Լրահոս

Ի՞նչ են ասել ԱԱԾ պաշտոնյաները Ենիգոմշյանին. նոր մանրամասներ բանակցություններից

 

88827

«Այս պահին ես ինձ լավ եմ զգում: Անցնող օրերի ընթացքում էլի նորմալ էի զգում: Այնպես, որ ամեն ինչ նորմալ է»,- այս մասին իր բնակարանի պատուհանների տակ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱՍԱԼԱ-ի նախկին մարտիկ Ալեք Ենիգոմշյանը, որը մոտ 10 օր կալանավորված էր Երեւանի ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով:

Ենիգոմշյանը ե՛ւ իրեն առաջադրված մեղադրանքները, ե՛ւ իրեն ձերբակալելու, ապա կալանավորելու գործընթացը անհիմն է համարում: «Քանի որ այդ ընթացակարգային որոշումներն անօրինական էին, կամ պետք է դրանք հիմնավորվեին կամ պետք է դատախազի այսօրվա որոշումը կայացվեր»,- ասաց նա՝ նշելով, որ իրեն ոչ թե ազատ են արձակել, այլ խափանման միջոցն են փոխել՝ կալանավորումը փոխարինելով ստորագրություն չբացակայելու վերաբերյալ:

Նշենք, որ Ալեք Ենիգոմշյանը մեղադրվում է զինված խմբին օժանդակելու մեջ:

Հիշեցնենք, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքը, հարակից շինությունները զավթելու ու պահելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից այսօր որոշում է կայացվել մեղադրյալ Արա Ալեքսանդր Կումշոյանի /Ալեք Ենիգոմշյան/ նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին՝ մեղադրյալին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերանալու պատճառաբանությամբ: ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրել են, որ նույն օրը կայացված որոշման պատճեններն ուղարկվել են նախաքննության մարմնին և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին՝ մեղադրյալին անհապաղ ազատ արձակելու պահանջով:

Անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի անդամների հանձնվելու վերաբերյալ կայացրած որոշմանը, Ենիգոմշյանն ասաց. «Որոշումն իրենց որոշումն է: Ուրիշ ոչ ոք չէր կարող այդ որոշումը կայացնել եւ ես հարգում եմ իրենց որոշումը: Իրենք վստահաբար պատճառներ ունեին այդ քայլին գնալու: Իրենք առաջին օրվանից զենքերը վայր չդրեցին, իրենք երկրում ստեղծեցին այնպիսի վիճակ, որը չէր հաջողվում ստեղծել, դրական իմաստով, երկար տարիների ընթացքում: Այսինքն՝ ժողովրդի, որակյալ թվով ժողովրդի մոտ վախի զգացումը վերացնել եւ եթե իրենք առաջին, երկրորդ օրը զենքերը վայր դնեին այդ իրավիճակը չէր ստեղծվի»: Նրա խոսքով՝ քաղաքական եւ համազգային առումով այլ իրավիճակ է ստեղծվել, քան կար մինչեւ հուլիս 16-ը:

Armtimes.com-ի հարցին՝ ինչու՞ չկայացավ Սերժ Սարգսյան-Ժիրայր Սեֆիլյան հանդիպումը, նա պատասխանեց. «Ես՝ ինքս, երբ բնակացությունների բանագնաց էի, մի քանի անգամ արդեն ասել եմ մինչեւ իմ ձերբակալվելը: Ես ամսի 17-ի երեկոյան հանդիպել եմ ե՛ւ ԱԱԾ բարձրաստիճան պատասխանատուների հետ, ե՛ւ իրենց ներկայացուցչի հետ, հանդիպել եմ Ժիրայր Սեֆիլյանի հետ, որից հետո ՊՊԾ գունդ եմ մտել եւ հանդիպել տղաներին: Ամենաառաջին օրը Ժիրայր Սեֆիլյանը ներկայացրեց իր առաջարկություն՝ մի խնդրի շուրջ պետք է բոլորը համակարծիք լինեն, որ ստեղծված հարցն արյունահեղությամբ չպետք է ավարտվի: Երկրորդը՝ այս իրավիճակից մեր երկիրը պետք է շահեկան դուրս գա, որը նշանակում է թեկուզ եւ մի պահ, պայմանականորեն ընդունել, մի կողմ դնել Սերժ Սարգսյանի հեռացման պահանջը, որը դրել էին «Սասնա ծռերի» տղերքը եւ Ժիրայր Սեֆիլյանի կողմից առաջարկվել էր հանդիպել Սերժ Սարգսյանին եւ փորձել հանգել մեր երկրի վերաբերյալ ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին կոնկրետ իսկական որակական բարեփոխումների շուրջ ռեալ խոստումների եւ գործնական քայլերի: Սեֆիլյանն ասել էր, որ այդ դեպքում ինքը կփորձի տղաներին համոզել, որպեսզի իրենց ամենաառաջնային պահանջներից հրաժարվեն»: Ալեք Ենիգոմշյանն ասաց նաեւ, որ այս առաջարկներին ի պատասխան իշխանություններն ԱԱԾ ղեկավար կազմի միջոցով պատասխանել է, որ պատանդ ոստիկանների ազատ արձակվելու դեպքում մնացած բաների մասին կխոսեն: Ոստիկանները 4-5 օր անց ազատ արձակվեցին, սակայն հանդիպումը չկայացավ:

«Եթե հիշում եք, Վիտալի Բալասանյան ասաց, որ եթե տղաները վայր դնեն զենքերն ու հանձնվեն, Սերժ Սարգսյանը պատարստ կլինի ընդունել Ժիրայր Սեֆիլյանին եւ իր ասելով բացատրություներ տալ: Դա ես չեմ կարծում, որ պայմանավորված էր: Բայց դա բանակցող կողմի՝ Վիտալի Բալասանյանի սուբյեկտիվ կարծիքը չէր»,- ընդգծեց Ալեք Ենիգոմշյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing