Ինչ է ասելու Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ-ին. Սերժ Սարգսյանի ակնարկը

191

lragir.am — Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի հնարավոր հարցաքննության մասին տեղեկությունը պաշտոնապես չհերքվեց ու չհաստատվեց: Եթե օրինակ մի քանի ամիս առաջ խորհրդարանում Մարտի 1-ի վերաբերյալ հայտարարության ԵԼՔ դաշինքի նախաձեռնության ընթացքում իրավապահներն ու նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը անիմաստ էին դիտարկում Քոչարյանի հարցաքննությունը, ապա այժմ դրա հնարավորությունը չի հերքվել:

Բայց, ինչու՞ պետք է հարցաքննվի միայն Ռոբերտ Քոչարյանը: Իհարկե նա պետք է հարցաքննվի առաջիններից մեկը, կամ առաջինը, որպես այդ պահին գործող նախագահ, քաղաքական որոշումների պատասխանատու: Բայց պակաս անհրաժեշտ չէ հարցաքննել նաեւ այդ պահին «ընտրված» նախագահ եւ գործող վարչապետ, խորհրդարանի մեծամասնության ղեկավար Սերժ Սարգսյանին, նաեւ խորհրդարանի ղեկավարությանը, այդ թվում խոսնակ Տիգրան Թորոսյանին, որը մի առիթով հայտարարել էր, թե արտակարգ դրություն մտցնելու որոշումը Ռոբերտ Քոչարյանը չի քննարկել խորհրդարանի հետ:

Պետք է հարցաքննվեն շատերը, այդ թվում Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այսինքն, Մարտի 1-ի գործով հարցաքննությունը չպետք է պայմանավորված լինի միայն դրա համար հնարավոր իրավական պատասխանատվության տրամաբանությամբ:

Մյուս կողմից, Քոչարյանի հարցաքննությունը կարող է միանգամից հանել մնացյալ բոլոր հարցաքննությունների անհրաժեշտությունը՝ ասենք, նա կարող է ամբողջ պատասխանատվությունը վերցնել իր վրա, կամ քանդել կծիկը եւ ասել բաներ, որոնք կարող են առաջ բերել հերթով բոլորի հարցաքննության անհրաժեշտություն:

Ըստ այդմ, Քոչարյանի հարցաքննությունը լարվածություն է թերեւս ոչ միայն նրա համար, այլ մնացյալ բոլորի, ովքեր Մարտի 1-ի իրադարձությունների համար ունեցել են անմիջական իրավա-քաղաքական պատասխանատվության գործառույթ:

Ենթադրենք, որ ամենակոշտ գործողությունների միանձնյա որոշումը կայացնում էր Քոչարյանը: Արդյոք իշխանության մնացյալ կառույցներում չկար նրա ձեռքը բռնելու հնարավորություն: Թե՞ բոլորը սպասում էին, որ հեռացող Քոչարյանի վրա ընկնի իրենց մնալու պատասխանատվությունը:

Մարտի 1-ի գործը պահանջում է իրապես համակողմանի քննություն, որի արդյունքը պետք է լինի նախ՝ տասը կյանքի համար պատասխանատուների հայտնաբերումն ու նրանց պատասխանատվության ենթարկելը, ու դրանից բացի նաեւ այդ դաժան ու ողբերգական իրադարձությունները այս կամ այն քաղաքական հաշվարկով չկանխելու համար քաղաքական պատասխանատուներին, որոնք գործնականում հաջորդած տասնամյակում փորձեցին խաղալ Մարտի 1-ով: Հայաստանում 2018 թվականի ապրիլ-մայիսի թավշյա հեղափոխությունն այդ խաղի «եզրափակիչ սուլոցն» էր, թավշյա հեղափոխությունն ավարտեց այդ խաղը, բայց խաղացողները դեռ չեն հեռացել դաշտից:

Ըստ այդմ, գործի քննությունը, բացի իրավական բուն անհրաժեշտությունից՝ բացահայտել սպանությունների համար մեղավորներին, ունի թերեւս նաեւ քաղաքական «առաքելություն»՝ հեռացնել հաջորդ տասնամյակում Մարտի 1-ի վրա խաղացածներին, իհարկե բացահայտելով խաղի որոշ մանրամասներ:

Օրինակ, ինչի՞ մասին էր հայտարարում Ռոբերտ Քոչարյանը 2011-ին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը երկխոսության մասին էին պայմանավորվել, եւ դրա օրակարգային հարցերից մեկը Մարտի 1-ի փաստահավաք խումբն էր: Ռոբերտ Քոչարյանը կասկածելով, որ Տեր-Պետրոսյանն ու Սարգսյանը կարող էին ինչ որ բան պայմանավորվել, հանդես եկավ հարցազրույցով ու հայտարարեց, թե ուշադրություն պետք է դարձնել մի հանգամանքի՝ զոհերը մարտի 1-ին եղել են այն հատվածներում, որոնք չեն վերահսկել թե ընդդիմությունը, թե իշխանությունը:

Էական չէ, թե արդյոք Քոչարյանը ճշգրիտ էր ասում, որովհետեւ նա օրինակ ասում էր նաեւ, թե ցուցարարները կրակում են իրավապահների վրա, թեեւ չեղավ այդպիսի որեւէ ապացույց:

Էական է այն, թե Քոչարյանն ինչ էր ուզում ասել դրանով՝ Մարտի 1-ին «երրորդ ձե՞ռք» է գործել Երեւանի կենտրոնում, ու գործել է իշխանությունից անկա՞խ, թե՞ բոլորի իմացությամբ:

Կտրվե՞ն երբեւէ այդ հարցերը Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին: Կամ ի՞նչ հարց կտան նրանք միմյանց, եթե օրինակ լինի առերեսում: Ինչ կասի նրանց Լեւոն Տեր-Պետրոսյանը, կամ արդյոք նրանք որեւէ բան ասած կլինեն Տեր-Պետրոսյանին:

Դուք դասեր չեք քաղել Մարտի 1-ից, Նիկոլ Փաշինյանի հետ ապրիլի 22-ի չստացված հայտնի բանակցությանը հայտարարեց Սերժ Սարգսյանը, կամ գուցե ստացված՝ ի վերջո խորքային առումով ամեն ինչ հարաբերական է:

Սարգսյանի ակնարկը գնահատվեց տարբեր կերպ՝ շատերը դա համարեցին սպառնալիք, շատերը համարեցին Նիկոլ Փաշինյանին ուղղված մեղադրանք: Փաստացի դա հանգուցալուծում էր, այսպես, թե այնպես: Սարգսյանը կամա թե ակամա ստեղծեց իրավիճակ, որի հանգուցալուծմամբ՝ անարյուն, թավշյա հեղափոխությամբ, առանց բռնության իշխանափոխությամբ Նիկոլ Փաշինյանին հնարավորություն տրվեց իր մասով դուրս գալ Մարտի 1-ի ողբերգական հարաբերականությունից եւ ըստ այդմ ազատել «ձեռքերը» դրանում «մնացողների» հանդեպ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache