Հրեաները, որոնք ընկերացան Թուրքիայի հետ և ցեղասպանության ժխտողներ դարձան

0

Իսրայելական Haaretz պարբերականն անդրադարձել է թուրքական իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ժխտման թեմային։ Պարբերականը հրապարակել է Լոնդոնի տնտեսության դպրոցի պատմաբան Մարկ Բայերի հոդվածը, որտեղ ասվում է, թե թուրքական իշխանություններին ցեղասպանության ժխտման մեջ օգնել են նաև հրեական համայնքի ղեկավարները՝ փորձելով պահպանել թուրքերի հավատարմությունը։

Հոդվածում նշվում է, որ 15-րդ դարի վերջին Օսմանյան կայսրությունն ընդունել է Իսպանիայից և Պորտուգալիայից վտարված հրեաներին: Երախտապարտ հրեաներն էլ օսմանյան սուլթանին իրենց փրկիչ են պատկերացրել։

«Օսմանյան հրեաները սկսեցին թուրքին որպես պաշտպան գովազդել: Դա տեղի ունեցավ հայերի առաջին կոտորածներին զուգահեռ: Իրենց համարելով սուլթանի հավատարիմ հպատակներ՝ օսմանյան հրեա առաջնորդները Սուլթան Աբդուլհամիդ 2-րդ կողքին կանգնեցին՝ ընդդեմ հայերի, որոնք դարձել էին նրանց ընդհանուր թշնամին»,- ասվում է հոդվածում:

Պատմաբանը նշում է, որ Հայոց ցեղասպանությունից հետո հրեական համայնքը վախ ու անհանգստություն զգաց, օսմանյան մամուլում հակահրեական արշավներ սկսվեցին, ջարդեր, իսկ 1980-ականներից պայթեցին ժողովարանները՝ կրոնական կառույցները: Նա գրում է, որ, չնայած դրան, հրեական առաջնորդները դեմ էին Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

«Հայոց ցեղասպանության ժխտմանն աջակցել է նաև Իսրայելի ղեկավարությունը. նախագահներ Շիմոն Պերեսը և Մոսե Կացավը, ինչպես նաև երկրի արտգործնախարարությունը, ամերիկյան գրեթե բոլոր խոշոր հրեական կազմակերպությունները, ինչպես նաև Օսմանյան կայսրության ամենաազդեցիկ հրեա պատմաբաններ Բեռնար Լյուիսը և Ստենֆորդ Շոուն»,- գրում է պատմաբանը։

Նա հավելում է, որ վերջին ժամանակներում հրեական համայնքներում և Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ վերաբերմունքը փոխվում է: Մասնավորապես՝ ԱՄՆ-ում հրեական խոշոր կազմակերպությունները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ ԱՄՆ Կոնգրեսի կողմից ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը ներկայացրել է հրեական ծագում ունեցող կոնգրեսական Ադամ Շիֆը

Նելլի Մելքոնյան


Բաժանորդագրվեք և ստացեքհրապարակումների ծանուցումները