Լրահոս

Ինչ է կատարվել Գագիկ Ծառուկյանի հետ

 

Գագիկ Ծառուկյանի ընտրարշավը բավական հետաքրքիր ընթացք է ունենում: Հենց սկզբից նրա հիմնական երկու «թեզերը» հետեւյալն են՝ արյունահեղության չի տանելու ժողովրդին, այդ պատճառով է 2015-ին դուրս եկել քաղաքականությունից, եւ պաշտոն չի ուզում, պաշտոնի համար չի անում այս ամենը, մի անգամ նույնիսկ կոչ է արել «չքաղաքականացնել»: Եվ շատերի մոտ հարց է առաջացել՝ այդ դեպքում ինչո՞ւ է նա նորից մտել քաղաքական գործընթացների մեջ:

Մյուս կողմից, նա ասում է, որ պատրաստ է «փրկել ժողովրդին», եթե ստանա 50+1 տոկոս, այդ ժամանակ իր բոլոր խոստումները, 15 կետերը իրականություն են դառնալու: Հընթացս էլ բոլոր հանդիպումների ժամանակ գանգատվում է ԿԸՀ նախագահ Մուկուչյանից, ումից նկատողություն էր ստացել քարոզարշավի ժամանակ այնպիսի խոստումներ տալու համար, որոնք կարող են դիտվել ընտրակաշառք:

Նրա հանդիպումները մարդաշատ են, տասնյակ, հարյուրավոր խնդրագրեր է ստանում, որոնցում տարբեր բնույթի օգնության, փրկելու խնդրանքներ են:Գագիկ Ծառուկյանն ընտրարշավի անվիճելի առաջատարն է, ինչպես 2012-ին, եւ եթե տեղի են ունենում այսպես ասած ազատ եւ արդար ընտրություններ, այսինքն՝ ՀՀԿ-ն նահանջում է, ապա հաղթում է Ծառուկյանի դաշինքը: Դա գիտեն թե ՀՀԿ-ն, թե Ծառուկյանը: Մյուս կողմից, Ծառուկյանը բոլորից լավ գիտե, որ ՀՀԿ-ն դա չի անելու եւ պատրաստ է գնալ ցանկացած քայլի, այդ թվում՝ արյունահեղության: Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո դա առավել քան պարզ դարձավ, եւ Ծառուկյանը նույնիսկ ակնարկեց ՀՀԿ-ի հետ կոալիցիայի հնարավորության մասին:

Ներկայում իրավիճակն ավելի է բարդանում այն բանից հետո, երբ ռուսահայ գործարարների խումբը Սամվել Կարապետյանի գլխավորությամբ երեկ հայտարարեց ներդրումների ակումբ ստեղծելու եւ վարչապետ Կարեն Կարապետյանի ծրագրերին աջակցելու մասին: Դա ոչ այլ ինչ է, քան Հայաստանում կապիտալի նոր «բեւեռի», այն է՝ իշխանության իրական «բեւեռի» ձեւավորման մասին հայտարարություն, որը լիովին փոխում է ուժերի հարաբերակցությունը:Այսպիսով, Հայաստանում առաջանում է կապիտալի պայմանական ասած երրորդ բեւեռը՝ Սերժ Սարգսյան-ՀՀԿ, Ծառուկյան-Հովիկ Աբրահամյան բեւեռների կողքին: Սա իր բնույթվ ավելի ագրեսիվ ու տեխնոլոգիապես առաջադեմ բեւեռ է, որի մոտ մյուս երկուսը մրցունակ չեն թե իրենց ծագման ու բնույթի, թե մոտիվացիայի տեսակետից:

Եվ այս փուլում կարող է առաջանալ իրավիճակ, երբ, ինչպես ասում են, «երրորդն ավելորդ» է:Այս պարագայում Գագիկ Ծառուկյանի վիճակն առավել քան երկիմաստ է դառնում, եւ զուր չէ, որ նա իր հանդիպումներում փաստացի «ալիբի» է ստեղծում իր համար: Նաեւ լիովին հասկանալի է դառնում, թե ինչու է նա վերադարձել քաղաքականություն, կամ ինչու են վերադարձրել: Այս խաղում անհրաժեշտ էր քաղաքական օբյեկտի հավակնություններով ու կերպարով, բայց իրականության մեջ քաղաքականության սուբյեկտ, որը Ծառուկյանի դաշինքն է, եւ որը Ծառուկյանի համար թե շանս է, թե սպառնալիք՝ կախված նրա վերջնական որոշումից՝ գնո՞ւմ է «արյունահեղության», թե ոչ: Ընդ որում, ժամանակ արդեն չի մնացել:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing