Հրամանը տրված է. Ո՞ւմ առաջինը կզինաթափի Վովա Գասպարյանը

0

Իրավախախտումների կանխարգելման կարևորագույն գործոններից մեկը զենքի և զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարն է, երեկ Ոստիկանության կոլեգիայի նիստում ասել է Սերժ Սարգսյանը:Նա հիշեցրել է, որ «անկախության առաջին տարիներին զենքի և զինամթերքի անվերահսկելի մեծ շրջանառություն է եղել. ես նկատի ունեմ՝ սովետական բանակից Հայաստանի Հանրապետության փոխանցման ժամանակահատվածը, նաև նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության համար մղվող մարտերում ձեռք բերված ավարն ու ինչ-որ չափով նաև եղած զենքի անվերահսկելի շրջանառությունը»:

«Բայց արդեն անցել է 23-24 տարի, և մենք պարտավոր ենք այս հետևանքները վերացնել», — ասել է Սերժ Սարգսյանը:«Ապօրինի պահվող հրազենը և զինամթերքը պետք է արագ հայտնաբերվեն և առգրավվեն: Սա ընդունեք որպես առաջիկա ամիսներին ձեր գլխավոր խնդիրներից մեկը և իմ հանձնարարությունը: Բայց ասածս բնավ չի նշանակում, որ պետք է համատարած շուրջկալներ և խուզարկություններ կազմակերպել, խանգարել քաղաքացիների հանգիստը, խախտել նրանց իրավունքները: Այսպիսի դեպքերի համար խստորեն պատժամիջոցներ են կիրառվելու: Խոսքն օպերատիվ աշխատանքի ակտիվացման մասին է», ասել է Սերժ Սարգսյանը:

Ինչու՞ է որոշվել անօրինական պահվող զենքի դեմ պայքարել երկրում փաստացի իշխանափոխությունից մի քանի ամիս առաջ: Հաջորդ տարվա գարնանը Սերժ Սարգսյանը լքելու է նախագահական աթոռը, եւ ինչպես արդեն ակնարկում են, կարող է զբաղեցնել վարչապետի աթոռը:Այդ որոշումը, սակայն, Հայաստանի տարբեր շրջանակներում եւ Հայաստանի սահմաններից դուրս կարող է միանշանակ չընկալվել: Հայաստանում իշխանափոխությունը, ցավոք, հաճախ արյունահեղությամբ է ուղեկցվել, եւ ամենեւին էլ տարօրինակ չէ, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է ապահովագրվել նոր արյունալի միջադեպերից:

Սերժ Սարգսյանը ո՞ր շրջանակներից է դիմադրություն սպասում: Եթե դատենք «զենք հավաքելու» հրամանից, կարելի է ենթադրել, որ խոսքն առաջին հերթին խոշոր օլիգարխների մասին է, որոնց զինված թիկնազորների մասին լեգենդներ են պտտվում եւ որոնք «դիմադրության ներուժ» ունեն: Այդ բանակները կիրառվել են 2008 թվականի մարտի 1-ին, անգամ համապատասխան լուսանկարներ ու նյութեր կան:Օլիգարխները կարող են ինչպես «ինքնագլուխ» գործել, այնպես էլ գործիք դառնալ շահագրգիռ արտաքին ուժերի ձեռքին: Սերժ Սարգսյանը փաստորեն հնարավոր մրցակիցներին «զինաթափելու» թույլտվություն է տալիս:

Ինչպե՞ս է Վովա Գասպարյանը կատարելու Սարգսյանի հրամանը: Օլիգարխներից առաջինն ու՞մ կզինաթափեն:

Չնայած պայքարի արմատական մեթոդների եւ ինքնազոհողության պատրաստ մարդկանցից շատերը ճաղերի հետեւում են, ակնհայտ է, որ շատերն էլ, ովքեր պատրաստ են զենք վերցնելու, ազատության մեջ են: Հարցն այն է, թե արդյոք զենք կիրառելու հրաման կլինի: Ավելի հեշտ է նախապես զրկել նրանց այդ հնարավորությունից:



Загрузка...