Լրահոս

Հրաժեշտի ա՞յց: Ինչու են թաքցրել Սերժ Սարգսյանի ելույթը

 

Սերժ Սարգսյանի կազմակերպած դիմադրությունը Եվրամիությանը
Կարեւոր չէ, թե ով է լինելու վարչապետը, պետության ղեկավարը լինելու է Սերժ Սարգսյանը: Դրանք Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանի խոսքերն են, որ հնչում են վերջին օրերին մի քանի անգամ: Հնարավոր կլիներ այդ հավաստիացումը վերագրել Սահակյանի պատկառելի տարիքին, եթե խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում գրեթե նույն բանը՝ տարբեր ձեւակերպումով, բայց նույն տրամաբանությամբ, չարտահայտեին նաեւ անհամեմատ ավելի երիտասարդ ՀՀԿ-ականներ:
Այդպիսով, ի՞նչ են հայտարարում նրանք: Նրանք հայտարարում են, որ բացարձակապես կարեւոր չէ, թե ինչ է գրված Հայաստանի Սահմանադրությունում, որ, օրինակ պետության Առաջին դեմքը լինելու է վարչապետը: Միեւնույն է, պետության «ղեկավարը» լինելու է Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականների այդ հայտարարությունների ներքո ուղեւորվեց Բրյուսել, որտեղ հունիսի 22-ին մասնակցել է ԵԺԿ ընդլայնված Վեհաժողովին: Դրան մասնակցել են նաեւ Եվրամիության ղեկավարներ Դոնալդ Տուսկն ու Ժան Կլոդ Յունկերը:
Դա այն Յունկերն է, որը տարեսկզբին Բրյուսելում Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից առաջ լրագրողներին հայտարարել էր՝ օրվա լավ մասն ավարտվեց, այժմ գնում եմ Ալիեւի հետ հանդիպման: Յունկերը պարզապես ծաղրել էր Ալիեւին:
Ինչու՞ են ծաղրում Ալիեւին: Որովհետեւ Ալիեւն Ադրբեջանում կերտել է խանական իշխանություն, հավերժական իշխանություն:
Փաստորեն, Գալուստ Սահակյանն ու մյուսները խոսում են Սերժ Սարգսյանի հավերժական իշխանության մասին: Ըստ ամենայնի, մոտենում է այն ժամանակը, երբ Սերժ Սարգսյանի Բրյուսել այցերից մեկի ժամանակ Ժան Կլոդ Յունկերը կարող է նույն բանը հայտարարել նրա մասով՝ օրվա լավ մասն ավարտվեց, այժմ գնում են Սերժ Սարգսյանի հետ հադիպմանը:
Թեեւ, Սերժ Սարգսյանն իհարկե Ալիեւից ավելի հեռատես է այդ հարցում: Նա պետության ղեկավար կմնա ոչ այն կարգավիճակով, որը կենթադրի այցեր Բրյուսել կամ որեւէ այլ մայրաքաղաք: Համենայն դեպս, Գալուստ Սահակյանն ու ՀՀԿ-ականները խոսում են հենց այդ տարբերակի մասին:
Այդուհանդերձ, նրանց խոսակցությունների ուղեկցությամբ Սարգսյանը հունիսի 22-ին Բրյուսելում էր: Նրան այնտեղ «ուղեկցում» էր նաեւ Հայաստանում օրերս ծագած աղմկոտ պատմությունը, հակադրությունը իշխանության եւ ԵՄ դեսպան Սվիտալսկու միջեւ, կամ ավելի շուտ իշխանության գրոհը ԵՄ դեսպանի դեմ, որը փաստորեն համարձակվել էր խորհուրդ տալ ընդլայնել սրբության սրբոց՝ ԿԸՀ կազմը:
ԿԸՀ-ն Հայաստանի իշխող համակարգի կնիքն է: Ի՞նչ է խորհուրդ տվել Սվիտալսկին: Սվիտալսկին փաստորեն խորհուրդ է տվել փոխել ձեռքը, որում իշխանության «կնիքն» է, այսինքն՝ փոխել ղեկավարին:
Ահա թե ինչու է ՀՀԿ-ն Սվիտալսկու հետ դիմակայությանը զուգահեռ պնդում նաեւ, թե կապ չունի վարչապետի ով լինելը՝ 2018-ից հետո ղեկավարը մնալու է Սերժ Սարգսյանը: Այդ հայտարարությունները գործնականում ներքին օգտագործման համար չեն, դրանք կազմում են Սվիտալսկու դեմ գրոհի մաս եւ արվել են Սարգսյանին Բրյուսել «ուղեկցելու» համար:
Առաջին հայացքից թվում է, որ այդպիսի հայտարարությունները պետք է լինեին Բրյուսել այցի ամենավատ «ուղեկիցը», քանի որ արմատապես հակասում են իրավական, սահմանադրական, ժողովրդավարական պետության սկզբունքին, եվրոպական կառավարման արժեհամակարգին: Սերժ Սարգսյանը չէր կարող չգիտակցել դա եւ չպատկերացնել, որ դրանք կարող են Բրյուսելում տալ տհաճ հարցերի առիթ: Հետեւաբար, կամ Սարգսյանը վստահ էր, որ ինքը Բրյուսելում չի լինի հետաքրքրության կենտրոնում եւ կան այլ հարցեր, կամ նրան հենց պետք էր այնտեղ լինել պետության «հավերժ» ղեկավարի մասին հայաստանյան հայտարարությունների ներքո:
Դա թերեւս Սերժ Սարգսյանի պատասխանն է Եվրամիության պնդմանը՝ որ նախագահի կարգավիճակից հետո վարչապետի պաշտոնում Սարգսյանի մնալն անընդունելի է: Սարգսյանն ի պատասխան փորձում է ցույց տալ, որ Հայաստանի իշխող համակարգի համար էլ անընդունելի է այլ «ղեկավար» ունենալը, եւ այդպիսին ճանաչելու են իրեն, ուզի Եվրամիությունը, թե ոչ:
Կառավարության ծրագրի քննարկմանը ընդդիմադիր պատգամավորներից մեկը հարցնում էր վարչապետ Կարեն Կարապետյանին, թե ինչու՞ նա մինչ այժմ չի այցելել որեւէ եվրոպական երկիր:
Սերժ Սարգսյանի Բրյուսել այցից հետո դրա մասին պատմող պաշտոնական տեղեկատվությունը շատ համեստ էր, չկար նույնիսկ Սարգսյանի ելույթը:
Արդյոք պատրաստվում է Կարեն Կարապետյանի որեւէ «անհամեստ» այց Եվրոպա:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing