի ուղերձը մեծ տերությունների ազդեցությունը մերժելն է, բայց քանի որ դրանցից Ռուսաստանն է ամենաշատը ազդել Հայաստանի ճակատագրի վրա վերջին 200 տարում, նրա բերած օրինակների մեծ մասն էլ հայ-ռուսական հարաբերություններից են` Ռուսաստանն է «գլխավոր երրորդ ուժը». Ահա «ռուսաֆոբիական» մի ծաղկաքաղ «Երրորդ ուժի բացառման օրենքը» հոդվածից։
«Ռուսական պետությունն ուներ իր շահերը, իր նվաճողական ծրագրերը։ Այն ժամանակ Հարավային Կովկասի ու Հայաստանի հերթը դեռ չէր հասել և Օրիի ասածով չէ, որ Ռուսաստանն իր ծրագրերը պետք է փոխեր։ Իսրայել Օրիի ամբողջ գործունեության արդյունքն այն եղավ, որ նա իր երկու զավակներին տարավ Պետերբուրգ, ռուսական կրթության տվեց, և այդպես նրանք ռուսացան»։
«Կարդացել եմ, որ Պետրոս Առաջինի քաղաքական կտակում կա այսպիսի միտք` հայերին պետք է ոչնչացնել մահմեդականների միջոցով։ Արդյո՞ք Իսրայել Օրին չի ներշնչել ռուս կայսրին այս միտքը, հայոց թագավորության վերականգնման մասին խոսելով, պարզ է, որ աշխարհի նվաճումն սկսած Ռուսաստանին բնավ պետք չէր իր ճանապարհին ունենալ ինչ-որ խանգարիչ հայոց թագավորություն։ Նա Արևելքը իր համար էր նվաճում և ոչ թե հայերի կամ մեկ ուրիշի։ Այսպես սկսվեց հայերի ռուսական կողմնորոշումը, ավելի ստույգ՝ հայերի քաղաքական կյանքում Ռուսաստանը իբրև գլխավոր երրորդ ուժ ճանաչելը»։
«Ներսեսը (Աշտարակեցին – խմբ.) սկզբում այնքան միամիտ էր, որ հույս ուներ, թե Ռուսաստանը պետք է վերականգնի հայոց պետականությունը։ Այդ հույսն ունեին շատ հայեր, նաև՝ Խ. Աբովյանը։ Ռուսաստանը Երևանը գրավելուց հետո ձևի համար ստեղծեց Հայկական մարզ, հետո մի երկու տարուց վերացրեց, Ներսեսին աքսորեց… Իսկ Երևանը նվաճած Պասկևիչը ռուսաց թագավորին նամակով բացատրում էր, թե ինչպես պետք է խեղճացնել հայերին»։
«Նախքան այդ՝ 1915 թ. ռուսական բանակի և հայ կամավորական գնդերի աչքի առաջ արևմտահայությունը մորթվեց։ Մեկ-երկու քուրդ հայկական մի ամբողջ գյուղ էին կոտորում։ Ռուսական հզոր բանակը և զինավառ հայ կամավորները ռուսական քայլերգեր էին երգում ու խորոված էին անուշ անում և մատը մատին չխփեցին բռնաբարվող ու մորթվող հայությունը փրկելու համար։ Ո՞ւր էիք, հայ ֆիդայիներ, ո՞ւր էիր, քաջ Անդրանիկ, ո՞ւր էիք հերոս կամավորներ։ Այդ կողմերում թուրքական բանակ չկար, 1914-ի դեկտեմբերին Սարիղամիշի մոտ ջախջախված էր, եթե հայ զորագնդերը գնային հայերին օգնելու, շատ շատերը կփրկվեին։ Տեղից չշարժվեցին, քանի որ առանց երրորդ ուժի, այսինքն ռուսական բանակի, իրենց չէին պատկերացնում։ Իսկ ցարական բանակը սպասում էր, որ Հայաստանը դառնա առանց հայերի, ինչպես և ծրագրել էին»։
«Քեմալը, Հայաստանի կողմից արձագանք չգտնելով, դաշնակցեց բոլշևիկյան Ռուսաստանի հետ, և այդ երկուսը Հայաստանը իրար մեջ բաժանեցին, Հայաստանի հանրապետությունը մեռավ»։
«Մեր պատմաբանները, կոմունիստ և ոչ կոմունիստ քաղաքական գործիչները հայ ժողովրդին անընդհատ ներշնչել են, որ նա առանց Ռուսաստանի ապրել չի կարող, որ Ռուսաստանը հայերի փրկիչն է ու նման բաներ»։
«…անընդհատ մեզ ներշնչել են, որ առանց երրորդ ուժի գոյություն ունենալ չենք կարող, պետք է լիովին ապավինենք այդ երրորդ ուժին։ Սա խորացրեց 600 տարի, գուցե 900 տարի (Անիի անկումից հաշված) առանց պետականության մնացած հայերի ձեռք բերած ստրկամտությունը։ Այնքան խորացրեց, որ հայերի ինքնառուսացումը սարսափելի չափերի հասավ. Հայաստանի մտավորականության մեծ մասն այսօր ռուսագիր և ռուսախոս է, տասնյակ հազարավոր հայ ընտանիքներ, Հայաստանում ապրելով, ռուսերեն են խոսում, Հայաստանում ռուսական դպրոց հաճախող հայ երեխաների թիվը մոտենում է 100 հազարի»։
«Այդ մենք ենք հնարել, թե ռուսները մեզ փրկել են։ Ռուսները երբ լսում են այդ բանը, զարմանում են. «Մենք ե՞րբ ենք ձեզ փրկել, ինչո՞ւ պետք է փրկեինք»։
«Որքան մենք շատ ճորտանանք Ռուսաստանին, այնքան նա մեզ չի հարգի։ Երբ չճորտանանք, մեզ կհարգի»։
«Կրկնեմ, որ Ռուսաստանը երբեք միտք չի ունեցել և այսօր էլ միտք չունի հայերին վերադարձնել նրանց պատմական հողերը»։
«300 տարի է Ռուսաստանի ղեկավարները մեզ ասում են՝ «Հայեր, ձեր և մահմեդականների վեճերի ժամանակ մենք ձեզ չենք պաշտպանելու» և գործնականորեն էլ ապացուցում են իրենց այդ դիրքը»։
«Ադրբեջանցիներն էլ չեն կաշառել Կրեմլին, հանգիստ եղեք, Կրեմլն իր գիծն ունի, և դա բնավ հայերին հատկապես պաշտպանող գիծ չէ»։
«Երբ Նիկոլայ Ռիժկովը Հայաստանում էր, հանդիպեց հայ մտավորականության հետ։ Զ. Բալայանը ելույթ ունեցավ և կրկնեց նույն հին երգը՝ մահմեդականները, ադրբեջանցիները, թուրքերը շատ վատն են, մենք հայերս շատ լավն ենք, մեզ պաշտպանեք։ Պարոն Ռիժկովը սաստեց նրան. «Վերջացրեք, դուք չէ, որ մեզ պետք է սովորեցնեք, թե մենք ինչպես պետք է շարժվենք, կամ՝ ով է լավ, ով՝ վատ։ Մենք մեր անելիքը լավ գիտենք»։
«Ինձ հարց եմ տալիս նաև. իսկ եթե առաջիկայում իրադրությունն այնպիսին դառնա, որ Ռուսաստանն իր զորքերը հանի Հարավային Կովկասից, մենք մահմեդականներով շրջապատված և միշտ երրորդ ուժին ապավինած, ի՞նչ վիճակ ենք ապրելու»։
Ռաֆայել Իշխանյանի հոդվածը գրվել է, երբ Հայաստանը ՍՍՀՄ կազմում էր։ Կպատկերացնե՞ր վաստակավոր հայագետը, որ այն իր հրատապությունը չի կորցնի անկախությունից 25 տարի անց։

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing