Լրահոս

Ի՞նչ կա Լավրովի «բարաթում»

 

գւիցգյֆգհտգեսռտցոեղսգֆ

hayeli.am– Երեկ ադրբեջանական կողմը կրակել է Թալիշի ուղղությամբ՝ թիրախավորելով գյուղատնտեսական նշանակության տարածքներում աշխատող քաղաքացիական անձանց: Մասնավորապես, ժամը 14:10-ի սահմաններում, նման միջադեպ է արձանագրվել Թալիշ գյուղի մերձակա տարածքում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ժամանակ, որի արդյունքում, բարեբախտաբար, տուժածներ չեն եղել: ԼՂ պաշտպանության նախարարությունը կոչ է արել ադրբեջանական կողմին հրաժարվել իր սադրիչ գործողություններից և չթիրախավորել գյուղատնտեսական աշխատանքներին ընդգրկված խաղաղ բնակչությանը, այլապես ստեղծված իրավիճակի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ասված է ԼՂ Պաշտպանության բանակի հաղորդագրությունում:

Հետաքրքիր զուգադիպությամբ ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի տարածաշրջանային այցի օրերին, երբ կրկին քննարկվում էր ստատուս քվոյի պահպանումը և էսկալացիայի այնթույլատրելիությունը, Ադրբեջանը կրկին «հիշեցնում» է իր մասին:

Զուգահեռաբար, Սանկտ Պետերբուրգի եռակողմ բանակցություններից հետո Բաքուն սկսել է բավական ինտենսիվ տեղեկություններ հրապարակել:

Երեկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտնել է, թե Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Սերժ Սարգսյանը կհանդիպեն Փարիզում: «Ֆրանսիական կողմն առաջարկել է նման հանդիպում կազմակերպել, և մենք դեմ չենք: Մեզ համար կարևորը բանակցությունների արդյունքն է, մենք չենք ցանկանում բանակցել՝ բանակցելու համար»:

Ավելին, պաշտոնական Բաքուն հաստատել է ներկայումս գոյություն ունեցող փաստաթղթի մասին: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ ճեպազրույցում ասել է Մամեդյարովն ասել է, որ կա փաստաթուղթ, որոնց շուրջ տարվում է աշխատանք. «Եթե մենք աշխատենք այդ ուղղությամբ, ապա կկարողանանք հասնել խաղաղության: Մեր հարևան Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է: Նա մեզ մոտ երկիր է: Հարավային Կովկասում կայունությունը կարևոր է Ռուսաստանի համար: Մենք զենք ենք գնում թե՛ Ռուսաստանից, թե՛ մյուս երկրներից»:

Նույն օրը, հիշեցնենք, ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը շեշտեց Ռուսաստանի դերակատարումը` ԼՂ կարգավորման գործընթացում. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ պայմանավորվելու փորձերը Վիեննայում որոշակի ազդակ հաղորդեցին, բայց ամենամեծ հնարավորությունն ունի Ռուսաստանը»։

Հայտնի է, որ հաջորդ շաբաթ Հայաստան և Ադրբեջան կայցելի Ռուսաստանի արտգործնախարարը: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ հայտնել է այդ մասին: Իր հերթին նաև ՌԴ ԱԳՆ մամլո քարտուղար Գրիգորի Կարասինն է հաստատել, որ Լավրովը հուլիսի սկզբին կայցելի Հայաստան և Ադրբեջան: «Սկզբում նախարարը կմասնակցի ՀԱՊԿ-ի ԱԳՆԽ-ին, որը տեղի կունենա հուլիսի 4-ին, այնուհետև կայցելի Ադրբեջան»,- ասել է նա:

Լավրովի այցը Երևանում և Բաքվում, անշուշտ, Ղարաբաղի հարցով որոշակի պայմանավորվածությունների գալու նպատակ կունենա: Հետաքրքրականն այն է, որ պաշտոնական Երևանը համառորեն շարունակում է պնդել, թե ռուսական կողմը չունի առաջարկներ, մինչդեռ Բաքուն, փաստացի հայտարարում է հակառակը:

Հավանաբար, Վիեննայում մայիսին կայացած բանակցություններից հետո Մոսկվան սկսել է իր առանձին խաղը տանել, ընդ որում, կոչ անելով լռություն պահպանել: Բայց, եթե Երևանը լռություն է պահպանում ու ասում է` «Լավրովի փաստաթուղթ» չկա, Բաքուն պնդում է հակառակը:

Սա թերևս նշանակում է, որ, այնուամենայնիվ, որոշակի առաջարկներ ունի ռուսական կողմը և ամենայն հավանականությամբ դրանցում արտացոլված են ադրբեջանական կողմի համար դուրեկան գաղափարներ: Հավանաբար, ավելի ուշ հայտնի կդառնան Լավրովի «բարաթի» մանրամասները:

Ղարաբաղյան կարգավորման գործընթացն, այսպիսով, հայտնվել է արևմուտք-Ռուսաստան շահերի հորձանուտում: Միջնորդներից ամեն մեկն ուզում է իր կողմը քաշել կոնֆլիկտի «ղեկավարումը», բայց թե ինչ են դրանից շահում իրենք` կողմերը, պարզ չէ…

Մետաքսյա Շալունց


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing