ԻՆՉ Է ՀԱՋՈՐԴԵԼՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՆ

2

hraparak.am -Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ տասնմեկ օր տեւած քաղաքացիական անհնազանդության պայքարը երեկ հաղթական արդյունք ունեցավ։ Սերժ Սարգսյանը հրաժարականի մասին հայտարարություն տարածեց, իսկ դրանից առաջ ազատ արձակվեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախօրեին ձերբակալված շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը եւ մյուս պատգամավորները՝ Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը։

2015 թվականին ընդունված Սահմանադրությունը չի նախատեսում, որ որեւէ մարմին ընդունի վարչապետի հրաժարականի դիմումը, հայտարարությունը հրապարակելուն պես դադարեցվում են վարչապետի լիազորությունները, դրանք այժմ կստանձնի առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը։ Եվ չնայած համազգային համընդհանուր ցնծությանը եւ ոգեւորությանը, այդուհանդերձ, Սերժ Սարգսյանի հրաժարականը դեռեւս չի նշանակում, թե իշխանությունը փոխանցվում է ընդդիմությանը։ Սա թեեւ կարեւոր է, բայց վերջնական քայլ չէ։

Իրավական ի՞նչ լուծումներ է նախատեսում մայր օրենքը, ի՞նչ է հաջորդելու Սերժ Սարգսյանի հրաժարականին։ Նոր Սահմանադրության 149-րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն՝ վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքերում կառավարությունն է հրաժարական տալիս, տառացիորեն մի քանի օր առաջ, անգամ երեկ՝ հրաժարականից անմիջապես առաջ, վերանշանակված նախարարները նորից դառնալու են ժամանակավոր պաշտոնակատարներ։ Հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ, որն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե Հանրապետականը կարողանա առաջադրել ու ընտրել իր թեկնածուին, ապա նույն ընթացակարգերով նորից կնշանակվեն կառավարության անդամները, ապա կառավարության ծրագիրը կներկայացվի ԱԺ։

 Նույն հոդվածի երրորդ մասը սահմանում է՝ եթե չի ընտրվում վարչապետ, քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով, եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն։ Սահմանադրությունն ԱԺ-ն ցրելուց հետո մինչեւ 40-օրյա ժամկետ է սահմանում արտահերթ ընտրության։

Սահմանադրագետ Վարդան Այվազյանը փաստում է, որ գործող Սահմանադրությունը նման ֆորսմաժորային իրավիճակում այլ ելք չի առաջադրում․ «Այլ հարց է, որ հրապարակը ճնշում գործադրի Հանրապետականի վրա, որպեսզի որեւէ թեկնածու 53 ձայն չստանա, եւ արտահերթ ընտրությունների հարց առաջ գա»։ Սահմանադրագետը նկատեց, որ տակտիկական առումով ճիշտ կլինի, որ մինչեւ ԱԺ-ն ցրելը ընդդիմությունն Ընտրական օրենսգրքում փոփոխության նախագծով չեղարկի ռեյտինգային ընտրակարգը․ «Այո, զարթոնքը, երիտասարդության ոգեւորությունը շատ լավ է, ընդունելի, ապացուցեցինք, որ ազգից դարձել ենք քաղաքացի, բայց չենք կարող հերքել, որ կա այդ 10 հազար դրամների մտավախությունը։ Ու այդ նկատառումով նախեւառաջ մինչ ԱԺ-ն ցրելը պետք է փոխել Ընտրական օրենսգիրքը, հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից, որպեսզի ընտրություններն արդար ընթանան, օլիգարխներն այլեւս փող չբաժանեն, եւ այդ ձայներն էլ մեխանիկորեն կուսակցությանը չգնան։ Ընդ որում՝ ԸՕ-ն սահմանադրական օրենք է եւ ընդունվում է պատգամավորների 3/5-ով»։ Սահմանադրագետը չի կարող կանխատեսել՝ ընդդիմությանը կհաջողվի՞ հասնել այն բանին, որ Սերժ Սարգսյանը հրաժարվի նաեւ ՀՀԿ-ի ղեկավարությունից, սակայն նկատում է՝ եթե նույնիսկ կառավարությունը ցրվի, ու արտահերթ ընտրություններ նշանակվեն, այդ ընթացքում էլ չի կորցնելու պետական միջոցների վրա իր ազդեցությունը․ «Հետեւաբար՝ նախեւառաջ պետք է փոխել Ընտրական օրենսգիրքը»։ Ապրիլի 25-ին Կարեն Կարապետյանը բանակցություններ կսկսի Նիկոլ Փաշինյանի հետ՝ «Մարիոթում»։ Մինչ այդ Փաշինյանը հանրահավաքի ընթացքում երեկ հիշեցրեց, որ չորս կետից բաղկացած իրենց ծրագիրն ուժի մեջ է, որից կատարվել է միայն մեկը։ Ըստ Նիկոլի ծրագրի՝ հաջորդ քայլը պետք է լինի այն, որ խորհրդարանը յոթնօրյա ժամկետում վարչապետի պաշտոնում ընտրի ժողովրդի թեկնածուին, որից հետո կձեւավորվի ժամանակավոր կառավարություն, որին կհաջորդեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache