Ինչ է քաղցկեղի մետաստազը, որոնք են դրա առաջացման պատճառները և բուժման ու կանխարգելման միջոցները

4

Քաղցկեղի մետաստազներն ուռուցքի առանձին օջախներն են, որոնք առաջանում են հիմնական ուռուցքից և տարածվում: Բուժման բացակայության կամ ուշացման դեպքում օնկոլոգիական շատ հիվանդությունների ժամանակ մետաստազներ են առաջանում: Ժամանակակից բժշկության մեջ ընդունված է համարել, որ մետաստազներն առաջանում են անմիջապես հիմնական ուռուցքի առաջացումից հետո: Հայտնի է, որ քաղցկեղի բջիջներն ուռուցքից պոկվելուց հետո հայտնվում են արյունատար կամ ավշային անոթում և արյան կամ ավշի հետ տարածվում օրգանիզմում, մինչև անոթից դուրս գալն ու մեկ այլ հատվածում աճելը՝ դրանով իսկ առաջացնելով մետաստազներ:

 

Ուռուցքի բջիջները շատ արագ են կիսվում, ինչն էլ նպաստում է դրանց անջատմանն ու տարածմանը: Սակայն բավականին երկար ժամանակ մարդու իմունային համակարգը կարող է ճնշել այդ գործընթացը և զգալիորեն նվազեցնել բջիջների տարածման արագությունը: Ընդ որում՝ դրանից հետո այդ բջիջները դեռ երկար ժամանակ (մի քանի տարի) չեն զարգանում ու չեն կիսվում:

 

Եթե քաղցկեղի բջիջներն արդեն սկսել են կիսվել և սկսել են մետաստազներ առաջանալ, ապա այդ բջիջները սկսում են աճին նպաստող գործոններ արտադրել, ինչն էլ իր հերթին նպաստում է դրանց շուրջը մազանոթների ու անոթների առաջացմանը, որոնք մետաստազին օրգանիզմից «գողացված» սննդարար նյութեր են մատակարարում:

 

Մետաստազների տարածման ուղղությունը

 

Քաղցկեղի բջիջների տարածման ուղղությունները մեծ մասամբ կախված են օրգաններից, որոնցում առավել հաճախ մետաստազներ են առաջանում: Ըստ մետաստազների առաջացման հավանականության նվազման՝ այդ օրգանների ցանկը հետևյալն է.

 

·         ավշային հանգույցներ,

 

·         լյարդ,

 

·         թոքեր,

 

·         սրտամկան,

 

·         կմախքի մկաններ.

 

·         մաշկ,

 

·         փայծաղ,

 

·         ենթաստամոքսային գեղձ,

 

·         գլխուղեղ ու նյարդային համակարգ,

 

·         ոսկրային համակարգ:

 

Մասնավորապես՝ վահանագեղձի քաղցկեղի դեպքում մետաստազներն առավել հաճախ առաջանում են պարանոցի հատվածում և գտնվում են ավշային հանգույցների մոտ: Բացի այդ, վահանաձև գեղձի քաղցկեղի մետաստազները կարող են մայր ուռուցքից բավականին հեռու տարածվել: Առավել հաճախ հեռու գնտվող մետաստազները հայտնաբերվում են թոքերի հատվածում: Նման գոյացությունները հիմնականում լինում են կլորավուն և գտնվում են թոքերի ստորին հատվածում: Ավելի հազվադեպ վահանաձև գեղձի քաղցկեղի մետաստազները հայտնաբերվում են ոսկորներում, ինչպես նաև լյարդում, գլխուղեղում և երիկամներում:

 

Մետաստազների ազդեցությունն օրգանիզմի վրա

 

Ցանկացած հիվանդության դեպքում առավել վտանգավոր  իրավիճակ է լինում, երբ օրգանիզմի դիմադրողականությունը նվազում է: Քաղցկեղի դեպքում հենց այդ ժամանակ են սկսում մետաստազներ առաջանալ: Ընդ որում՝ մեծ մասամբ հենց մետաստազներն են դառնում մահվան պատճառ: Բացի այդ, դրանք զգալիորեն վատացնում են օրգանների աշխատանքն ու հանգեցնում ուժեղ ցավերի: Օրինակ՝ գլխուղեղում մետաստազների տարածման դեպքում առաջանում են գլխացավեր ու ջղագումներ, իսկ մետաստազների տարածումը ողնաշարի և խողովակավոր ոսկորների հատվածում, բացի ուժգին ցավերից, բարձրացնում է նաև կոտրվածքների հավանականությունը: Այդ դեպքում հիմնական բուժմանն հետ մեկտեղ նշանակվում են նաև ոսկորներն ամրացնող բիֆոսֆոնատներ:

 

Քանի որ մետաստազների ի հայտ գալն ու տարածվելը զգալիորեն բարդացնում է քաղցկեղի բուժումը, շատ կարևոր է հայտնաբերել քաղցկեղը վաղ փուլերում:

 

Օնկոլոգիական հիվանդությունների ու մետաստազների հայտնաբերման հիմնական մեթոդներն են.

 

·         Տոմոգրաֆիայի տարբեր տեսակները. համակարգչային, մագնիսա-ռեզոնանսային և այլն.

 

·         Ռենտգենոգրաֆիան,

 

·         Ուլտրաձայնային և ռադիոիզոտոպային հետազոտությունը:

 

Այս մեթոդները թույլ են տալիս հետևել օնկոլոգիական հիվանդության զարգացմանը, հայտնաբերել ուռուցքն ու մետաստազները, պարզել դրանց չափերը, քանակը, ախտահարման հատվածը, ինչպես նաև դրանց տարածման, քայքայման և այլ օրգաններ ու հյուսվածքներ ներթափանցելու արագությունը: Բացի այդ, այս մեթոդները թույլ են տալիս հետևել նաև բուժման ընթացքին, որոշել դրա արդյունավետությունն ու անհրաժեշտության դեպքում ճիշտ որոշումներ կայացնել:

 

Մետաստազների բուժումն ու առաջացման կանխարգելումը

 

Քաղցկեղի դեպքում ամենակարևորը հիվանդությունը հնարավորինս շուտ հայտնաբերելն է: Քաղցկեղի հայտնաբերման դեպքում մետաստազների առաջացումը կանխելու համար իրականացնում են ճառագայթային թերապիա և քիմիաթերապիա:

 

Մետաստազների հայտնաբերման դեպքում կիրառվում են բուժման համակցված եղանակներ՝ կախված ուռուցքի և մետաստազների գտնվելու վայրից: Կիրառվում են կենսաբանական թերապիա, հորմոնային թերապիա, ճառագայթային կրիոթերապիա և քիմիաթերապիա, ինչպես նաև վիրահատական միջամտություն: Ընդ որում՝ քաղցկեղի մետաստազներն ավելի քիչ զգայուն են քիմիաթերապիայի հանդեպ, քան մայր ուռուցքը, ուստի յուրաքանչյուր հիվանդի համար մասնագետները սովորաբար նշանակում են բուժում, որը ամենաճիշտն է այդ դեպքում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache