Իջան ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը

1

hayeli.am — Մեկ օրվա ընթացքում սեփական դիրքորոշումը փոխած Հանրապետական խմբակցությունը Ազգային ժողովում նյարդային պահվածք ուներ այսօր։ Պատգամավորները չունեին որեւէ բացատրություն, թե ինչու մայիսի 1-ին խորհրդարանում Փաշինյանին անխնա քննադատելուց ու դեմ քվեարկելուց մեկ օր հետո որոշում կայացրեցին պաշտպանել ժողովրդի թեկնածուին։

Անգամ բոլոր հարցերին պատասխան ունեցող Էդուարդ Շարմազանովը չուներ այդ հարցի պատասխանը, նա լրագրողների պնդումներին ի պատասխան հայտարարեց, թե քաղաքական իրողություն է փոխվել, բայց քաղաքական իրողությունը փոխվել է մեկ ամիս առաջ, իսկ շաբաթներ առաջ իրողության հետ առերեսվեց նույնիսկ Սերժ Սարգսյանը՝ հրաժարականի դիմում ներկայացնելով, այսինքն ՀՀԿ-ն չի գիտակցել այդ իրողությունը: «Այդ գիտակցումը ունեցել, քվեարկել եմ հանուն Հայաստանի եւ հանուն Արցախի եւ պատրաստվում եմ նույն ձեւով քվեարկել»,- ասաց Շարմազանովը ՝ հերթական փորձության ժամանակ չհրաժարվելով իր սկզբունքներից ու համոզմունքներից։

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, որը մայիսի մեկին իր ելույթը եզրափակեց հետեւյալ խոսքերով՝ «Ինձ մնում է Աստված կանչել, փրկիր այս մարդուն իրենից», ասաց, որ ինքը չի փոխել իր կարծիքը եւ կքվեարկի դեմ․«Իսկ մեկ գիշերվա մեջ ոչինչ չփոխվեց, ուղղակի ամեն ինչը կայացվում է խմբակցության նիստում»։

Ինտելեկտուալների աննկուն պահվածքին զուգահեռ հետաքրքրական էր գործարար պատգամավորների պահվածքը, որոնք ձկան նման համր արագ հեռացան Ազգային ժողովից։ Տեղեկություններ կան, որ նաեւ նրանց միջոցով է ՀՀԿ-ն ապահովելու Փաշինյանի վարչապետ դառնալու համար պահանջվող ձայները։ Ըստ էության հնարավոր վտանգները հաշվի առնելով, նրանք որոշել են «իջնել ջրի հատակը, մինեչ անցնի վտանգը»։

Պակաս ուշագրավ չէր նաեւ Փաշինյանի պատասխանը օլիգարխների մասին հարցին։ Եթե ՀՀԿ-ական օլիգարխներն են իրեն «կողմ» քվեարկելու, դա չի՞ կաշկանդի, որպեսզի հետագայում իրականություն դարձնի մենաշնորհների վերացման, հավասար հարկային դաշտ մտցնելու մասին իր թեզը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ինքը վարչապետ է ընտրվում առանց նախապայմանների: Իսկ իրենց նպատակին` համերաշխության մթնոլորտին հասնելու համար կանեն կոնկրետ իրավիճակներից բխող քայլեր: «Հայաստանում իշխանությունը չի ծառայելու ոչ հօգուտ բարեկամների, ոչ էլ ընդդեմ քաղաքական մրցակիցների»,- հավելեց նա:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache