Լրահոս

Ի՞նչ է լինելու Հայոց վարչապետի վերջը

 

Վարչապետ Կարեն Կարապետյանը թե հին, թե′ նոր, թե′ նորացված Սահմանադրության համաձայն` չի կարող 2018-ից հետո լինել վարչապետ։ Եթե որևէ քաղաքական գործիչ գծում է իր կենսագրությունը, հատկապես այնպիսի կայուն և հավակնոտ գործիչ, ինչպիսին Կարեն Կարապետյանն է, ապա նա հաստատ երկու տարվա համար փեշերը թափ չէր տա, ծանր տեղը թեթևացներ ու գար Հայաստան, որտեղ մի անգամ քաղաքապետ աշխատելով` հասկացել էր հայկական իրականության դրամատիկ նրբությունները։

Ակնհայտ է, որ նա չի եկել մաքրելու Ավգյան ախոռներն ու հերոսի կոչումով հեռանալու։ Թե հատկապես ինչի համար է եկել, հայտնի է միայն նեղ շրջանակների, սակայն այն, որ նա որոշակի առաքելություն ունի վարչապետի պաշտոնում, մեկնաբանության կարիք չունի։ Հատկապես որ նա դարձավ ՀՀԿ անդամ, իսկ դատարկ տեղը ոչ ոք ՀՀԿ անդամ չի դառնում։

Սակայն այստեղ բայց կա։ Եթե ցանկանային, որ Կարեն Կարապետյանը շարունակեր պաշտոնավարել վարչապետի պաշտոնում, ապա Սահմանադրությունը հաստատ կձևափոխեին «ա լյա Կարեն Կարապետյան», ինչպես արդեն արվել է, սակայն դա տեղի չունեցավ։

Կա′մ ՀՀԿ-ն դրանով ընդդիմանում է Կարեն Կարապետյանի առաջխաղացմանն արտաքին ուժերի կողմից և մարտնչելու պրիմիտիվ ձև է ընտրել, քանի որ այլ տարբերակ չկա, կա′մ էլ նրան նախապատրաստում են այլ պաշտոնի համար։ Գուցե այս դեպքում Սահմանադրությունը չփոփոխեն։

Ի դեպ, երկրներ կան, որտեղ սահմանադրությունը տասնամյակներով, անգամ հարյուրամյակներով գրեթե նույնն է, քանի որ մարդու իրավունքներն ու ազատությունները չեն փոխվում, իսկ Հայաստանում, երբ ինչ-որ մեկի չափսերով չէ Սահմանադրությունը, այն ուղարկում է իր դերձակի մոտ, վերջինս էլ այն ձևափոխում է։

Գուցե Կարեն Կարապետյանին հանդուրժո՞ւմ են․ մամուլում տարբեր լուրեր էին շրջանառվում վերին էշելոններում վարչապետի հետ տարբեր խնդիրների առնչությամբ։

Նա նոր շունչ է բերել Հայաստան, թեև շատ բան փոխել չի կարող, սակայն կոսմետիկ փոփոխություններ կարող է, ինչն էլ փորձում է անել։ Իսկ ավանդական թալանչիությամբ զարգացող տնտեսության մեջ անգամ կոսմետիկ փոփոխություններն են ցավոտ, այնպես որ՝ եթե անգամ վարչապետի երեսին ժպտում են, դա չի նշանակում, որ թիկունքից էլ են ժպտում։

Չար լեզուներն ասում են, որ Կարեն Կարապետյանը հետ չի մնում, տուգանքներով ու տույժերով պատժիչ գործողություններ է կատարում։ Ինչևէ։

Կա′մ Կարեն Կարապետյանն ունի հստակ ծրագիր և այն իրագործելու է անգամ 2018 թվականից հետո, կա′մ ունի ժամանակավոր առաքելություն, որն իրագործելուց հետո կհեռանա Հայաստանից, ինչպես մեկ անգամ արել է։



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing