Լրահոս

Հովիկ Աբրահամյանը վերադառնում է. Առաջացել է նրա կարիքը

 

Մամուլը նկատել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը եւ լուսանկարները, որտեղ նա խոսում է Արտաշատում իր ընտանիքի անձնական միջոցներով ասֆալտապատում անելու մասին. «Ես խոստացել էի, որ չեմ հեռանում Արտաշատից և շարունակելու եմ ընտանիքիս անձնական միջոցներով բարեկարգել և ավելի հարմարավետ դարձնել մեր մարզկենտրոնը…», գրում է Արտաշատի նախկին քաղաքապետը, ով այդ պաշտոնը թողեց Ծառուկյան դաշինքով պատգամավոր դառնալու համար:
Մի քանի շաբաթ առաջ էլ Արգամ Աբրահամյանը հայտարարել էր, որ իր հայրը՝ նախկին վարչապետ ու նախկին ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանը, կայացրել է քաղաքապետի սեփական թեկնածու առաջադրելու որոշում: Թե ով է լինելու թեկնածուն, Արգամ Աբրահամյանը չէր նշել, սակայն ասել էր, որ ազգակցական շրջանակում որոշումը կայացված է:
Դա նշանակում է, որ Հովիկ Աբրահամյանը ձեռնոց է նետում ՀՀԿ-ին: Թեեւ այստեղ իհարկե ձեռնոցի պահը կարող է լինել խիստ հարաբերական:
Արտաշատի քաղաքապետի ընտրությունը հավանաբար տեղի կունենա աշնանը: Ընդ որում, այն կարող էր լինել նաեւ հունիսին, սակայն իշխանությունը չդրսեւորեց առանձնակի փութաջանություն, եւ հայտարարվեց, որ պարզապես չեն հասցնի լիարժեք կազմակերպել ընթացակարգերը:
Իշխանությունը «չհասցրեց», որովհետեւ Հովիկ Աբրահամյա՞նը պատրաստ չէր, թե՞ որովհետեւ ինքը պատրաստ չէր Հովիկ Աբրահամյանին հեռացնել Արտաշատից:
Թերեւս համարժեքության խնդիր կարող է լինել տեսակետի պարագայում, թե իշխանությունը պատրաստ չէր հեռացնել Աբրահամյանին Արտաշատից: Վարչապետի պաշտոնից հեռացնել պատրաստ էր, ՀՀԿ-ից հեռացնել պատրաստ էր, իսկ Արտաշատից՝ ո՞չ: Իհարկե, Աբրահամյանը այնտեղ կարող է ունենալ վարկանիշ, լծակներ: Սակայն եթե իշխանությունը կարող էր 2015 թվականին հեռացնել ոչիշխանական բեւեռն ու դրա առաջնորդ Ծառուկյանին, ապա Աբրահամյանի արտաշատյան ոչիշխանական թեւերը կտրելը Սերժ Սարգսյանի համար կլիներ միանգամայն լուծելի խնդիր:
Ըստ այդմ, Սերժ Սարգսյանն առնվազն դեմ չէ, որ Արտաշատի քաղաքապետի ընտրությանը Հովիկ Աբրահամյանն առաջադրի իր թեկնածուին ու լինի մրցունակ: Դա նվազագույնը, որովհետեւ քիչ հավանական չէ եւ այն, որ Սերժ Սարգսյանը դեմ չէ անգամ Հովիկ Աբրահամյանի արտաշատյան հաղթանակին:
Հավանաբար դրա համար էլ Արտաշատի ընտրությունը «չհասցրին» հունիսին, որ Աբրահամյանները հասցնեն բավականաչափ ասֆալտել Արտաշատը՝ ընտրությանն ընդառաջ:
Բազմազանությունը՝ քաղաքական սուբյեկտների, համակարգային տարրերի, Սերժ Սարգսյանի «հավատամքն» է: Արտաշատը թողնելով Հովիկ Աբրահամյանին, Սերժ Սարգսյանը գործնականում կարող է լուծել մի քանի հարց՝ նախ Աբրահամյանին տրամադրել իր հետ գործակցության եւ այսպես ասած գցել պարտքի տակ: Բացի այդ, Սերժ Սարգսյանն Աբրահամյանի հաղթանակով «կբարդույթավորի» վարչապետ Կարեն Կարապետյանին, նաեւ ընդդիմություններ Ծառուկյանին ու ԵԼՔ-ին:
Այդ տեսանկյունից հետաքրքիր է, ԵԼՔ-ը օրինակ կգնա՞ Արտաշատի մրցությանը, թե ոչ: Չէ՞ որ դաշինքն էլ ունի Արարատի մարզում որոշակի խարիզմա ունեցող գործիչ՝ Արամ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանը նախագահության տասը տարին անցկացրեց գործնականում «բազմազանության», հակասություններ ստեղծելու եւ դրանց վրա թագավորելու շնորհիվ: 2008-ին ստանձնելով նախագահի պաշտոնը, նա փորձեց բլից-կրիգով կառուցել իշխանական մոնոլիտ, սակայն չստացվեց միանգամից եւ ամբողջությամբ վերցնել իշխանության հսկիչ փաթեթը Քոչարյանից: Հսկիչ փաթեթ ոչ ոք չունեցավ, իսկ Սերժ Սարգսյանն էլ կարողացավ նախագահի պաշտոնը պահել միայն «բազմազանության» եւ դրա վրա հիմնված կառավարման շնորհիվ, միմյանց հակադրելով տարբեր թեւեր ու շահեր եւ թույլ չտալով, որ նրանք միավորվեն եւ ձեւավորեն իր հսկողությունից դուրս որեւէ հսկիչ փաթեթ:
Նախագահության ժամկետի ավարտին Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ փորձեց գնալ «բլից-կրիգի» եւ վերցնել փաթեթը իր ձեռքը, ամբողջությամբ: Գրեթե ստացվում էր՝ ոչիշխանական բեվեռը ջախջախվեց, Եվրասիական շրջադարձից հետո ԵՄ հետ հարաբերությունը որոշակի վերականգնվեց, ապրիլի պատերազմին դիմացավ, հուլիսի ճգնաժամը հնարավորինս առանց աղետալի բախման հաղթահարեց, բայց կարծես թե անհաղթահարելի է երկու հանգամանք՝ ֆինանսական բազայի խնդիրն ու միջազգային լեգիտիմությունը:
Դրանք չեն տալիս իրավիճակի վերահսկողության հնարավորություն, եւ Սերժ Սարգսյանի սցենարային պլանները դառնում են զգալիորեն անաշխատունակ եւ ռիսկային: Պատահական չէ, որ նա վերստին գնում է բազմազանեցման, ստեղծելով նաեւ Հովիկ Աբրահամյանի ներգրավման նախադրյալ:
Սերժ Սարգսյանը հույսի ունի ազդեցությունը հերթական անգամ պահել ներքին բաժանարար գծերի եւ հակասությունների գեներացման ճանապարհով: Այդ ճանապարհը անցնող տասնամյակում արդեն մի քանի անգամ Հայաստանը հասցրել է չափազանց ռիսկային վիճակների:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing