good-banner
Լրահոս

«Իմ նպատակն է ակտիվորեն մասնակցել 2017 թ-ի խորհրդարանական ընտրություններին». Սեյրան Օհանյան

 

18328

iravunk.com-«Ես որոշում եմ կայացրել՝ ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքական եւ մասնավորապես ընտրական գործընթացներին»,- այս մասին հայտարարել է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Հայտարարությունում ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից եւ գաղափարակից ընկերներ,

Կանգնած լինելով մեր պետության եւ բանակի ստեղծման ակունքներում, իսկ վերջին 17 տարիները ղեկավարելով ԼՂՀ եւ ՀՀ պաշտպանական գերատեսչությունները՝ այսօր չեմ կարող հանգիստ եւ անտարբեր դիտորդի կարգավիճակով հետեւել երկրում ընթացող ռազմաքաղաքական զարգացումներին: Երբ երկրում կառավարման նոր համակարգ են փորձում ձեւավորել՝ պայմանավորված սահմանադրական փոփոխություններով, ապա յուրաքանչյուր կարող ուժ՝ քաղաքացի, քաղաքական կուսակցություն, իրավո՛ւնք ունի եւ պարտավո՛ր է իր ներուժը ծառայեցնել այդ զարգացումներին:

Տեղեկացնում եմ, որ նախարարական կարգավիճակին հրաժեշտ եմ տվել հանգիստ եւ առանց զգայական զեղումների, հետագայում մերժել եմ ինձ առաջարկվող բոլոր բարձր պաշտոնները, քանի որ ցանկանում եմ իմ փորձը, գիտելիքները եւ ջանքերը ինքնուրույն ներդնել մեր պետության ներքաղաքական կյանքում փոփոխությունների հասնելու համար: Ես որոշում եմ կայացրել՝ ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքական եւ մասնավորապես ընտրական գործընթացներին՝ առաջնորդվելով «հանուն»-ի գաղափարով՝ հանուն պետության անվտանգության, ազգային գաղափարների իրականացման:

Ինձ համար քաղաքական գործընթացներում հայտ ներկայացնելը ինքնանպատակ չէ, այլ Հայրենիքին ծառայելու նոր ինքնադրսեւորում: Քաղաքական կառավարման կայացած համակարգերում կարեւոր են տարբեր դիրքորոշումներն ու բազմակարծությունը, որոնք հետագայում հիմք են դառնում նոր վերադասավորումների եւ վերախմբավորումների. «Եթե չկա երկրորդ կարծիք, ապա ինչի՞ց ընտրել լավագույնը»: Ես կտրականապես մերժում եմ, երբ քաղաքական գործիչների կարծիքների եւ տեսակետների բախումը վերածվում է ծայրահեղ հակամարտության, փոխադարձ թշնամանքի եւ ատելության: Դեմ եմ, երբ այլակարծությունը դառնում է քաղաքական հետապնդումների, զրպարտության, հայհոյախոսության թատերաբեմ: Ընտրապայքար մտնող բոլոր քաղաքական ուժերը եւ գործիչները պարտավոր են դրսեւորել միմյանց հանդեպ փոխադարձ հարգանք եւ զսպվածություն:

Սահմանադրական փոփոխություններից հետո առաջիկա խորհրդարանական ընտրությունների դերն ու նշանակությունը արմատապես տարբերվում են մյուսներից, քանի որ անցում է կատարվել պետական կառավարման խորհրդարանական համակարգին: Այսինքն՝ մեզ սպասվում են ոչ թե սովորական ընտրություններ, այլ ընտրություններ, որոնք իրենց կարեւորությամբ հավասարազոր են մինչ այժմ տեղի ունեցած նախագահական ընտրություններին: Նախագահական եւ ԱԺ ընտրությունները փոխարինվելու են մեկ՝ խորհրդարանական ընտրությամբ, որի արդյունքում ձեւավորվելու է ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանությունը: Կարեւորելով առաջիկա գործընթացները՝ ես սկսել եմ խորհրդակցությունների շարք՝ քաղաքական ուժերի, հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ: Իմ նպատակն է ակտիվորեն մասնակցել 2017 թ.-ի խորհրդարանական ընտրություններին՝ ձեւավորելով համախոհների թիմ, իսկ քաղաքական մասնակցության համար գտնել առավել արդյունավետ ձեւաչափ, որը հանրությանը կներկայանա իրատեսական ծրագրով՝ խնդիր ունենալով Հայաստանում ձեւավորելու նոր որակի քաղաքական եւ տնտեսական համակարգ՝ նոր որակի կառավարմամբ:

Ես իմ հետագա գործունեության ընթացքում, ինչպես նախկինում, մշտապես կանգնած եմ լինելու իմ ժողովրդի, իմ ծառայակից եւ մարտական ընկերների, մտավորականության, ուսանողության, սահմանին ապրող բնակիչների կողքին:

Տեսակետներս եւ մտահոգություններս հասարակությանը առանց միջնորդների ներկայացնելու, միեւնույն ժամանակ՝ հետադարձ կապով մարդկանց լսելու, քաղաքացիների տեսակետներին ու մտահոգություններին անմիջապես ծանոթանալու նպատակով որպես միջոց կօգտագործեմ նաեւ իմ նորաբաց ֆեյսբուքյան էջը, քանի որ տեղեկատվական աշխարհում համացանցը հասարակության հետ շփման լայն հնարավորություններ է տալիս:

Առաջիկայում ընտրական գործընթացների հայտնի ձեւաչափերում ես հանգամանորեն կներկայացնեմ այն ծրագրերն ու դրույթները, որոնցով առաջնորդվելու եմ իմ քաղաքական գործունեության ընթացքում»:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing