Լրահոս

Հովիկ Աբրահամյանի քաղաքական առաջին հուժկու որոշումը

 

Կառավարության ղեկավարի պաշտոնից հրաժարականից, ՀՀԿ-ից հեռանալուց, բայց աշխույժ քաղաքականության մեջ մնալու հաստատակամության մասին հայտարարելուց հետո Հովիկ Աբրահամյանը փաստորեն պատրաստվում է առաջին քաղաքական գործողությանը եւ կայացրել է իր հեռանալուց հետո ձեւով առաջին քաղաքական որոշումը:
Այդ որոշման խոսնակը եղել է նրա որդին, որը հայտարարել է Արտաշատի քաղաքապետի թեկնածու առաջադրելու հայր Աբրահամյանի որոշման մասին: Թե ով է լինելու թեկնածուն, դեռ պարզ չէ, բայց, որ թեկնածու լինելու է, Արգամ Աբրահամյանը հավաստիացրել էր:
Իհարկե, այժմ ի հայտ է եկել նոր հանգամանք, եւ ԿԸՀ նախագահ Մուկուչյանը հավանական է համարել, որ «տեխնիկական» պատճառով ընտրությունը հետաձգվի նոյեմբեր: Բայց դա կարող է լինել նաեւ իշխանության արձագանքը Հովիկ Աբրահամյանի հետիշխանական առաջին քաղաքական որոշմանը:
Բայց որոշումն իհարկե ձեւով է քաղաքական: Բնույթով այն ապաքաղաքական է, նույնիսկ կիսաֆեոդալական: Արգամ Աբրահամյանը հայտարարել է, որ առաջադրվելու որոշումը կայացվել է ազգակցական շրջանակում: Ստացվում է, որ Հովիկ Աբրահամյանն աշխույժ քաղաքականության մեջ է մնալու ազգակցական ձեւաչափով: Դա մեղմ ասած քաղաքական ձեւաչափ չէ, թեեւ մյուս կողմից իհարկե անկեղծ ձեւաչափ է:
Վերջին հաշվով, Հայաստանում թե իշխանական, թե նաեւ ընդդիմադիր կուսակցությունների գերակշռող մեծամասնությունը իրականում «ազգակցա-կլանային» միավորներ են, ընդամենը կուսակցական ցուցանակների ներքո: Այդ իմաստով, Հովիկ Աբրահամյանը պարզապես անկեղծ է, առանց ցուցանակների:
Այդուհանդերձ, Աբրահամյանն իհարկե քաղաքական հնարավորություն կարող է փնտրել միայն բնույթով քաղաքական քայլի դեպքում: Հակառակ պարագայում, թեկուզ անկեղծ, ավելորդ ցուցանակներից զերծ, բայց մնալով Հայաստանի համար ավանդական «քաղաքական» հարաբերությունների տրամաբանության մեջ, նա կամա թե ակամա կարող է ընդամենը դառնալ ներհամակարգային հաշիվների պարզաբանման գործիքներից մեկը, թեկուզ իր հասանելիք շահաբաժնով:
Եթե Աբրահամյանի նպատակը դա է, ապա ամեն ինչ հասկանալի է: Եթե նրա նպատակը քաղաքականությունն է, ինչպես հայտարարել է պաշտոնը թողնելիս, առավել եւս հանրօգուտ քաղաքականությունը, ապա Հովիկ Աբրահամյանի հետիշխանական առաջին քաղաքական որոշումը պետք է լինի այլ՝ իրապես բնույթով քաղաքական: Դա կլինի ուժեղ որոշում, որը Աբրահամյանին կտա էական ռեաբիլիտացիայի հնարավորություն եւ կբերի իսկապես ուժեղ դիրքի:
Պետք է թողնել Արտաշատն իշխանությանը: Իրական իշխանությունն այլ տեղ է՝ հանրային գիտակցության մեջ եւ պահանջում է այլ բնույթի քայլ:
Առավել եւս, որ Հովիկ Աբրահամյանն ունի այդպիսի որոշման լավ ռեսուրս, բառի թե բուն, թե պատկերավոր իմաստով լավ դիրքում գտնվող ռեսուրս: Խոսքը Մոնումենտի նրա շքեղ առանձնատան մասին է, որը նրա վարչապետության ժամանակաշրջանում հատկապես դարձավ բուռն հանրային քննարկումների առարկա, Հովիկ Աբրահամյանին ուղղված արդարացիորեն սուր հարցերի առիթ:
Հովիկ Աբրահամյանը կարող է Մոնումենտի իր շքեղ առանձնատունը պարզապես հանձնել հասարակությանը, հանրային շահին, հանրօգուտ քաղաքականությանը: Աբրահամյանն անկասկած անտուն չի մնա, նա կարիքավոր չէ:
Առավել եւս, որ տունը կառուցված է ԱԺ պատկերով ու նմանությամբ: Այն կառուցվում էր, երբ Աբրահամյանը դարձել էր ԱԺ նախագահ:
Խորհրդարանի Բաղրամյան 19 շենքի համեմատաբար փոքր պատկեր այդ առանձնատունը Հովիկ Աբրահամյանը կարող է նվիրել հանրությանն ու հռչակել ժողովրդական խորհրդարան, որտեղ կձեւավորվի հանրային-պետական խնդիրներին ու մարտահրավերներին համարժեք օրակարգ, դրա շուրջ աշխույժ քննարկումներ, բանավեճեր, որտեղ կարող է ձեւավորվել նոր միտք, նոր դիսկուրս եւ ի վերջո նոր քաղաքական մշակույթ, համակարգ:
Դա կլինի Հովիկ Աբրահամյանի իսկապես հուժկու առաջին քաղաքական որոշումն ու քայլը, եւ դժվար է պատկերացնել, թե ինչով է դրան պատասխանելու իշխանությունը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing