Ի՞նչ հույսեր էր կապել Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի հետ

0

hayeli.am — Ի սկզբանե, երբ Սերժ Սարգսյանը գնաց սահմանադրական փոփոխությունների և նախագահական կառավարման մոդելից երկիրը տարավ դեպի խորհրդարանական կառավարման մոդել, պարզ էր, որ նպատակը իշխանությունը պահելն էր: Որքան էլ որ փորձ արվեցտարբեր հիմնավորումներ գտնել, թե նախագահական ընտրությունները բևեռացնում են հասարակությունը, կամ որ խորհրդարանական հանրապետությունն ավելի ժողովրդավարական ճանապարհ է, միևնույնն է, կասկածից դուրս է, որ Սերժ Սարգսյանը պարզապես մտադիր չէր հանձնել իշխանությունը: Այս նպատակով նա նույնիսկ որոշակի նախապատրաստական քայլեր կատարեց և չեզոքացրեց Հովիկ Աբրահամյանին, որը իշխող կուսակցությունում բավականին ազդեցիկ էր և ուներ համախոհների շրջանակ: Ըստ էության, Սերժ Սարգսյանին այս 10 տարիների ընթացքում այդպես էլ չհաջողվեց ընտրել իր վստահելի տեղապահին, ում հետ նա կկարողանար պայմանավորվել իշխանության ղեկը ֆորմալ առումով թեկուզ ժամանակավոր նրան վստահելու հարցում: Սա այն մոդելն է, որը կիրառեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. համեմատաբար թույլ լիդերային հատկանիշներով օժտված Մեդվեդևին ժամանակավոր վստահելով Կրեմլը` նա կրկին ետ վերցրեց կայսրության կառավարումը: Բայց, այնուամենայնիվ, Մեդվեդևին Պուտինը վստահեց մինչև վերջ:

Հայաստանում Սերժ Սարգսյանը այդ հարցը չկարողացավ լուծել. նախ հրաժարվեց Հովիկ Աբրահամյանից` հավանաբար նրա հետ  կապված որոշակի վախեր ունենալու պատճառով: Դրանից հետո Սերժ Սարգսյանը կատարեց սխալ հաշվարկ` ներմուծելով Կարեն Կարապետյանին` որպես բարեփոխիչ վարչապետի: Դեռևս Երևանի քաղաքապետ եղած ժամանակ Կարեն Կարապետյանը հեռացավ շատ անփառունակ` փաստացի չիրականացնելով որևէ նշանակալի գործ Երևանի պատմության մեջ: Երևանի քաղաքապետի պատասխանատու պաշտոնից հեռանալու նրա քայլն անգամ դասալքության տպավորություն էր թողնում, և շատ կոնկրետ ապացույց էր, որ Կարեն Կարապետյանը պետական և քաղաքական գործիչ չէ: Իսկ միայն մենեջեր լինելը երկրի վարչապետ դառնալու համար իրականում բավարար չէ: Կարեն Կարապետյանին հրավիրելով` Սերժ Սարգսյանը հավանաբար հույս ուներ, որ քաղաքականությունից ոչինչ չհասկացող և թույլ լիդերական հակումներ ունեցող Կարեն Կարապետյանի ներկայությամբ ինքն ավելի ապահովագրված կլինի իշխանությունը միանձնյա իր ձեռքում պահելու առումով: Բայց Սերժ Սարգսյանը թերևս հաշվի չէր առել, որ Կարեն Կարապետյանի թիկունքին կանգնած են Սամվել Կարապետյանն ու Գազպրոմը, որոնք թույլ չեն տա Կարապետյանին հեշտությամբ դուրս հանել խաղից: Սրան գումարենք նաև, որ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանը չփայլեց նաև որպես մենեջեր, հակառակը`  հասարակության մեջ առկա սոցիալական լարվածությունը նրա կառավարման շրջանում էլ ավելի մեծացավ: Նկարված թվերն ու կոստյում-ժիլետի համադրմամբ մատուցված դրայվոտ ցուցանիշները շարքային քաղաքացու կյանքում ոչինչ չփոխեցին: Հակառակը, լինելով կրճատումների, օպտիմալացումների և լուծարումների մեծ սիրահար` նրա կառավարման երկու տարվա ընթացքում մեծացավ գործազրկությունը` փոխարենը չստեղծվեցին անհրաժեշտ թվով նոր աշխատատեղեր: Այսինքն` Կարապետյանը իր գործունեությամբ նպաստեց ստեղծված սոցիալ-տնտեսական դժգոհության ալիքի մեծացմանը, որը թավշյա հեղափոխության լրջագույն գործոններից էր:

Մայիսի 3-ին Կարեն Կարապետյանը վերջին անգամ վարել է կառավարության նիստը, շնորհակալություն հայտնել նախարարներին համատեղ աշխատանքի համար: <<Եղել է շատ հետաքրքիր ժամանակահատված: Առաջարկում եմ, որ մենք հաշվետվություն տանք հասարակությանը, թե ինչ ենք կատարել այս ժամանակահատվածում: Եվ իմ վերջին հանձնարարականը և խնդրանքը բոլոր գործընկերներին՝ բարեխղճորեն կատարում ենք մեր պարտականությունները մինչև կառավարության նոր կազմի ձևավորումը: Պետական պաշտոնյայի գործառույթը պետք է մինչև վերջ կատարվի՝ անկախ էմոցիայից, անկախ արդար թե անարդար քննադատությունից»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Նա ասել է նաև, որ հեռացող կառավարության վերջին նիստի օրակարգում ընդգրկվել են ընթացիկ հարցեր միայն, իսկ ֆունդամենտալ հարցերը, ինչպիսիք են, օրինակ, սոցիալ-տնտեսական, եկամտահարկի իջեցման, առողջապահության ապահովագրության վերաբերյալ նախագծերը թողել են հաջորդ կառավարությանը:

 

Հայկ Դավթյան



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache