Ինչ անակնկալ է նախապատրաստում Մոսկվան Հայաստանի ու Արցախի համար

 

verlutsuciun_23-11-2016-500x381

lurer.98socnewsinfo.ru —  ՌԴ նախագահը հավանություն է տվել Հայաստանի հետ միացյալ զորախումբ ստեղծելու՝ ՌԴ կառավարության առաջարկին եւ հանձնարարել է ստորագրել այն: Ըստ համաձայնագրի՝ Կովկասյան տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության կողմերից յուրաքանչյուրի անվտանգությունը ապահովելու նպատակով ստեղծվում է երկու երկրների միացյալ զորախումբ, որն ի զորու կլինի համարժեք արձագանքել զինված հարձակմանը, ինչպես նաեւ «կողմերի անվտանգության այլ սպառնալիքներին եւ մարտահրավերներին»: Ուշագրավ է` «համաձայնագիրը որեւէ երրորդ պետության դեմ ուղղված չէ»: Նախատեսվում է, որ խաղաղ ժամանակ զորախումբը ենթարկվելու է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբին, իսկ պատերազմական ժամանակ, կախված իրավիճակից, նաեւ՝ «Ռուսաստանի Հարավային օկրուգի զորքերի հրամանատարին»:

Ո՞ւմ կողմից հնարավոր հարձակումներից, սպառնալիքներից է այդ զորախումբը պաշտպանելու` Ադրբեջանի՞ց, թե՞ Թուրքիայից: Բայց եթե միացյալ զորախումբը ուղղված չէ «երրորդ պետության դեմ»` ինչպե՞ս է «անվտանգության այլ սպառնալիքներին» հակազդելու: Իսկ գուցե Վրաստա՞նն է Ռուսաստանի մտքում:




Մի խոսքով՝ հարցականները շատ են, սակայն հստակ բացատրություններ հայկական կողմից առայժմ չկան, թե ինչ գործառույթներ է իրականացնելու միացյալ զորախումբը: Առայժմ միայն կարելի է ենթադրություններ անել, եւ մտահոգություններ կան, որ Մոսկվան այդ համաձայնագրով Հայաստանին կարող է անակնկալներ մատուցել` ներքաշելով մեր երկիրը խնդիրների մեջ: Միաժամանակ, այս պահին կարելի է արձանագրել, որ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների մակարդակն այնպիսին է, որ ստեղծվելիք ստորաբաժանումները հազիվ թե օգտագործվեն ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի, երբ, օրինակ, անհրաժեշտություն առաջանա պաշտպանել Հայաստանի սահմանները Ալիեւի սանձազերծած ոտնձգություններից:

Ըստ երեւույթին, Մոսկվան հայկական բանակի վրա հսկողություն ու ազդեցություն ունենալու ձգտում ունի այդ «ծրագրով»: Ինչու չէ, դա կարելի է նաեւ դիտարկել Լեռնային Ղարաբաղում ինչ-ինչ զարգացումների դեպքում ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորության համար կանաչ ճանապարհի բացում:

Այստեղ հարկ է հիշեցնել, որ ապրիլի քառօրյա պատերազմի օրերին՝ ապրիլի 4-ին Սերժ Սարգսյանը նշեց, որ հրահանգել է ԱԳՆ-ին աշխատել ԼՂ-ի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Այդ օրերին ասվում էր, որ կնքվելիք պայմանագրով հիմք կստեղծվի ԼՂ-ի ճանաչման համար: Սակայն մինչ այժմ այդ պայմանագրի ճակատագիրն անհայտ է մնացել: Հայ-ռուսական միացյալ զորախումբը Ղարաբաղի եւ Հայաստանի սահմաններում հնարավոր պատերազմական իրավիճակներում ինչպե՞ս է իրեն դրսեւորելու, ո՞ւմ հրահանգներին է ենթարկվելու: Եթե պատերազմի կամ պատերազմի վտանգի ժամանակ այն ենթարկվելու է ՌԴ Զինված ուժերին, ապա այս դեպքում հարցականներն, իհարկե, ավելանում են… Կամ՝ եթե, օրինակ, Վրաստանի տարածքում Ռուսաստանը ինչ-որ խնդիրներ ունենա, Հայաստանն էլ այդ միասնական զորախմբով պետք է մասնակցի՞ ՌԴ-ի հնարավոր գործողություններին:

Ի դեպ, տարօրինակ չէ՞ր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսիա սեգոդնյա» լրատվական գործակալությանը, Դմիտրի Կիսելյովին տված վերջին հարցազրույցում անդրադառնալով հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորմանը՝ այսպիսի հայտարարություն արեց. «Մենք, իհարկե, մանրամասն կուսումնասիրենք այն նորությունները, որոնք ՌԴ նախագահի հրամանագրով կներառվեն համաձայնագրերում»:

Այսինքն` անակնկալները չե՞ն բացառվում: Ըստ երեւույթին՝ ոչ, որովհետեւ Սերժ Սարգսյանի այդ մտքին հետեւեցին Կիսելյովի ճշտող հարցերը, ապա Սարգսյանի կողմից պարզաբանումը, թե չի կարծում, որ Գյումրիից բացի՝ նոր ռազմակայանի ստեղծման անհրաժեշտություն կլինի. «Փոքր Հայաստանում մեկ ռազմակայանը բավարար է, պարզապես պետք է ռազմական հզորությամբ հագեցնել այն»։

Ադրբեջանի զորավարժությունները «խաղաղասիրական» էին, Վրաստանինը` սպառնալի՞ք

Թբիլիսիի մերձակա «Վազիանի» ռազմակայանում՝ ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի Վարժանքների ու գնահատման համատեղ կենտրոնի (JTEC) տարածքում մինչեւ նոյեմբերի 20-ը կայացան «ՆԱՏՕ-Վրաստան-2016» վարժանքները: Համատեղ վարժանքների գլխավոր նպատակը Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի զինված ուժերի փոխհամատեղելիության ապահովումն է՝ հայտնում էին Վրաստանի ՊՆ ներկայացուցիչները: «ՆԱՏՕ-Վրաստան 2016» վարժանքները թվով երկրորդ վարժանքներն էին, որոնք անցկացվեցին ՆԱՏՕ-Վրաստան միջոցառումների փաթեթի (SNGP) շրջանակներում։

Այս իրադարձությունը հերթական անգամ արժանացավ Մոսկվայի կոշտ գնահատականներին: Ռուսաստանի ԱԳՆ-ն ուղղակի հայտարարեց, որ ՌԴ-ն նման ակտիվությունը դիտարկում է որպես լուրջ սպառնալիք տարածաշրջանի կայունության եւ խաղաղության համար։ «Իրենց անհանգստությունն են հայտնել նաեւ Վրաստանի մյուս հարեւանները՝ Աբխազիան եւ Հարավային Օսիան»,- ասվում էր ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ Գերատեսչությունում նաեւ նշել էին, որ «զորավարժությունները բարդացնում են ռուս-վրացական հարաբերությունների առողջացման դրական գործընթացը»։

Մոսկվային, իր հերթին, արձագանքեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը. «Այդ զորավարժությունները համաչափ բնույթ են կրում եւ ամբողջությամբ համապատասխանում են մեր միջազգային պարտավորվածություններին»։ Իսկ Վրաստանի ԱԳՆ-ն, մեկնաբանելով Վրաստանում ՆԱՏՕ-ի հետ անցկացված զորավարժությունների առնչությամբ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը, փոխանցեց. «ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի համագործակցությունն ուղղված է տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանն ու զարգացմանը, ինչը ծառայում է բոլոր կողմերի շահերին։ Վրաստանում անցկացվող «ՆԱՏՕ-Վրաստան 2016» զորավարժությունները երկրի եվրաատլանտյան ինտեգրման անփոփոխ կուրսի հերթական հաստատումն են։ Զորավարժություններին վրացական կողմի հետ մեկտեղ մասնակցում են դաշինքի 13 անդամ եւ գործընկեր երկրների մինչեւ 250 զինծառայողներ։ Նման միջոցառումները նպաստում են Վրաստանի պաշտպանունակության եւ դաշինքի հետ համատեղելիության մեծացմանը։ ՆԱՏՕ-Վրաստան համագործակցությունն ուղղված է տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանն ու զարգացմանը, ինչը ծառայում է բոլոր կողմերի շահերին»։ Ուշագրավն այն է, որ գրեթե նույն օրերին` նոյեմբերի 12-18-ը, Ադրբեջանի զինուժն անցկացրեց լայնամասշտաբ զորավարժություններ: Ըստ Ադրբեջանի ռազմական գերատեսչության` վարժանքներին մասնակցում էին մինչեւ 60 հազար զինվորական, ավելի քան 50 ինքնաթիռ եւ ուղղաթիռ, 150-ից ավելի տանկ, 700 հրթիռահրետանային համակարգ:

Սակայն Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը դա չհամարեց «լուրջ սպառնալիք տարածաշրջանի կայունության եւ խաղաղության համար»` ուղղված ընդդեմ Լեռնային Ղարաբաղի անվտանգության: Պարզ է ինչու` եթե զինում են Ադրբեջանին, ինչո՞ւ պետք է սպառնալիք համարեն նրանց լայնամասշտաբ զորավարժությունները: Այստեղ տեղին է հիշատակել օրերս Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուի դիտարկումը, երբ «Առավոտ»-ի հարցին` մերձավորարեւելյան տարածաշրջանում թուրքական գործոնի ակտիվացման վերաբերյալ, հակադարձել էր. «Ռուսաստանը՝ ձեր դաշնակիցը, զենք է տրամադրում Ադրբեջանին: Ռազմական տեսակետից Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերություններն այնքան էական չեն, որքան Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները: Ռուսաստանն Ադրբեջանին տրամադրում է բոլոր հիմնական զինատեսակները՝ ինքնաթիռներ, ուղղաթիռներ…»:

 

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

You might also like More from author