Լրահոս

Հռոմի պապի պատգամն ու ապտակը Հայաստանին

 

dd520890b70ccbe4ac87abd59f26ec77

 hraparak.am-Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապն իր այցով Հայաստան ոչ միայն օրհնություն ու պատգամ բերեց հայ ժողովրդին, այլեւ ապտակ հասցրեց հայ իշխանավորին։ Առաջին ապտակը հասցվեց մինչ ժամանումը, երբ լուրեր տարածվեցին Պապի ցանկության մասին՝ «ինձ դիմավորողների մեջ բիզնեսմեններ չլինեն»։

Պապը թերեւս չգիտեր, որ Հայաստանում բիզնեսն ու քաղաքականությունը, բիզնեսն ու եկեղեցին այնքան են սերտաճել, որ ոչ բիզնեսմեն պաշտոնյա, բարձրաստիճան այր գտնելը գրեթե անհնարին է։ Օդանավակայան սրբազան քահանայապետին դիմավորելու գնացին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Հավանաբար ենթադրվել էր, որ եթե դիմավորողների մեջ չկան Սամվել Ալեքսանյանը, Գագիկ Ծառուկյանը եւ այլ ակնհայտ բիզնեսմեններ, ուրեմն պապի ցանկությունը կատարված է։ Հռոմի պապի հետ Հայաստան էր ժամանել նաեւ Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը։

Հռոմի պապի հաջորդ ապտակը նրա ռայդերների ցանկում չափազանց համեստ ավտոմեքենայի ներառումն էր։ Մինչ ժամանելը մենք տեղեկություն ստացանք, որ Պապը ցանկություն է հայտնել, որ իրեն եւ իր հետ ժամանողներին դիմավորեն ցածր դասի համեստ մեքենաներով։ Արդյունքում մեր չինովնիկները նախօրեին ոտ ու ձեռ էին ընկել՝ նման մեքենաներ գտնելու համար։ Պարզվել էր, որ Պապի «ճաշակի» մեքենաներ մեզանում օգտագործում են փոխնախարարները, վարչությունների պետերը։ Արդյունքում Պապին դիմավորեցին ֆրանսիական արտադրության բյուջետային Renault Logan-ով՝ B սեգմենտի ցածրակարգ, էժանագին սեդանով։ Ի դեպ, մեր տեղեկություններով, այս մեքենան տրամադրվել է Հայաստանում Renault-ի պաշտոնական ներկայացուցչի կողմից։ Մեքենայի մակնիշի եւ մոդելի ընտրությունը եւս բավականին հետաքրքիր տրամաբանություն ունի, թե ինչու հենց Renault Logan։ Բանն այն է, որ Հռոմի պապը որ երկիր մեկնում է, ընտրում է այնտեղի եվրոպական արտադրության ամենաէժան եւ ամենացածր դասի մեքենան։ Օրինակ՝ ԱՄՆ-ում նրան դիմավորել էին իտալական արտադրության Fiat 500-ով։ Հայաստանում քանի որ Fiat-ի ներկայացուցչություն չկա, հետեւաբար, ընտրվել է եվրոպական մակնիշներից ամենացածր դասի մեքենան, որն այս դեպքում ֆրանսիական Renault-ի Logan մոդելն է։

Ընտրված գույնն էլ խաղաղության խորհրդանիշ սպիտակն էր։ Հետաքրքիր նշանակություն ունի նաեւ Պապի մեքենային փակցվող պետհամարանիշը՝ SCV 1: Սա իտալերեն Status Civitatis Vaticanae կամ անգլերեն State of the City of Vatican արտահայտության հապավումն է, որը հայերեն նշանակում է Վատիկան քաղաքի նահանգ։ Ի դեպ, Հռոմի պապին սպասարկող մեքենաները տարիների ընթացքում գնալով համեստացել են։ Ժամանակին Պապին սպասարկել են տարատեսակ լիմուզիններ, այդ թվում՝ Mercedes S600 Pullman Landualet եւ տարատեսակ այլ շքեղ Mercedes-ներ։ 2012 թվականին Mercedes-Benz ընկերությունը Վատիկանին է նվիրել W163 թափքով Mercedes ML 430-ի բազայի վրա կառուցված պապոմոբիլ։ Ի դեպ, ժամանակին Հռոմի պապը հրաժարվել է այնպիսի շքեղ ամենագնացներից, ինչպիսին են BMW X5-ը եւ Volkswagen Touareg-ը։ Հռոմի պապի այս համեստ Renault Logan-ն առաջին իսկ րոպեներից անմիջապես գրավեց հայկական ԶԼՄ-ների ուշադրությունը՝ հատկապես նրան ուղեկցող հայերի շքեղ մեքենաների ֆոնին։ Անմիջապես կողք կողքի հայտնվեցին նրա սպիտակ, էժանագին Renault Logan-ն ու Ամենայն հայոց կաթողիկոսի սեւ, շքեղ Mercedes S-Class-ը։ Համեմատության համար նշենք, որ Հռոմի պապին սպասարկող ավտոմեքենայի արժեքը Renault-ի հայաստանյան ավտոսրահում 5 մլն. 800 հազար դրամ է։

Ընդ որում՝ եթե այն ոչ թոփային, այսպես ասած՝ full կոմպլեկտավորմամբ է։ Logan-ի ամենաթանկ մոդիֆիկացիան արժե 6 մլն. 500 հազար դրամ։ Իսկ Պապին սպասարկող Renault-ը Logan-ի ավելի հասարակ, միջին կոմպլեկտավորմամբ տարբերակն էր՝ 1.6 լիտր աշխատանքային ծավալով 82 ձ/ու հզորությամբ շարժիչով եւ մեխանիկական փոխանցումատուփով։ Վառելիքի ծախսը՝ ընդամենը 7.2 լիտր։ Այս մեքենայի սրահը, ի տարբերություն Գարեգին Բ-ին սպասարկող մեքենայի սրահի, նկատելիորեն նեղ է եւ անհարմարավետ։ Պապը, հաստատ, եթե հոգնած լիներ, չէր կարող անգամ ոտքերը մեկնել եւ ազատ նստել։ Գարեգին Բ-ին սպասարկող W 221 թափքով Mercedes S-Class-ը, հակառակը՝ ունի ընդարձակ ու հարմարավետ կաշեպատ սրահ՝ էլեկտրակառավարվող, անգամ մերսող եւ տաքացվող-հովացվող նստելատեղերով։ Այս մեքենայում բացառված է, որ ուղեւորները զգան հայաստանյան ճանապարհների խորդուբորդությունները։ Այս մեքենան մոտ 5 անգամ ավելի հզոր է, քան Պապի Renault-ը։ Մոտ հինգ անգամ էլ թանկ արժե եւ մոտ երեք անգամ ավելի շատ բենզին է ծախսում։ Բայց կաթողիկոսի S-Class-ը բավականին հին է՝ 2006-07 թթ․ արտադրության։ Հավանաբար, սա միակ զիջումն է եղել պապի համեստությանը։ Բայց մեր հոգեւոր առաջնորդի եւ Վատիկանից ժամանած բարի դեմքով համեստագույն հոգեւոր առաջնորդի միջեւ տարբերությունները միայն նրանց սպասարկած մեքենաներով չեն առարկայանում։ Առավել հետաքրքիր ու կարեւոր են ժողովրդի սերն ու կարծիքը իրենց հոգեւոր հովիվների նկատմամբ։

Այսօր մենք զերծ կմնանք այդ համեմատություններն անելուց։ Խոսքերն ավելորդ են, եւ օրը պատեհ չէ։ Ինչեւէ, Հռոմի պապի այցը, հիրավի, պատմական նշանակություն ունեցող իրադարձություն էր Հայաստանի համար։ Ի վերջո, եւս մեկ անգամ ողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացավ Հայաստանի վրա։ Նրա պատգամը, այն հույսը, որ նա իր հետ խաղաղություն է բերելու մեր երկրին, այն օրհնությունը, որ նա սփռելու է իր շուրթերով քրիստոնեությունն առաջինն ընդունած երկրի ու նրա ժողովրդի վրա, չափազանց կարեւոր են մեզ համար։ Բայց նրա փոքրիկ մեսիջները՝ մեքենայի եւ այլ «մանր» հարցերում, պակաս կարեւոր եւ ազդեցիկ չեն մեզ համար։ Հատկապես դրանցից դասեր պետք է քաղեն նրան դիմավորողները։ Ի վերջո, շքեղ մեքենաներով, իրենց պաշտոնական դիրքի բոլոր հնարավորություններն օգտագործելով, ժառանգների բարեկեցությունը ծոռնեծոռ ապահովելով, պետական բյուջեն սեփականից ավելի անփույթ օգտագործելով՝ ոչ երկրի վրա, ոչ երկնքում փառքի չես արժանանա։ Իրական փառքը ժողովրդի անկեղծ սիրն է եւ նվիրումը, որը լիուլի վայելում է Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապը։



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing