ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆ՝ ԻՐԵՆՑ ԴԵՄ Է ԱՇԽԱՏՈՒՄ

0

Քաղաքացիներին պատժելու ու ահաբեկելու մեթոդները շարժումից շարժում կատարելագործվում են, իսկ քրեական մեղադրանքները, որոնք ներկայացվում են ցույցերի մասնակիցներին, ավելի անհեթեթ են դառնում: 2004 թվականին ընդդիմության ցույցերի մասնակից Էդգար Առաքելյանին 1,5 տարվա ազատազրկման էին դատապարտել՝ ապրիլի 12-13-ի գիշերը պլաստմասսե շշով ոստիկանին հարվածելու համար: Իսկ 2018-ին ընդդիմադիր ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը «Հարյուրամյակն առանց ռեժիմի» կարգախոսով միտինգներում իր ելույթների համար դատապարտվեց 5,5 տարվա ազատազրկման: «Դինամիկ զարգացման» միտումը Հայաստանում ակնհայտ է:

Սերժ Սարգսյանն իր իշխանության առաջին տարիներին ներում շնորհեց ցուցարարներին

2008 թվականի մարտի 1-ին իշխանական ԶԼՄ-ները մանրամասն սցենար էին մշակել, թե ինչպես կարելի է իրենց սահմանադրական իրավունքն իրացնող ցուցարարներին որպես հանցագործ ներկայացնել: Մարտի 1-ի առավոտյան ոստիկաններն Ազատության հրապարակի թփերի տակ խնամքով դրված նռնակներ էին գտնում, «ոզնիներ», թմրամոլների ասեղներ, իսկ հաջորդ օրը, տասը մարդու սպանելուց հետո, լլկված, հարյուրավոր վիրավորներ ունեցող քաղաքի վզին փաթաթեցին թալանված խանութների կադրերը:

Մարտի 1-ի գործով քրեական վարույթի ընթացքում հստակ զգացվում էր, որ հասարակ ցուցարարների նկատմամբ իշխանությունն անհամեմատ ավելի ներողամիտ է: Թիրախում շարժման առաջնորդներն էին, քաղաքական դեմքերը։ Թվերը փաստում են, որ իշխանության գալու առաջին տարիներին ցուցարարն այնքան սարսափելի չէր Սերժ Սարգսյանի համար, որքան այժմ:

Հասարակ քաղաքացիներին եւս ջարդ եւ հրկիզում իրականացնելու, գույք ոչնչացնելու եւ վնասելու, հրազեն, պայթուցիկ նյութեր եւ սարքեր գործադրելու եւ իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրելու, բռնության ենթարկելու եւ այլ մեղադրանքներ էին առաջադրվել: 152 անձանցից դատարան ուղարկեցին 117-ի վերաբերյալ գործերը, 5 անձի նկատմամբ նշանակեցին տուգանք, 65-ը դատապարտվեցին ազատազրկման, 6-ն արդարացվեցին, մեկը ճանաչվեց անմեղսունակ: Ազատազրկման դատապարտվածներից 28 անձի ՀՀ նախագահը ներում շնորհեց, 26 հոգի ազատվեց համաներման արդյունքում (ըստ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի):

Բերման ենթարկվածը գնում է բաժին, հաջորդ օրը գալիս է ընկերոջ հետ

2015 թվականի հունիսի 23-ին ոստիկանությունը մինչ այդ չտեսնված դաժանություն կիրառեց երիտասարդության նկատմամբ, որոնք ամենամարդաշատ սոցիալական շարժման՝ «Էլեկտրիկ Երեւանի» հարվածային ուժն էին: Այդ օրը Բաղրամյան պողոտայում, որը փակ էր երկու շաբաթ, ցուցարարներին ցրեցին ջրցան մեքենաներով: Դրանք առաջին անգամ էին կիրառվում ցույց ցրելիս։ Բարձր ճնշման տակ եկող ջրի շիթն արյունլվա էր անում կանգնածներին, թռցնում էր մի քանի մետր այն կողմ ու նետում ասֆալտին: «Էլեկտրիկ Երեւան» շարժման հիմնադիրներից Արտուշ Չիբուխչյանը, մասնագիտությամբ ֆիզիկոս, ծրագրավորող, եզրակացրել է․ «Ոստիկաններն իրենք էլ չգիտեին, թե ինչպես կիրառել ջրցանը, եւ գերազանցել էին թույլատրելի ճնշումը։

Այնպես էին գործածել մեքենան, որ ջրցանի այն հատվածը, որից մղվում է ջրի շիթը, վնասվել էր»: Այսօր էլ նա եւ «Էլեկտրիկի» նրա մյուս ընկերներն ակտիվ մասնակցում են այս շարժմանը։ «Հիմա ավելի շատ են բերման ենթարկվածները, քան «Էլեկտրիկի» ժամանակ,- ասաց նա մեզ հետ զրույցում։- Իշխանության տակտիկան սխալ էր ի սկզբանե։ Մտածում էին՝ մարդիկ չեն հավաքվի, լուրջ չեն ընդունի ցուցարարներին։ Բայց շարժումը մեծացավ։ Իրենք հիմա ուրիշ ճար չունեն։ Բերման են ենթարկում, մարդը գնում է բաժին, հաջորդ օրը գալիս է ընկերոջ հետ։ Բերման չեն ենթարկում՝ էլի շատանում են։ Ինչ անում են, իրենց դեմ է աշխատում»։

«Նպատակը երեկ եվ այսօր մեկն է՝ ժողովրդին սարսափեցնել»

«Էլեկտրիկ Երեւանն» ավարտվեց էլեկտրաէներգիայի թանկացման մասին որոշման կասեցմամբ, ինչն իշխանությունը երիտասարդների հաղթանակը համարեց, ուստի քրեական գործեր չհարուցվեցին: «Սասնա ծռերի» դիմադրությունն ավելի մեծ թշնամանք ու հաշվեհարդարի ծարավ առաջացրեց իշխանական ատյաններում, եւ ոստիկանները, համապատասխանաբար, ավելի «կատաղած» էին: Եթե «էլեկտրիկ Երեւանի» օրերին նրանք ակնհայտ էին ուժ կիրառում, երբ տվյալ վայրում մարդկանց մեծ կուտակումներ կային, ապա «Սասնա ծռերի» դիմադրության օրերին ծնվեց նոր տակտիկա՝ անսպասելի հարձակվում էին փոքր խմբերով կանգնածների վրա, լրագրողների, ծեծում կամ բերման էին ենթարկում։ Ցուցարարներին, «զանգվածային» անկարգներին տարիներով դատում են:

«Ոտքի, Հայաստան» շարժման մասնակից Դավիթ Հովհաննիսյանին կալանավորեցին ոստիկանի վրա քար նետելու համար: Միակ ցուցմունք տվողներն այս գործով երկու ոստիկաններն էին: Սա այնքան անհեթեթ գործ էր, որ երկու տարի քննելուց հետո որոշեցին «առկախել» այն: Ի՞նչ է սա նշանակում: Հովհաննիսյանի փաստաբան Հովիկ Արսենյանը պատասխանում է. «Քրդատում նման կատեգորիա գոյություն չունի, բայց գործնականում մեր իրավապահներն այլ կերպ են վարվում: Մինչ օրս Դավիթ Հովհաննիսյանը մեղադրյալի կարգավիճակում է, բայց նրան ո՛չ մեղադրում են, ո՛չ էլ կարճում են»: Սա ի՞նչ գործելակերպ է։ Ցուցարարների նկատմամբ վրեժխնդի՞ր են լինում: «Նպատակը երեկ էլ, այսօր էլ մարդկանց սարսափի մեջ պահելն է»,- պատասխանում է իրավաբանը:

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache