Լրահոս

Հրթիռները Գյումրիի բազայի վրայով. Հայաստանը պետք է շատ լուրջ մտածի

 

lragir.am -Արեւմտյան մի շարք երկրների գործողությունները կոպտորեն խախտում են ՄԱԿ-ի Կանոնադրությունը եւ միջազգային իրավունքի հիմնարար նորմերը եւ սկզբունքները, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները քննարկել են Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների կողմից Սիրիայի տարածքում հրթիռային հարվածների հետեւանքով ստեղծված իրավիճակը: Կողմերը կարծում են, որ կատարվածից հետո անհրաժեշտ է ակտիվացնել երկկողմ համագործակցությունը՝ ուղղված Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացի իրական առաջխաղացմանը, ասվում է հաղորդագրության մեջ:

Արեւմտյան կոալիցիայի հրթիռակոծումից հետո Սիրիայի կարգավորման եռյակ ֆորմատըը՝ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան տարբեր կերպ արձագանքեցին: Իրանը դատապարտեց, Թուրքիան աջակցություն հայտնեց, իսկ ռուսները՝ «ոչ ձուկ, ոչ միս», ինչպես հայտնի խոսքում:

Սիրիային արեւմտյան հարվածների պատճառը կամ առիթը քիմիական հարձակման մասին տեղեկություններն էին: Մոսկվան հայտարարել էր, որ հարվածի դեպքում խոցելու է ոչ միայն այդ հրթիռները, այլեւ դրանց կրիչները: Թրամփն ի պատասխան հայտարարել էր, թե պատրաստվեք, նոր ու գեղեցիկ հրթիռները գալիս են:

Հրթիռակոծությունից հետո ռուսները հայտարարեցին, թե դրանք չեն անցել իրենց ՀՕՊ պատասխանատվության գոտու տարածքով, այդպիսով թերեւս փորձելով պահել դեմքը, թե ինչու չեն հակահարված տվել:

Մյուս կողմից, Սիրիայի քիմիական զենքի խնդիրը նույնպես անմիջապես Ռուսաստանի «պատասխանատվության գոտում» է: Այն առումով, որ Ռուսաստանը տարիներ առաջ ստանձնել էր Սիրիայից քիմիական զենքի դուրսբերումը: Ներկայում ստացվում է, որ կամ այդ զենքը դուրս չի բերվել ամբողջովին, կամ կազմակերպվել է դրա արտադրությունը: Հասկանալի է, որ նման զենքի արտադրությունը Սիրիան չէր կարող ինքնուրույն իրականացնել:

Միջազգային արձագանքները տարբեր են, թե արդյոք կա քիմիական զենք ու այն կիրառվել է, սակայն միջազգային մեծ խաղում կարեւորն այն չէ՝ կա այդ զենքը, թե ոչ, կարեւորն այն է, թե ինչի համար են մեղադրում:

Սիրիայի քիմիական օբյեկտներին հասցվել են ճշգրիտ հարվածներ, այն աստիճան, որ զոհեր ու «հարակից» ավերածություններ չկան: Արեւմտյան կոալիցիան հայտարարում է, որ հարվածները հասել են նպատակին, ռուսական կողմը սակայն ասում է, որ այդ հարվածներն ընդամենը արեւմտյան լիդերների դեմքը պահելու համար էին:

Սակայն ապրիլի 14-ի հրթիռակոծությունից հետո նկատելի քաղաքական աշխույժ անցուդարձը հուշում է, որ հրթիռները «տեղ են հասել». այն մի կողմից ուղերձ էր ՌԴ-Իրան-Թուրքիա եռյակին, մյուս կողմից ստեղծում է լիովին նոր իրավիճակ ռեգիոնալ վերաձեւումների համատեքստում:

Ռուսաստանի պահվածքը Սիրիայում Հայաստանի համար իհարկե նորություն չէ, Մոսկվայում յուրահատուկ պատկերացումներ ունեն «դաշնակիցների» ու նրանց թիկունքում պայմանավորվածությունների հարցում: Ներկայիս բարդ ու վտանգավոր փուլում Հայաստանը պետք է շատ լուրջ մտածի:

Ռուսաստանն ու իր «դաշնակիցներին» ՀԱՊԿ միջոցով արդեն հակադրել է Արեւմուտքին, դատապարտելով Սիրիայի հրթիռակոծումը: ՀԱՊԿ-ը, կամ Ռուսաստանը, հիշեցնենք, բազմիցս հայտարարել է, որ Արցախն իր «պատասխանատվության գոտում» չէ:

Մյուս կողմից, Ռուսաստանը մեծացնում է իր ռազմական ներկայությունը Հայաստանում, ուժեղացնում Գյումրիի իր բազան եւ հայտարարում, որ կպաշտպանի իր դաշնակցին: Հայաստանը չպետք է բացառի, որ ինչ որ իրավիճակում ռուսները չեն հայտարարի, թե հրթիռներն անցել են ոչ Գյումրիի բազայի վրայով:

Սիրիայում, օրինակ, թուրքերը Ռուսաստանի օգնությամբ են լուծում իրենց հարցերը, լեգիտիմացնելով իրենց իրավունքը, միաժամանակ ապտակներ հասցնելով Ռուսաստանին: Ինչ ասես արժեր միայն Աֆրինը Սիրիայի կառավարությանը վերադարձնելու ռուսական կոչին Թուրքիայի արձագանքը:

Ռուսաստանը դատապարտում է Արեւմուտքի ցանկացած գործողություն Սիրիայում, բայց օգնում եւ արդարացնում թուրքական ներխուժումները:

 



Загрузка...

Հեղինակի մասին

Hing2