Ինչ էր ասել Ռոբերտ Քոչարյանը Կաթողիկոսին. Վիգեն Սարգսյանի մտահոգությունը

138

lragir.am — Երբ եկեղեցին պիտակավորում ես քաղաքական ուժերից մեկի կցորդ, հավատացյալ մարդը մտահոգվում է, ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀԿ ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը:

Այդպես նա արձագանքում է այն գնահատականներին, ըստ որոնց Հայ Առաքելական Եկեղեցին տարիներ շարունակ դարձել էր իշխանության կցորդ, ներքաշվելով իշխող համակարգի շահերի շրջանակ եւ դրանում կատարելով այդ շահերին ծառայողի դեր:

Օրերս Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավարն էր արձագանքել այդօրինակ գնահատականներին ու ասել, թե եկեղեցին երբեք չի եղել իշխանության կցորդ: Ինչ խոսք, հնարավոր չէ գտնել տեղեկանք՝ կնիքով, որտեղ հաստատվում է, որ ՀԱԵ-ն եղել է իշխող համակարգի կցորդ:

Բայց, օրինակ հնարավոր է հիշել դեպք, երբ եկեղեցին, ավելի շուտ եկեղեցու ղեկավարությունը իրեն պահել է հենց այդպես: Խոսքը Հայաստանի նորագույն պատմության ամենաողբերգական էջերից մեկի՝ Մարտի 1-ի մասին է:

Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարը, հոգեւոր առաջնորդը՝ Գարեգին Երկրորդը, նախ Ռոբերտ Քոչարյանից թույլտվություն էր հարցրել այսպես ասած խաղաղ հանգուցալուծման միջնորդության համար, հետո այդ թույլտվությամբ գնացել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի տուն: Տեր-Պետրոսյանը չէր ընդունել նրան, ասելով, թե ուժը իշխանությունն է կիրառել, հետեւաբար պետք է խաղաղարար միջնորդությամբ գնալ իշխանության, ոչ թե իր մոտ: Հատկանշական է, որ Գարեգին Երկրորդը այդ մերժումից հետո իր «միջնորդական առաքելությունը» համարել էր ավարտված:

Ինչու՞: Թերեւս այն պատճառով, որ իշխանությունը թույլ չէր տվել միջնորդել դրանից ավելին: Այլապես պարզ հարց է առկա՝ ինչու՞ Կաթողիկոսը չշարունակեց աշխուժորեն որոնել խաղաղ հանգուցալուծում, թույլ չտալ արյունահեղություն, կանխել բախումը, գնալով ուղղակիորեն Մյասնիկյանի հրապարակ:

Հետագա տասնամյակում իշխանությունն իհարկե որդեգրեց եկեղեցու հետ ավելի «նուրբ» գործարքի մեթոդ, հրաժարվելով քոչարյանական վարչահրամայական ոճից: Սերժ Սարգսյանը գնաց իրեն բնորոշ ոճին, եկեղեցուն նույնիսկ առերեւույթ տալով առավելություն, գերակայություն, բայց այդպիսով իհարկե շարունակելով զսպել ու կառավարել այդ կառույցի ներուժն ու դերը, որ կարող էր ունենալ հանրային-պետական խնդիրներում:

Եկեղեցու ղեկավարության համար այդ հարաբերակցությունն անշուշտ առավել ցանկալի էր, քանի որ առերեւույթ այլեւս չկար «կցորդության» աղաղակող իրողություն:

Փոխարենը ավելի ու ավելի ակնառու սկսեց դրսեւորվել այն, որ եկեղեցու ղեկավարությունն իր կենցաղվարությամբ մեղմ ասած քիչ է տարբերվում աշխարհիկ ղեկավարության կենցաղվարությունից: Պարզապես, այլեւս խոսքը կցորդության մասին չէր, այլ գրեթե ամբողջական նույնականացման:

Այդ ժամանակ իհարկե իշխանությունը չէր մտածում հավատացյալների հիասթափության կամ մտահոգության մասին: Այդ ժամանակ իշխանությունն ուներ իր խնդիրները, եւ Վիգեն Սարգսյանն օրինակ երբ խաչքավորություն էր անում, այլ բարձրաստիճան պաշտոնյաների նման, նրան այդ ժամանակ չէր հուզում հավատացյալների վերաբերմունքը եւ եկեղեցին իշխանության հետ նույնացնելու հնարավոր վտանգը: Նրան հուզում էր եկեղեցու հնարավոր աջակցությունը հետագա ներիշխանական պլաններում, հուզում էր եկեղեցու «կնիքի» ազդեցությունը:

Այստեղ անշուշտ գնահատականները կամ մեկնաբանությունները պետք է թերեւս հաշվի առնեն մի կարեւոր հանգամանք, շեշտեն եւ արձանագրեն: Երբ խոսվում է եկեղեցի-իշխանություն տարիների հարաբերության մասին, հարկավոր է պարզաբանել, որ եկեղեցի խոսքը եկեղեցու մասին է որպես ինստիտուտ, որի պատասխանատվությունը կրում է դրա բարձրագույն ղեկավարությունը: Որովհետեւ Հայ Առաքելական եկեղեցին ունի հարյուրավոր նվիրյալ հոգեւորականներ, որոնք ծառայում են հանրությանը եւ որեւէ գործարքի մեջ չեն իշխանության հետ:

Վերջին հաշվով, հենց նրանց առկայությունն է, որ թույլ չի տվել հավատացյալներին մտահոգվել, անգամ տեսնելով եկեղեցու ղեկավարության եւ իշխող համակարգի նույնականացումը:

Թավշյա հեղափոխությունից հետո եկեղեցու ղեկավարության համար բացվեց նոր ուղու, նոր հանրային վարքագծի հնարավորություն, բայց ՀՀԿ-ն կամ նախկին իշխանությունը դա թույլ չի տալիս, շարունակելով նաեւ որպես «ընդդիմություն» ՀԱԵ-ն նույնականացնել իրեն եւ ներքաշել ՀԱԵ ղեկավարությանը նոր գործարքի մեջ:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache