Լրահոս

«ՀԺ». Ի՞նչ էր պլանավորվում մարտի 27-ին, և ինչո՞ւ է անհանգիստ ՕՐՕ-ի ռազմական թևը

 

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում անհանգիստ են: Դաշինքը երկու թև ունի`քաղաքական և ռազմական: Քաղաքական թևի ներկայացուցիչները կարողանում են Բաբայանի ձերբակալությունը ներկայացնել որպես քաղաքական հետապնդում և հիմնավորել դա: Ռազմական թևի ներկայացուցիչների խոսքը բավական անհոդաբաշխ է:

ՊՆ նախկին փոխնախարար, գեներալ–լեյտենանտ Գագիկ Մելքոնյանն, օրինակ, պատասխանելով «Փաստ»-ի հարցին, թե արդյոք ձերբակալությունը քաղաքական հետապնդում է Բաբայանի նկատմամբ ասել է. «Իհարկե, էն էլ ոնց: Քաղաքական հետապնդում չլինի, «Իգլան» ի՞նչ գործ ունի Սամվել Բաբայանի հետ կամ մեր հետ, դաշինքի հետ «Իգլան» ի՞նչ գործ ունի: «Իգլան» ո՞ւմ համար էր բերում, սամալյո՞տ էր խփում»:

Նման հարցադրումներն իրենց տրամաբականական շարունակությունն են ունենում: Օրինակ, երբ ասվում է՝ կարող է՞ սամալյոտ էր խփում, շարունակությունը ենթադրում է` իսկ ինչո՞ւ ոչ, հատկապես եթե այդ «սամալյոտը» Սերժ Սարգսյանին տեղափոխելիս լիներ:

Դաշինքի անդամ, ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը «1in.am»-ի հարցազրույցում մեկնաբանելով Բաբայանի ձերբակալությունը ասում է, որ դա խորը արմատներ ունի: Ըստ Հակոբյանի, որևէ պետական պաշտոնյա իրավունք չունի նույնիսկ մտածել այդ հողերը վերադարձնելու մասին, դա դավաճանություն է, որը չի ներվում:

Հակոբյանը դիմում է իշխանություններին. «Ես և իմ համախոհները չենք ուզում, որ որևէ մեկից արյուն կաթի, թող մեզ չտանեն դրան, մենք առաջին դեմն ենք դրա, բայց իրավիճակ է ստեղծվում…»:

Հետախույզ Վովա Վարդանովը այսօր տարբեր ԶԼՄ-ներում մեկնաբանելով Սամվել Բաբայանի պատվերով «Իգլա» բերելու լուրը ասում էր, որ եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա երկու բան կարող է նշանակել. «կամ մարդիկ 90-ականների ֆիդայական մղումներով ուզում են գնալ սահման պաշտպանել, կամ տեռորիստական նպատակներով է բերվել»:

Քաղաքական կուլիսներում լուրեր են շրջանառվում, որ Սամվել Բաբայանն ու նրա դաշնակիցները ծրագրում էին մարտի 27-ին ինչ-որ գործողություն իրականացնել: Որևէ պաշտոնական տեղեկություն կամ մամուլի արտահոսք այս մասին չկա: Տեղեկություն չկա նաև այն մասին, թե արդյոք մարտի 27-ին Սերժ Սարգսյանը որևէ տեղ պետք է մեկնի: Ամեն դեպքում, առեղծվածային ամսաթվից 5 օր առաջ Բաբայանի ձերբակալությունը հետաքրքիր զուգադիպություն է:

Բոլորը արձանագրեցին, որ «Ժամանակ» թերթին իր աղբյուրները հայտնել էին, որ «Սասնա ծռեր-2» նախապատրաստելու համար ԱԱԾ-ն Սամվել Բաբայանին ձերբակալելու է: Լուրը տպագրվել էր թերթի երեկվա համարում. նույն օրն էլ Բաբայանը ձերբակալվեց:

Մոտ տասը օր առաջ նույն թերթի աղբյուրները հայտնել էին, որ փորձ է արվելու «Սասնա ծռեր-2»-ը կրկնել ոչ միայն Երևանի, այլև Հայաստանի տարբեր բնակավայրերում։ «Բազմաթիվ օջախներում պետական հաստատությունների գրավումը կատարվելու է այն համոզմամբ, որ Հայաստանի ոստիկանական և իրավապահ այլ ստորաբաժանումների ուժերը չեն կարող միաժամանակ մի քանի կետերում իրավիճակի վերահսկողություն սահմանել»,- գրել էր թերթը:

Նկարագրվող օպերացիան, ինչ խոսք, անհամեմատելի է ՊՊԾ գնդի գրավման հետ, և ենթադրում է շատ մեծ թվով մարդկանց ներգրավվածություն: Դժվար է ասել՝ ինչ կապ կա այս տեղեկատվության և այսօրվա հարցազրույցում Սմբատ Հակոբյանի հետևյալ հայտարարության միջև. «Սամվել Բաբայան-Սեյրան Օհանյան տրամաչափը այնքան խոշոր է, որ երբեք պետք չի ոչ գործունեության ընթացքի, ոչ ծրագրերի, ոչ էլ որևէ պարագայում համեմատել «Սասնա ծռեր» գործողության հետ»:

Մի բան պարզ է. առաջիկայում կամ զանգվածային ձերբակալություններ են լինելու կամ`զանգվածային գործողություններ: Երրորդ տարբերակը` կողմերի միջև փակ դռների հետևում հնարավոր հաշտությունը, թեև լավագույն լուծումը կլիներ, բայց այս պահին անհավանական է թվում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

newspress.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing