Հովիկ Աբրահամյանի և ՀՀԿ «զենքի» ձայնը. ինչ արժե ներողությունը

165

1in.am — ԱԺ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նախօրեին ԱԺ հայտարարությունների ժամին ներողություն է խնդրել հայ ժողովրդից, նախորդ տարիներին իրենց չարածների համար, նոր իշխանությանը մաղթելով, որ անեն ժողովրդի համար այն, ինչ չի արել նախորդ իշխանությունը: Բացառիկ դեպք է, երբ նախորդ իշխանության ներկայացուցիչը ներողություն է խնդրում հանրությունից: Սակայն շատ էական է, թե ինչի համար, ինչ բովանդակությամբ: Շարմազանովը ներողություն է խնդրում չարածի համար և մաղթում, որ նոր իշխանությունն անի:

Այստեղ արդեն ներողության քաղաքական էֆեկտը նվազում է, ներողությունը, որպես քաղաքական պատասխանատվության և մշակույթի դրսևորում, տարր, արժեզրկվում: Բացատրեմ, թե ինչու: Բանն այն է, որ հանրությունը նախորդ իշխանության հանդեպ լրջագույն դժգոհություն, քննադատություն է ցուցաբերել առավելապես ոչ թե չարածների, այլ արածների համար:

Բանն այն է, որ նախորդ իշխանության կառավարման հետևանքի մասով ավելի շատ արածներն են խնդիր առաջացրել, քան չարածները: Եթե օրինակ չձևավորվեին կոռուպցիոն սխեմաներ, ինչին ականատես եղանք ԱԱԾ գործունեության արդյունքում և ինչը ՀՀԿ-ականները խոստովանեցին իրենք:

Բանն այն է, որ Հայաստանում հյուսվել է կոռուպցիոն պայմանավորվածությունների և տրամաբանության վրա կառուցված այնպիսի ցանցային կառավարում՝ սերտաճած մինչև անգամ հասարակության խորքային շերտեր, որ այդ կառավարման պարագայում շատ դժվար էր անգամ կողմնորոշվել, թե ինչ է պետք անել իրավիճակը ավելի լավը դարձնելու համար: Այսինքն, գոյություն են ունեցել երկու զուգահեռ հայաստաններ՝ թղթային և իրական:

Իրական Հայաստանի մանրակերտը օրինակ սուպերմարկետների հետ նախկին պայմանավորվածությունն է, որը բնույթով հատուկ է գործնականում բոլոր ոլորտներին և բերել է հանրային ու պետական ռեսուրսների մսխման և գեներատիվ տնտեսական կարողությունների ոչնչացման: Այդ իրավիճակում չափազանց դժվար է կողմնորոշվել, թե ինչ էֆեկտ և դեֆեկտ ունի թղթային Հայաստանը, որովհետև այն չի գործել, այն առավելագույնը շատ, թե քիչ կիրառվել է ըստ կոռուպցիոն սխեմաների շուրջ ներհամակարգային համաձայնություններից բխող անհրաժեշտության, եթե եղել է էֆեկտիվության բարձրացման համար փաստաթղթային Հայաստանի կիրառման կարիք:

Հետևաբար, շատ դժվար է հասկանալ ու միարժեք գնահատել, թե օրինական, իրավական հասարակարգի պայմաններում ինչ խնդիրներ է պարունակում թղթային կարգը և ինչ փոփոխությունների անհրաժեշտություն կա դրա էֆեկտիվությունը բարձրացնելու, դրա շնորհիվ մրցունակությունը խթանելու համար:

Ըստ այդմ, Հայաստանի խնդիրը եղել է արածը, ոչ թե չարածը: Չարածի մասշտաբը հայտնի չէ, որովհետև դեռ ամբողջապես հայտնի չէ նույնիսկ արածի, պայմանավորվածությունների և կոռուպցիոն սխեմաների մասշտաբը: Այդ իրավիճակում, երբ փորձ է արվում ներողություն խնդրել չարածի համար, իրականում քողարկվում է արածն իր հետևանքով, որը 400 հազար արտագաղթն է, 30 տոկոս աղքատությունը:

Հետևաբար, եթե նախորդ իշխանության որևէ ներկայացուցիչ ցանկանում է իրապես կիրառել պատասխանատվության նոր մշակույթի տարր և ներողություն խնդրել ՀՀԿ կառավարման տարիների համար, ապա ներողությունը պետք է առնչվի ՀՀԿ արածներին, թե կուսակցության, թե առանձին անհատների մակարդակով, որովհետև Հայաստանը կրել է արածների հետևանքը: Թեև դրանց շարքում, իհարկե կան այնպիսիք, որ չեն կարող քողարկվել միայն ներողությամբ և այդտեղ վերջին խոսքը պետք է պատկանի իրավապահներին և դատարանին:

Հայաստանը կրել է արածների հետևանքը, ու թերևս շարունակում է, ինչի վկայությունը կուտակային կենսաթոշակային համակարգի խնդիրն է: Այդ խնդիրը, որ առաջ եկավ Տիգրան Սարգսյանի վարչապետությունից, ՀՀԿ ներսում դարձավ միջկուսակցական և ներիշխանական պայքարի զենքերից մեկը: Օգտագործելով «ԴԵՄ ԵՄ» շարժումը Հովիկ Աբրահամյանը ոչիշխանական ուժերի գլխավորությամբ 2014 թվականին հասավ Տիգրան Սարգսյանի հեռացմանն ու նրա փոխարեն նշանակվեց վարչապետ:

Դրանից հետո շարժումը մարեց, իսկ կուտակային համակարգը մասնավորների մասով հետաձգվեց մինչև 2018 թվական, երբ ակնկալվում էր այսպես ասած հետևում թողնել ընտրական 2017-2018 փուլն ու արդեն ավելի ամուր հիմքերով առաջ տանել հարցը, իսկ 2014 թվականից էլ այն պարտադիր կերպով կիրառվեց մոտ 200 հազար պետական ծառայողի հանդեպ: Այդպիսով, Հայաստանում ներդրվեց կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգ, սակայն ՀՀԿ-ին բնորոշ աղավաղված ու աղճատված տեսքով, որովհետև այդ ուժի մոտեցումներում գերական դարձյալ ներիշխանական շահն էր:

Աղճատված համակարգը ներկայումս փաստի առաջ է դրել նոր կառավարությանը, երբ չափազանց բարդ է թե առաջ գնալը, թե հետ գնալը: Այդ խնդիրը արդեն հասցրել է որոշակի աղմուկի պատճառ դառնալ քաղաքական իմաստով՝ բանավեճ վարչապետի ու ՀՅԴ-ական նախարարի միջև, սոցապ նախարար Մանե Թանդիլյանի հրաժարական թե նախարարությունից, թե կուսակցությունից: Այդ ամենն էլ իր հերթին տվել է նոր իշխանության քաղաքական հակառակորդներին կամ մրցակիցներին նրա վրա գրոհի առիթ, նրբորեն կամ ուղղակի:

Սակայն այդ ամենից վեր բուն խնդիրն այն է, որ կարևորագույն տնտեսական և նույնիսկ քաղաքական հարցում իր աղճատված, աղավաղված, ներիշխանական կոնյուկտուրայի համար 2014-ին նենգափոխված տեսքով կուտակային կենսաթոշակային համակարգի ապագան Հայաստանում իր գերկարևորությամբ հանդերձ հայտնվել է գերխճճված և հակասական մի իրավիճակում, փաստի առաջ դնելով թե պետությանը, թե հանրությանը, թե հանրային և սերունդների համերաշխության գաղափարը:

Դրանից հետո ՀՀԿ-ն ներողություն է խնդրում չարածի համար: Ամենևին, դատելով ՀՀԿ արածներից և հետևանքներից, հանրությունը չարածի համար պետք է շնորհակալություն հայտնի ՀՀԿ-ին, որովհետև պարզ չէ, թե էլ ինչ փաստերի առաջ կկանգներ պետությունը այլ արածների դեպքում:

Լուսանկարը՝ Photolure-ի



Загрузка...