Լրահոս

Հուժկու հարված կոռուպցիային. Հայաստանի համաշխարհային ռեկորդը

 

arm147947719043

lragir.am — Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում փորձել է բացատրել ապօրինի հարստացման քրեականացման մասին օրինագիծը, որը մի քանի ժամ առաջ արժանացել էր կառավարության հավանությանն ու գնալու է ԱԺ քննարկման։
Այդ նախագիծը ենթադրում է քրեական պատասխանատվություն այն պաշտոնյաների, նաեւ նրանց կանանց համար, որոնց գույքի եւ եկամուտների հայտարարագրումը չի համապատասխանելու ստացած աշխատավարձին։ Խոսքն իհարկե 5 միլիոն դրամից բարձր շեմի մասին է։ Դրանից ցածրի պարագայում օրենքը չի տեսնի խնդիր։
Արփինե Հովհաննիսյանը բացատրելով վիճակն արել է մի ուշագրավ պարզաբանում։ Ըստ նրա, եթե այսօր ապօրինի հարստացումը քրեականացնող օրենք չկա, դա չի նշանակում, որ մյուս օրենքները չեն գործում, որոնք վերաբերում են կաշառք ստանալուն, ազդեցությունն օգտագործելուն, փողերի լվացմանը. «Այսինքն՝ եթե այս սխեմաները պատշաճ կերպով ապացուցվեն, որևէ մեկը չի ասելու, որ դրանք վերացան: Խոսքը այստեղ վերաբերում է հենց ապօրինի հարստացման հոդվածով դատապարտմանը»։
Թեեւ նախարարն ասում է, թե եթե չկա ապօրինի հարստացումը քրեականացնող օրենք, դա չի նշանակում, որ մյուս օրենքները չեն գործում, այդուհանդերձ մյուս օրենքները չեն գործում եւ դա, ինչպես կասեր հայտնի ֆիլմի հայտնի հերոսներից մեկը “ավելին է, քան փաստը՝ այդպես է հենց իրականում”։ Խոսքն իհարկե այն մասին չէ, որ այդ օրենքները ջնջված են, կամ պատռված։ Բանն այն է, որ Հայաստանում գործնականում չկա այդ օրենքների կիրառման որեւէ հետք, փոխարենը Հայաստանում կան տասնյակ պաշտոնյաներ, որոնք հարուստ են բառի բուն եւ պատկերավոր իմաստով, ապրում են շքեղ կյանքով, աշխատում են շքեղ, հանգստանում են շքեղ։ Ընդ որում, ոչ միայն իրենք, այլ նաեւ կանայք, ոդիները, դստրերը, նույնիսկ զոքանչները։
Եվ եթե չկա այդ մարդկանց ազնվության, այդ մարդկանց հարստության օրինականության հետ կապված խնդիր, էլ ի՞նչ կարիք կա ընդունել անօրինական հարստացումը քրեականացնող օրինագիծ։ Եթե հստակ գործում են մինչ այժմ եղած օրենքները, էլ ինչ կարիք կա ընդունել նորը։ Թե՞ չեն գործում այդ օրենքների գործունեությունն ապահովող պեական ինստիտուտները։ Վերջին հաշվով, օրենքն ինքնին իհարկե չի գործում կամ խափանվում, դա կախված է տվյալ օրենքի կիրառման եւ պահանման համար պատասխանատու պետական ինստիտուտի աշխատանքից։ Տվյալ դեպքում խոսքը դատարանների եւ իրավապահ կառույցների, նաեւ անկախ համարվող մի շարք հանձնաժողովների գործունեության մասին է։
Եթե չեն գործում այդ ինստիտուտները, եթե Հայաստանում չկա անկախ դատական համակարգ, եթե չկա հետաքննական իրապես անկախ կառույց, եթե չկա պետական եւ հանրային գործունեության խնդրահարույց ոլորտները կարգավորող անկախ կառույցների ինստիտուտ, ինչ նշանակություն պետք է ունենա ապօրինի հարստացումը իբրեւ թե կանխարգելող եւս մեկ օրենքի ընդունումը։
Թե՞ պետական այդ ինստիտուտների մոտ նախկին օրենքները չէին առաջացնում խանդավառություն, մի տեսակ դուր չէին գալիս նրանց, ձանձրացրել էին, իսկ նորը նրանց մոտ կառաջացնի կոռուպցիայի դեմ պայքարի բուռն եւ անզուսպ, անկասելի ցանկություն։
Նոր օրենքը այդուհանդերձ նշանակություն իհարկե կունենա, մի փոքր քարոզչական, եւ մեկ էլ միջազգային կառույցների հետ աշխատանքի։ Հայաստանի իշխանությունը նրանց կներկայացնի օրինագիծը, որպես կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամքի հուժկու դրսեւորում։ Մեկ-երկու տարի անց, կամ գուցե 2022 թվականի խորհրդարանի ընտրության շեմին, իշխանությունը կմշակի նոր օրինագիծ, որով կքրեականացնի ենթադրենք ապօրինի՝ ապօրինի հարստացումը, եւ այդպես շարունակ կընդունվեն օրենքները՝ ապօրինի ապօրինի ապօրինի հարստացման քրեականացմանբ, հետո ապօրինի ապօրինի ապօրինի ապօրինի հարստացման քրեականացման թեմայով։
Այդպես Հայաստանը կարող է իր տեղն ունենալ Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ կոռուպցիայի դեմ պայքարի օրենքների թվով, եթե իհարկե արդեն իսկ տեղ չի կարող զբաղեցնել այդ գրքում՝ պետական կառավարման համակարգում կոռուպցիայի տեսակարար կշռով։ Բայց դա խնդիր չէ, որքան շատ լինի Հայաստանի անունն այդ գրքում, այդքան մեծ կլինի կոռուպցիայից ստացվող էֆեկտը։

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am