Լրահոս

Հովիկ Աբրահամյանը օրինակ է վերցրել Սերժ Սարգսյանից

 

Հայկական Ժամանակ թերթը գրում է, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը թույլ չի տալիս իր առանձնատան դիմաց գտնվող, Ազատության պողոտային հարող տարածքում տուն կառուցել, որովհետեւ դա կփակի Աբրահամյանի տեսադաշտը՝ դեպի Ազատության պողոտա եւ Հաղթանակ զբոսայգի:
Հովիկ Աբրահամյանն ԱԺ պատկերով ու նմանությամբ տուն կառուցեց Հաղթանակ զբոսայգու դիմացի հատվածում, երբ զբաղեցնում էր ԱԺ նախագահի պաշտոնը: Ըստ երեւույթին, այդ ժամանակ արդեն Աբրահամյանը կորցրել էր հույսը, թե երբեւէ կդառնա վարչապետ, այլապես գուցե տուն կառուցեր կառավարության շենքի պատկերով ու նմանությամբ: Կամ էլ Աբրահամյանը Հայաստանի չորրորդ նախագահի հեռանկարը պատկերացնում էր արդեն առանց վարչապետությամբ անցնելու, միանգամից ԱԺ նախագահի պաշտոնից:
Թե ինչ եղավ հետո, հայտնի է բոլորին: Հայտնի է նաեւ, որ Ազատության պողոտայի այդ հատվածում դղյակ ունի ոչ միայն Հովիկ Աբրահամյանը: Ի դեպ, Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպումից հայտնի դարձավ, որ, հանդիպման մասնակիցների խոսքով, Սերժ Սարգսյանը զզվում է դղյակներից:
Երեւի դղյակներից սկսել է զզվել նաեւ Հովիկ Աբրահամյանը, այդ իսկ պատճառով էլ թույլ չի տալիս, որ Ազատության պողոտայի եւ իր դղյակի արանքում հայտնվեն նոր դղյակներ կամ դղյականման նոր կառույցներ: Չի բացառվում, որ Աբրահամյանը սկսել է մտածել, թե քաղաքականության մեջ խելք պետք չէ՝ պետք է ուղղակի զզվել դղյակներից, ինչպես Սերժ Սարգսյանը, նրա նման հաջողակ լինելու համար:
Բոլոր դեպքերում, կարելի է համարել հաջողություն, եթե Հովիկ Աբրահամյանը մինչեւ վերջ շարունակի թույլ չտալ շինարարություն իրականացնել իր դղյակի եւ Ազատության պողոտայի միջեւ ընկած հատվածում: Հաղթանակ զբոսայգու դիմաց, Ազատության պողոտային հարող այդ հատվածը նախկինում ծառաշատ տարածք էր, որը սակայն տարիներ առաջ պարզապես անդամահատվեց դղյակների համար:
Ծառերի փոխարեն այդ տարածքը սկսեց բետոնապատվել, պարսպապատվել, հառնեցին Հովիկ Աբրահամյանի եւ այլոց՝ պատգամավորների, գեներալների դղյակներ: Տարոն Մարգարյանն էլ հանուն այդ դղյակների «անթափանցության» ապահովեց Ազատության պողոտայի մայթեզրի պարսպի բարձրացումը, որ հանկարծ շարքային մահկանացուները այդտեղով զբոսնելիս չհամարձակվեն հայացք նետել այդ դղյակների կողմը:
Շարքային քաղաքացիների եւ քաղաքի այդ հատվածի հետ հարցերը լուծելուց հետո փաստորեն «էլիտան» սկսել է արդեն հարցեր լուծել միմյանց հետ, եւ դա չարյաց փոքրագույնը կլինի, եթե Հովիկ Աբրահամյանն օրինակ հանուն իր տեսադաշտը փրկելու «փրկի» նաեւ Ազատության պողոտայի մնացած հատվածը:
Երեւանի այդ փոքր հատվածում տեղի ունեցողն իհարկե կարող է համարվել Հայաստանի իշխանության համակարգում առկա գործընթացների որոշակի մանրակերտ, երբ հետեւողականորեն չեզոքացնելով հանրային այսպես ասած դիմադրությունը, խորքային մակարդակում «էլիտան» մեն մենակ մնաց ինքն իր դեմ եւ սկսեց «փակել» ինքն իր տեսադաշտը:
Այժմ գործնականում պայքար է տեսադաշտը բացելու համար: Բայց իհարկե անգամ դա ոչ թե «պատշգամբում» նստելու եւ տեսարանով զմայլվելու համար, այլ ընդամենը տեսնելու, թե որտեղից ու երբ է գալիս ավելի խոշոր վտանգը:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing