Լրահոս

Իմ տղաներն այլ կերպ չէին կարող վարվել. Կյուրեղյան եղբայրների մայր

 

default

news.am — Իմ տղաներն այլ կերպ չէին կարող վարվել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների մայրը՝ տիկին Նվարդը, որը տեղյակ չի եղել, որ որդիները պատրաստվում են «Սասնա ծռերի» մյուս անդամների հետ գրոհել ոստիկանության ՊՊԾ գունդը:

Նա պատմեց, որ վերջին անգամ որդիներին տեսել էր հուլիսի 16-ի երեկոյան տանը, իսկ կատարվածի մասին իմացել էր հուլիսի 17-ի առավոտյան, երբ ոստիկանները եկել էին իրենց տուն խուզարկության:

«Գիշերը մի քանի անգամ արթնացա, տանը չէին… Ինչքան ենթադրում եմ, իրենք էլ հաստատ չեն իմացել, որ հենց այդ օրը պետք է մտնեն ՊՊԾ գունդ, որովհետեւ Սերգեյը գործեր ուներ կիսատ թողած: Դեպքի մասին առավոտյան եմ իմացել, երբ եկել էին մեր տունը խուզարկելու, հետո էլ ինձ բերման ենթարկեցին: Ես հպարտանում եմ, որ նման որդիներ եմ դաստիարակել եւ այսօր նրանք այդ տարիքում, իրենց ամբողջ կյանքը տվեցին հանուն հայրենիքի, հանուն այն նպատակի, որ մեր երկրում ինչ-որ բան փոխվի, արդարություն հաստատվի, ճիշտ է դա ինձ համար մխիթարանք չի կարող լինել, բայց …»,-ասաց տիկին Նվարդը:

Նա պատմեց, որ ոստիկանության ՊՊԾ գնդում եղած ժամանակահատվածում Սերգեյը զանգել է իրեն, ասել, որ չանհանգստանա, որ իրենք նման քայլի են գնացել հանուն հայրենիքի եւ հայ ժողովրդի. «Ասաց, մամ ջան, Աստված մեզ հետ է, մի վախեցիր: Մենք իրենց այդ ոգով ենք դաստիարակել, իրենք այլ կերպ չէին կարող վարվել, քանի դեռ մեր շուրջն անարդարություն է տիրում, ինչքան իրենց հիշում եմ, այդպիսին էլ եղել են, միշտ էլ պայքարել են ու այդ պատճառով է, որ այսօր երեք տղաներս էլ կողքիս չեն՝ ճաղերի հետեւում են»:

Տիկին Նվարդն ասում է՝ լավ է, որ գոնե ամեն ինչ վերջացավ կանխատեսվածից ավելի լավ. «Ինձ գոնե մխիթարում է այն փաստը, որ ավելի վատ ավարտ չունեցավ այս ամենը, որ գոնե այսպես ավարտվեց, բայց տեսանյութում տեսա Արեգիս դեմքը՝ կոտրված հայացքը, երբ հանձնվում են: Բայց նա չգիտի, որ ավելի վատ բան կարող էր պատահել, եթե չգնային այդ քայլին….»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Սասնա ծռերը» հուլիսի 31-ին վայր են դրել զենքերն ու հանձնվել են։ Ըստ ԱԱԾ-ի, ՊՊԾ գնդի տարածքն այժմ ազատված է։

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...