Ինչ անակնկալ է պատրաստել Մակրոնը Փաշինյանին

392

lragir.am — Մայիսի 8-ին վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը ստացել է այլ պետությունների ղեկավարների բազմաթիվ շնորհավորանքներ, որոնց թվում սակայն դեռեւս բացակայում է մեկը եւ կարեւորը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի շնորհավորանքը:

Նիկոլ Փաշինյանին գրեթե անհապաղ շնորհավորեց Պուտինը: Մայիսի 14-ին Սոչիում Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո Հայաստանի վարչապետին շնորհավորեց նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է նաեւ Եվրամիության առաջատարի՝ Գերմանիայի կանցլեր Մերկելը:

Իսկ ահա Ֆրանսիայի նախագահ Մակրոնի շնորհավորանքը ուշանում է: Մինչդեռ Ֆրանսիան Հայաստանի համար առանձնահատուկ տնտեսա-քաղաքական, մշակութային գործընկեր եւ բարեկամ պետություն է, ու դրանից բացի նաեւ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներից մեկը: Մյուս երկուսը շնորհավորել են նախագահի մակարդակով, իսկ Ֆրանսիան՝ դեռեւս ոչ:

Ինչու՞ է ուշանում Ֆրանսիայի նախագահի շնորհավորանքը Նիկոլ Փաշինյանին: Ֆրանսիայից շնորհավորանք ստացվել է՝ շնորհավորել է այդ երկրի վարչապետը, ընդ որում հայտարարելով, որ Ֆրանսիան առավել քան երբեւէ Հայաստանի կողքին է:

Այդ դեպքում ինչու՞ է ուշանում Մակրոնը: Հազիվ թե դրա պատճառը լինի այն, որ Մակրոնն ակնկալում է շնորհավորել Նիկոլ Փաշինյանին անձամբ՝ երբ հոկտեմբերին Երեւանում տեղի ունենալիք Ֆրանկոֆոնիայի Վեհաժողովի առիթով  կայցելի Հայաստան: Բայց պետք չէ բացառել նաեւ, որ Մակրոն-Փաշինյան հանդիպում կլինի ավելի վաղ, եւ Նիկոլ Փաշինյանը կայցելի օրինակ Փարիզ:

Բանն այն է, որ Հայաստանի իշխանության ձեւավորման քաղաքական շրջանակի կամ համատեքստի առումով տարիներ շարունակ նկատելի է եղել ուշագրավ մի բաղադրիչ՝ իշխանության Առաջին դեմքի թեկնածուները «անցել» են Ֆրանսիայով, Փարիզով: Լեւոն Տեր-Պետրոսյանը, հետո Ռոբերտ Քոչարյանը՝ երբ վարչապետ էր ու պատրաստվում էր դառնալ նախագահ, նույն կերպ վարչապետի պաշտոնից նախագահի պաշտոնի տեղափոխվող Սերժ Սարգսյանը:

Կա՞ր այդտեղ օրինաչափություն, թե ոչ, դժվար է ասել:Նիկոլ Փաշինյանը վարչապետի կարգավիճակի ճանապարհին անցել է հարյուրավոր, գուցե հազարավոր կիլոմետրեր, բայց Հայաստանում, իսկ Ֆրանսիայով «անցնել» նա չի հասցրել: Նիկոլ Փաշինյանը վարչապետ է դարձել ընդդիմությունից, անմիջապես, թավշյա հեղափոխության ճանապարհով, եւ արդյոք դա է պատճառը, որ Ֆրանսիան նախագահի մակարդակով չի շտապում շնորհավորել նրան, կամ փորձելով հասկանալ կատարվածի կամ կատարվողի ամբողջական շրջանակն ու բնույթը:

Մյուս կողմից, դեռեւս հունվարի վերջին Ֆրանսիա էր այցելել Սերժ Սարգսյանը, հանդիպելով Մակրոնի հետ, որտեղ ըստ Ֆրանսիայի նախագահի քննարկել էին միջազգային քաղաքականության մի շարք հարցեր: Սարգսյանի այդ այցը գնահատվեց իբրեւ վարչապետության պլանի միջազգային լեգիտիմության կարեւոր կնիք: Արդյոք Մակրոնի մոտ ներկայում առկա են հարցեր այդ կապակցությամբ, Սերժ Սարգսյանի հետ դրա ընթացքում ձեռք բերած որոշակի պայմանավորվածությունների առնչությամբ:

Չի բացառվում, որ Մակրոնը գուցե անակնկալ է պատրաստել Հայաստանի նոր վարչապետի համար:Ֆրանսիայի նախագահը բավական ուշ էր շնորհավորել նաեւ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին, ընտրվելուց 24 օր անց: Այդ իմաստով, Նիկոլ Փաշինյանի վարչապետությունը շնորհավորելու մասով դեռ կա 9 օր ժամանակ: Ընդ որում, 24 օրը լրանում է հունիսի 1-ին, որը նաեւ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է, եւ գուցե Ֆրանսիայի նախագահը անակնկալ է պատրաստել այդ օրվա համար, կրկնակի շնորհավորանքի տեսքով:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache