ՀՅԴ մատը Սերժ Սարգսյանի ցավոտ տեղին. Վտանգավոր 7 օր

1

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը մարտի 5-ին խորհրդարանի ճեպազրույցների ժամանակ ասել է, որ կոալիցիոն պայմանավորվածության համաձայն վարչապետ առաջադրելու իրավունքը պատկանում է ՀՀԿ-ին, եւ իրենք կքննարկեն այն թեկնածությունը, որը կառաջադրի ՀՀԿ-ն: Ռուստամյանը հայտարարել է, որ չեն պատրաստվում շեղվել կոալիցիոն այդ պայմանավորվածությունից:Հետաքրքիր է, արդյոք ՀՅԴ խմբակցության ղեկավարը այդպիսով ակնարկում է, որ ՀՀԿ-ն էլ չպետք է շեղվի պայմանավորվածությունից: Կա՞ այդպիսի ակնարկ կամ մտավախություն ՀՅԴ մոտ:

Համենայն դեպս, վերջին շրջանում Դաշնակցությունը խորհրդարանական կառավարման մոդելի անցման կապակցությամբ արել է մի քանի ուշագրավ հայտարարություն, մասնավորապես կապված այն բանի հետո, որ պետք է մոդելը իրապես ապահովվի, որպեսզի գործեն հակակշիռների մեխանիզմները եւ ստացվի խորհրդարանական մոդելի էֆեկտը:ՀՅԴ այդ հայտարարությունները բազմիմաստ են հնչում ՀՀԿ այն հայտարարությունների ֆոնին, որոնք գրեթե կասկած չեն թողնում, որ իշխող կուսակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրելու Սերժ Սարգսյանին:Թեեւ Արմեն Ռուստամյանը հայտարարում է, որ կարեւորը լիազորություններն են, եւ եթե Սերժ Սարգսյանը չունի ներկայիս նախագահի լիազորությունը, ապա վարչապետի պաշտոնում նրա առաջադրումը խնդիր չէ, այդուհանդերձ ՀՅԴ-ն էլ անկասկած լավ է պատկերացնում, որ Սարգսյանի վարչապետությունը դե ֆակտո լիովին խախտում է հավասարակշիռների մեխանիզմի եւ խորհրդարանական մոդելի տրամաբանությունը:

Իհարկե, ոչ ներկայիս նախագահական լիազորությամբ, ոչ առաջնային մանդատով, սակայն նվազագույնը իներցիայի, եւ դրան զուգահեռ վարչապետի ներքո կենտրոնացվող բավական մեծ լծակների պարագայում Սերժ Սարգսյանը դառնալու է թելադրող կենտրոն, եւ կառավարման համակարգը շարունակելու է գործել նույն բրգաձեւ տրամաբանությամբ:Ավելին, եթե ներկայիս պարագայում բրգաձեւ այդ տրամաբանությունը գոնե ունի դե յուրե սահմանում, թեեւ դե ֆակտո անկասկած հակասում է իշխանության բուն կառուցվածքին եւ հարաբերություններին, ապա տվյալ պարագայում այն արդեն հակասության մեջ կարող է լինել թե դե ֆակտո, թե դե յուրե իրականության հետ, բերելով զգալի ռիսկերի:Արդյոք ակնարկելով կոալիցիոն պայմանավորվածություններից չշեղվելու մասին, Արմեն Ռուստամյանը Սերժ Սարգսյանին հիշեցնում է վարչապետ չառաջադրվելու պայմանավորվածության մասին: Մյուս կողմից, ՀՅԴ-ն եղել է առաջին եւ թերեւս միակ ուժը, որը դեռ Սահմանադրության փոփոխությունից առաջ հայտարարել է, որ Սարգսյանի վարչապետության մեջ չի տեսնում խնդիր, եթե կատարվում է անցում կառավարման խորհրդարանական մոդելի:ՀՅԴ-ն այդպիսով փորձում էր Սարգսյանին «խրախուսել» այդ անցման հարցում, բայց ներկայում արդեն նոր իրավիճակում փորձում է ստանալ ավելի՞ն, թե՞ ավելին ստանալ չի հաջողվում, եւ դրա համար էլ Դաշնակցությունն ակնարկում է Սարգսյանի վարչապետության վտանգների մասին:

Բանն այն է, որ Արմեն Ռուստամյանն այսօր հայտարարել է նաեւ, որ մարդը պետք է լինի խոսքի տեր, վարչապետի պաշտոնի չհավակնելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությանը վերաբերող լրագրողական հարցին տված պատասխանի կոնտեքստում:Այդուհանդերձ պարզ չէ, եթե Սարգսյանն առաջադրվի, ՀՅԴ-ն կհամարի՞, որ նա չի եղել իր խոսքի տեր: Այդ դեպքում կսատարի՞ այդպիսի վարչապետի թեկնածությունը:Միաժամանակ ուշագրավ է, թե ինչ է ասում Արմեն Ռուստամյանը կոալիցիայում թեկնածության քննարկման մասին: Նրա խոսքով, մինչեւ ապրիլի 9-ը իրենք կոալիցիոն խողովակով հավանաբար կունենան թեկնածուի անունը: Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը վայր է դնում նախագահի մանդատը, Հայաստանը դառնում է լիարժեք խորհրդարանական կառավարմամբ պետություն, պետության գլուխ է լինում նախագահ Արմեն Սարգսյանը, լինում է ժամանակավոր կառավարություն եւ վարչապետ, իսկ Սերժ Սարգսյանը մինչեւ ապրիլի 17 փաստորեն մնում է առանց իշխանության:

Ռուստամյանն ասում է, որ մինչեւ ապրիլի 9-ը ստանալով վարչապետի անունը, այն կհրապարակեն 9-ից ոչ շուտ. «Մենք, բնական է, ապրիլի 9-ից շուտ չենք հրապարակի թեկնածուի անունը: Կարծում եմ, որ այդպես կլինի, քանի որ կառավարման նոր մոդելը ապրիլի 9-ից կսկսի լիարժեք գործել, և վարչապետի ընտրության հարցն էլ հենց ապրիլի 9-ից հետո է առաջանալու»:Հետաքրքիր է, արդյո՞ք ՀՅԴ-ն իր վերջնական դիրքորոշումը վարչապետի հարցում պահում է այն ժամանակահատվածի համար, երբ Սերժ Սարգսյանը չի ունենա դե յուրե իշխանություն՝ ապրիլի 9-ից 17-ը: ՀՅԴ-ն համարում է, որ դա կլինի Սերժ Սարգսյանի ամենախոցելի ժամանակահատվածն ու հնարավոր կլինի նրանից քաղել առավելագույնը հենց ա՞յդ ժամանակ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache