Ինչ է ասել վարչապետը տեսախցիկն անջատած. պատասխանը Սերժ Սարգսյանին

1

lragir.am — Շվեյցարական Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցած վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել Եվրանյուզ հեռուստաալիքին, որտեղ հայտարարել է բարեփոխումները շարունակելու մասին: Հարցազրույցը այդպես անվանել հնարավոր է թերեւս պայմանականորեն, համենայն դեպս դատելով տարածված տեղեկությունից, որովհետեւ խոսքն ընդամենը մեկ րոպե եւ մի քանի վայրկյան տեւող խոսքի մասին է: Եղե՞լ է ավելին, առայժմ պարզ չէ:

Ընդ որում, հետաքրքիր է, որ Կարեն Կարապետյանը խոսում է անգլերեն: Կարեն Կարապետյանը Եվրանյուզի հետ զրույցը նկատելիորեն դիտարկել է որպես իր եվրոպական այցեքարտ, ըստ այդմ իմաստ չէր ունենա ներկայանալ այլ լեզվով, թեեւ Եվրանյուսը հեռարձակվում է նաեւ ռուսերենով: Նրա համար թերեւս շատ կարեւոր է եղել ցույց տալ, որ ինքն ամենեւին «ռուսական» վարչապետ չէ:

Հանգամանքը հետաքրքիր է Հայաստանում չորրորդ նախագահի թեկնածության ներկայացման համատեքստում, որը Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանն է, ընդգծված եվրոպական կամ եվրա-բրիտանական այցեքարտով:Արմեն Սարգսյանը դիտարկվում է որպես Հայաստանի ներհամակարգային նոր հակակշիռ, այդ թվում նաե հենց իր այցեքարտի շնորհիվ: Միեւնույն ժամանակ, նա ակնհայտ մրցակցություն է նաեւ Կարեն Կարապետյանի համար, արդեն այսպես ասած իմիջային տեսանկյունից էլ, ընդ որում ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ միջազային հարթակներում:

Այդ իմաստով, Կարեն Կարապետյանի անգլերեն հարցազրույցը Եվրանյուզին դառնում է ոչ միայն ընդհանրապես այցեքարտ 2018-ի ապրիլի համատեքստում, այլ նաեւ չորրորդ նախագահի թեկնախուով Սերժ Սարգսյանի հաղորդած նոր մրցակցության որոշակի պատասխան:Ինչքանո՞վ այն կօգնի Կարեն Կարապետյանին, կամ կունենա օգտակար գործողության բարձր գործակից: Անշուշտ 1 րոպե տեւողությամբ հարցազրույցը հազիվ թե վճռորոշ լինի իշխանական վերադասավորումների եւ ընդհանրապես իշխանության բաժնեմասի համար պայքարում: Օրինակ, 2007-08 ոչ պակաս կարեւոր ցիկլից առաջ Սերժ Սարգսյանին անհրաժեշտ եղավ Եվրանյուզի մի ամբողջ ռեպորտաժ, երբ պաշտպանության նախարար Սարգսյանը ճակատային դիրքերում հարցազրույց էր տալիս այն ժամանակ դեռ բանակային գեներալ Սեյրան Սարոյանի ֆոնին, թերեւս եվրոպացիների աչքին սեփական առավելության ֆոնային կոնտրաստ ստեղծելու համար:

Կարեն Կարապետյանի թե ժամանակն էր կարճ, թե ֆոնը կոնտրաստային չէր: Ավելին, Կարապետյանը հարցազրույց տալիս ավելի շատ վերեւ էր նայում՝ կարծես ասելիքը հիշելու կամ չմոռանալու համար, քան գեղեցկադեմ հարցազրուցավարուհուն:

Մյուս կողմից, Կարապետյանի առանցքային ակնկալիքը գուցե մեկ րոպե հարցազրույցը չէր, այլ դրա նպատակն ընդամենը իշխող համակարգին մեսիջ հղելն էր, որ Դավոսում նա զբաղված է եղել ոչ միայն նրանով, ինչ հայտնվել է պաշտոնական լրահոսում ու Եվրանյուզով ասելով, որ բարեփոխումները շարունակելու են, մնացյալը թերեւս ասել է «տեսախցիկն անջատած»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache