Լրահոս

Ինչ ահավոր գաղտնիք կա ռուս դեսպանի սպանության հետևում

 

ee-13

Անկարայում Ռուսաստանի դեսպանի սպանությունն իր դաժանությամբ, անշուշտ, սարսափելի էր, սակայն իրադարձությունները, որոնք հետևեցին այդ սպանությանը` պակաս ուշագրավ չեն: Ռուս դեսպանի սպանությունը դարձել է աշխարհաքաղաքական խնդիրների ու երկրների շահերն ու հակասությունները ի ցույց դնելու մի լուրջ գործընթաց…

Ռուս դեսպանի սպանությունից հետո թուրքական իշխանությունները շտապեցին պատասխանատվության սլաքներն ուղղել դեպի գյուլենական կառույցը՝ հայտարարելով, թե այդ գործողության նպատակն է՝ խափանել Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այդ մասին հստակ հայտարարեց Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ նախօրեին ունեցած հեռախոսազրույցում: Ի դեպ, Չավուշօղլուն Քերիին ասել է, թե այդ կարծիքին է նաև Ռուսաստանը:

Թուրք նախարարի այս պնդումները մտահոգել են պաշտոնական Վաշինգտոնին: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին, մեկնաբանելով Չավուշօղլու-Քերի հեռախոսազրույցը, ասել է՝ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ զրույցում պետքարտուղարը մտահոգություն է հայտնել Անկարայի ուղղակի և անուղղակի այն ակնարկների կապակցությամբ, թե իբր այդ հարձակումն իրականացվել է ԱՄՆ-ի աջակցությամբ, քանի որ Գյուլենը շարունակում է գտնվել ԱՄՆ-ում: Քիրբին թուրքական կողմի պնդումները ծիծաղելի է համարել` ընդգծելով, որ դրանք ապացուցող ոչ մի փաստ չկա:

Այնուհետև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Անկարայում լրագրողների հետ զրույցում նշեց, թե Անկարայում ռուս դեսպանի մարդասպանի կապերը ցույց են տալիս, որ նա պատկանել է իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպությանը. «Դժբախտաբար այդ կեղտոտ կազմակերպությունը ներթափանցել է մեր բանակ ու ոստիկանություն։ Դեսպանի նկատմամբ կատարված մահափորձը դրա վառ վկայությունն է։ Հանցանշանները տանում են դեպի արտերկիր։ Կարլովն առանձնահատուկ դիվանագետ էր։ Նա երբեք չի միջամտել Թուրքիայի ներքին գործերին և արել է ամեն հնարավոր բան՝ Մոսկվայի ու Անկարայի միջև կապերի զարգացման համար»։

Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող վտարանդի իսլամական գործիչ Ֆեթուլահ Գյուլենը հերքել է իրեն հասցեագրվող մեղադրանքները: Ավելին, Գյուլենը խստորեն դատապարտել է ռուս դեսպանի նկատմամբ իրականացված հարձակումը:

Իր հերթին, Վաշինգտոնն այլ ուղղությամբ է ակնարկներ անում: Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի բացառում, որ վերջին օրերին Թուրքիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում ու Եմենում ծայրահեղականների իրականացրած հարձակումները կարող են ինչ-որ ձևով կապված լինեն միմյանց հետ։ Նա ակնհայտ է համարել, որ ահաբեկիչների ցանցերը բախվում են լուրջ բարդությունների, գտնվում են սպառնալիքի տակ, ինչը, հատկապես վերաբերում է ԴԱԻՇ-ին. «Նրանք փորձում են կազմակերպել տարբեր տիպի հարձակումներ՝ չծախսելով մեծ ռեսուրսներ, որպեսզի մարդկանց ուշադրությունը գամեն իրենց վրա, նրանց վարակեն իրենց թունավոր գաղափարախոսությամբ։ Եվ ինչպես մենք տեսնում ենք, դա տեղի է ունենում համայն աշխարհում։ Ահաբեկչական սպառնալիքը վերաբերում է բոլորին։ ԱՄՆ-ը պատրաստ է տեղեկություններ փոխանակել դաշնակիցների հետ՝ կանխելու համար նման հարձակումները»։

Ռուս դեսպանի սպանության գործում Անկարայի` Գյուլենականների ուղղությամբ սլաքներն ուղղելու մղումն արդեն իսկ հստակ էր սպանությունից րոպեներ հետո, շատերն էին կանխատեսում, որ Անկարան հենց այդպես էլ կվարվի: Անկարայի «ջանքերը» հասկանալի էին:

Սակայն թուրքական իշխանությունները չեն պատասխանում առավել կարևոր հարցերի:

Օրինակ` թուրք ոստիկան Մևլյութ Ալթընթաշը, որը սպանել է ՌԴ դեսպանին, ապահովել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգությունը այս տարվա հուլիսին ռազմական հեղաշրջման փորձից հետո։ Hurriyet թուրքական թերթի տվյալներով՝ 22-ամյա Ալթընթաշը, որը ոչնչացվել է ոստիկանության աշխատակիցների կողմից սպանությունը կատարելուց հետո, հուլիսի 15-ից սկսած 8 անգամ ապահովել է միջոցառումների անվտանգությունը, որոնց մասնակցել է Էրդողանը։

Այդ ինչպե՞ս ստացվեց, որ նման լուրջ պատասխանատվություն ստանձնած ոստիկանության աշխատակիցն ամիսներ անց նման աղմկահարույց սպանության հեղինակ է դառնում:

Հաջորդ հարցը` ինչու՞ անմիջապես սպանեցին մարդասպան ոստիկանին…

Habertürk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հարց է բարձրացրել թե ինչու թուրքական անվտանգության ուժերը սպանեցին Թուրքիայում ՌԴ դեսպանի մարդասպանին և փոխարենը նրան ողջ չբռնեցին։ Քըլըչդարօղլուն պահանջել է ոչ պրոֆեսիոնալ վարքի համար պատասխանատվության ենթարկել հատուկ ծառայությունների ղեկավարներին. «Ո՞վ է զենքը փոխանցել մարդասպանին։ Ո՞վ էր ցանկանում ՌԴ դեսպանի մահը։ Եվ ինչո՞ւ հանցագործին չեն բռնել ողջ վիճակում և կրակելով սպանել են»։ Թուրքիայի իշխանություններին նման հարցեր ու կոչեր հասցեագրել են նաև թուրքական իրավապաշտպան կազմակերպությունները։

Մեկ այլ ուշագրավ տեղեկատվություն: Պարզվում է, Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության օրը զինված թիկնապահ չի ունեցել: Ինչու՞…

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդարանի երկու պալատների ներկայացուցիչների հանդիպմանը մեկնաբանել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանության օրը զինված թիկնապահի բացակայությունը։ Նա ընդգծել է, թե դիվանագետների անվտանգությունն ապահովվում է միայն դեսպանատան տարածքում. «Կա ընդհանուր կանոն, որի համաձայն՝ դեսպանատան անվտանգության զինված աշխատակիցները գործում են միայն բուն դեսպանատան տարածքում։ Դեսպանատան տարածքից դուրս ոչ ոք չի հայտնվում զենքով։ Խնդիրը դրանումն է։ Եվ հարցը Թուրքիան չէ, այդպես են վարվում երկրների մեծ մասի դեպքում։ Մի շարք երկրներում կարելի է պայմանավորվել ռուս դիվանագետների ապահովման անվտանգության այլ մեխանիզմների շուրջ՝ հաշվի առնելով դրանցում ծավալվող զարգացումները»։

Բայց չէ՞ որ Թուրքիայում շարունակական ահաբեկչական գործողություններ են, այդ երկրում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել, որից հետո էլ արտակարգ դրություն է մտցվել: Ինչու՞ ռուս դեսպանն ապահովված չի եղել թիկնապահներով` նաև դեսպանատան տարածքից դուրս:

Ի դեպ, «Ջեյշ ալ-Ֆաթհ» իսլամական խմբավորումների միավորումը հերքել է իր մասնակցությունը Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությանը։

Անկարան էլ ազատ է արձակել ՌԴ դեսպանին սպանած Ալթընթաշի վեց հարազատներին։ Ձերբակալվածների թվում էին` Ալթընթաշի հայրը, մայրը, քույրը, երկու հորեղբայրները և նրանցից մեկի կինը։ Նրանք բոլորն ազատ են արձակվել Թուրքիայի դատախազության որոշման համաձայն։

Ինչպես նկատում ենք, հարցականները բազմաթիվ են: Ռուս դեսպանի սպանությունը, որը գրեթե «օնլայն» իրականացվեց` պարուրված է լիակատար մշուշի մեջ:

Մետաքսյա Շալունց

Աղբյուրը ՝ hayeli.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...