Լրահոս

Ի՞նչ պայմանավորվածության մասին է խոսել Սերժ Սարգսյանը Մոսկվայում. ԼՂՀ նախագահի խոսնակի արձագանքը

 

_90729268_617650eb-f108-4649-9273-dcb40c2879a3

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԹե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, արդյոք դրանք նոր պայմանավորվածություններ են, Սերժ Սարգսյանը չի մանրամասնել, ինչը տարբեր մեկնաբանությունների պատճառ է դառնում։

«Առաջին լրատվական»-ը պարզաբանում է ստացել ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից։ Վերջինիս խոսքով՝ Սերժ Սարգսյանի նշածը թերևս վերաբերում է համանախագահող երկրների ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածություններին, որոնք վերաբերում են զինադադարի ռեժիմի խախտումների վերհանման և կանխման մեխանիզմների ներդրման շուրջ ապրիլյան պատերազմից հետո ձեռք բերված պայմանավորվածություններին։ «Ինչպես գիտենք, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, երբ որ կրկին ուժի մեջ մտան 1994-1995 թվականի զինադադարի մասին պայմանագրերը, միջնորդ երկրները հատուկ ուշադրություն սկսեցին դարձնել զինադադարի ռեժիմի խախտումների վերհանման և կանխման մեխանիզմների աշխատանքներին։ Հետևաբար այստեղ էլ հիմնական շեշտը դրվում է հենց դրա վրա։ Հենց այդ մեխանիզմների ներդրման շուրջ է, որ եղել է պայմանավորվածություն»,- ասել է Բաբայանը՝ հավելելով, որ Արցախը նույնպես պատրաստակամ է այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնել։ Մինչդեռ ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունները։

«Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի խոսքը սրան է վերաբերում, քանի որ սա նոր պայմանավորվածություն է։ Մնացած բոլոր խնդիրները ապագայի խնդիրներ են։ Պետք է սկսել այս ստորին հարցերից, որոնք ևս կարևոր են։ Եթե վստահության, խաղաղության և կայունության պահպանման մեխանիզմները չներդրվեն, դրանց հենքի վրա հնարավոր չի լինի այլ խնդիրներ կարգավորել»,- ընդգծել է ԼՂՀ նախագահի խոսնակը։

Մեր դիտարկմանը, թե հնարավո՞ր է Սերժ Սարգսյանի նշած պայմանավորվածությունները վերաբերում են վերջին շրջանում շատ քննարկվող տարածքների հանձնմանը կամ փոխզիջումային տարբերակներին։ «Երբ մենք խոսում ենք փոխզիջումային տարբերակներից, այս ամենը մենք պետք է մշակենք։ Ադրբեջանն ինքը պետք է հասկանա, թե ինչ է փոխզիջումը։ Իրենք փոխզիջման տակ հասկանում են զիջում, որը ճիշտ չէ։ Հյուսիսային Արցախի խնդիր կա, Շահումյանի, Գետաշենի, այս տարածքները մենք համարում ենք մերը։ Փոխզիջման դեպքում այս տարածքների կարգավիճակը որը պետք է լինի, ում պետք է պատկանի։ Սա այնքան բարդ խնդիր է, որը միակողմանի չէ, ու եթե Ադրբեջանը պատրաստ է խոսել տարածքների հանձնման մասին մեր կողմից, ապա ինչը պետք է պատրաստ լինի խոսել նաև իմ նշած տարածքների մասին»,- ասել է Բաբայանը՝ չհստակեցնելով, թե արդյոք Սերժ Սարգսյանի խոսքը կարող էր տարածքների հանձնմանը վերաբերել։

Ինչ վերաբերում է հանդիպումներին, բանակցությունների այս փուլին, որը կրկին անցնում է առանց Արցախի մասնակցության, Բաբայանը նկատեց. «Արցախի վերադարձը բանակցային սեղանին առանցքային բաղադրամասն է, քանի որ առանց դրա հնարավոր չէ հասնել համապարփակ կարգավորման։ Բայց սա նույնպես բարդ խնդիր է, քանի որ, կրկնում եմ, Ադրբեջանը այս հարցում էլ շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը։ Ինքը պատրաստ չէ կառուցողական երկխոսության, որից հետո հնարավոր չէ կոնֆլիկտի լիարժեք կարգավորում։ Արցախի կարգավիճակի կարգավորումը որպես բանակցային կողմ հրամայական է և ուշ թե շուտ լինելու է»,- ընդգծել է Բաբայանը։

 

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing