Լրահոս

Հրամանատարն ասել ա՝ սպասի քեզ նենց տեղ կուղարկեմ, որ գնաս հետ չգաս. բանակում մահացած զինծառայողի մայր

 

sloyan

News.am – ԼՂՀ պաշտպանության բանակի հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ջոկի գնդացրորդ Թեմուր Սլոյանը մտերիմ հարաբերություններ է ունեցել ջոկի հրամանատար Կամո Հովհաննիսյանի հետ եւ չէր կարող սպանել նրան, այնուհետեւ ինքնասպան լինել: NEWS.am-ի հետ զրույցում Թեմուրի մայրը՝ տիկին Խանումը, պատմեց, որ Թեմուրը, երբ դեկտեմբերին բանակից արձակուրդ է եկել, պատմել է, որ բանակում մտերիմ է եղել նրա հետ, խնդիրներ չի ունեցել ծառայակիցների հետ, միակ խնդիրն այն է եղել, որ հրամանատարներըից մեկը մի անգամ սպառնացել է նրան:

«Վերջին անգամ, երբ օտպուսկ էր եկել, տրամադրություն չուներ, հարցրի՝ աֆիցեռներդ հո չեն նեղացնում, ասաց՝ մամ, մյուսներին հա, բայց ես թույլ չեմ տալիս: Հետո պատմեց, որ մի օր հրամանատարներից մեկը ոտքերով զինվորներից մեկի գլխին է խփել ու ասել՝ ոչ մեկ չմոտենա, ասում ա՝ իմ խղճին ազդեց, մոտեցա, ասի ինչ ես անում՝ սպանեցիր, հետո հրամանատարն ասել ա Թեմուրիս՝ սպասի քեզ նենց տեղ կուղարկեմ, որ գնաս հետ չգաս»,-պատմեց տիկին Խանումը:

Տիկին Խանումը նշեց, որ իր տղան ընդունակ չէր սպանել իր հրամանատարին, հետո էլ ինքնասպան լինել. «Էդ տղայի հարազատներն էլ ասել են, որ իրենց տղային վերադասերից մեկն ա սպանել, Թեմուրը տեսել է, իրեն էլ են սպանել: Իմ տղան ոչ մեկին սպանելու ընդունակ չէր, ոչ էլ ինքնասպան լինելու»,-ասաց նա:

Տիկին Խանումը նաեւ նշեց, որ դեպքից արդեն 5 ամիս է անցել, սակայն, նախաքննությամբ դեռ ոչ մի էական բան չի բացահայտվել եւ իրենց համար մութ է՝ իրականում ինչ է տեղի ունեցել. «Ես ամեն ինչ անելու եմ, որ այս գործը բացահայտվի, մեղավորները պատասխան տան, չեմ թողնելու, որ իմ տղայի արյունը գետնին թափված մնա»:

Նշենք, որ Թեմուր Սլոյանը Կոտայքի մարզի Պռոշյան համայնքից էր: Նա տան փոքրն էր, իրենից մեծ երեք քույր ուներ: Հայրն էլ տարիներ առաջ էր մահացել, Թեմուրն ապրում էր մոր հետ:

Նշենք, որ ըստ ՔԿ տարածած հաղորդագրության` նախնական տվյալներով՝ 2016 թվականի փետրվարի 19-ին՝ ժամը 06:50-ի սահմաններում, N զորամասի 3-րդ ջոկի գնդացրորդ, շարքային Թ.Սլոյանը, նույն զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի դիտակետի մոտ իրեն ամրակցված գնդացրից կրակել է նույն ջոկի հրամանատար, մարտական դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Կամո Հովհաննիսյանի դեմքի շրջանին։ Ստացած վնասվածքից Կ.Հովհաննիսյանը տեղում մահացել է, որից հետո շարքային Սլոյանը ինքն իրեն գլխի շրջանում պատճառել է հրազենային մահացու վիրավորում:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ մատնանշող բավարար տվյալներ՝ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, շարժառիթները պարզելու ուղղությամբ։

Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2016թ. փետրվարի 19-ին` ժամը 07:00-ի սահմաններում, ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետեւանքով հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1997թ. ծնված Կամո Արայի Հովհաննիսյանը եւ Թեմուր Շարիի Սլոյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:



Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am