good-banner
Լրահոս

Ինչ գերժամանակակից ռեսուրս է ձեռք բերել հայկական բանակն ԱՄՆ-ից

 

arm148579896257

ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելին Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը ոչ միայն չի արգելակի հայ-ամերիկյան ռազմական գործակցությունը, այլ Թրամփի վարչակազմի պաշտոնավարման ընթացքում էլ այն կշարունակի խորանալ: Հայ-ամերիկյան ռազմական գործակցությունը տեղի է ունենում Կանզաս նահանգի ազգային գվարդիայի միջոցով:
Գվարդիայի պատվիրակությունը գեներալ Թաֆանելիի գլխավորությամբ Հայաստան էր ժամանել հայկական բանակի 28-րդ տարեդարձի միջոցառումներին մասնակցելու համար:
Ամենաուշագրավ հարցին՝ ռազմական գործակցությունը ռազմա-տեխնիկականի վերածելուն, գեներալը տվել է «չեզոք» պատասխան, ասելով, թե «Հայաստանի հետ մեր համագործակցությունն այս տարիներին կայուն է եղել: Որևէ փոփոխություն չենք նկատել: Երկու կողմն էլ հանձնառություն ունեն՝ շարունակել անվտանգության ոլորտում մեր համագործակցությունը, և շատ ուրախ ենք այդ ոլորտում դերակատարություն ունենալու համար»:
Այդ կապակցությամբ բավական ուշագրավ միտք էր արտահայտել Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, հունվարի 27-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում: «Իրականում այն, ինչ մենք ստանում ենք Ռուսաստանից նաև մեր փոխգործակցության տարբեր ծրագրերով, ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր փոխգործակցության հիման վրա, չի կարող լրացնել այն գերժամանակակից սպառազինությունների կարիքը, որ մեր Զինված ուժերն ունեն, և, հետևաբար, մենք փնտրում ենք բոլոր հնարավորություններն ինչպես ռուսական շուկայում, այնպես էլ այլ գործընկեր երկրների հետ՝ համալրելու մեր Զինված ուժերն անհրաժեշտ սպառազինություններով», հայտարարել էր Հայաստանի պաշտպանության նախարարը:
Թե հատկապես ինչ երկրներում է Հայաստանը փնտրում գերժամանակակից սպառազինության կարիքը լրացնելու տարբերակներ, նախարարը չէր մանրամասնել, սակայն թերեւս դժվար չէ կռահել, որ խոսք կարող է լինել եվրատլանտյան երկրների մասին, այն տրամաբանությամբ, որ թերեւս միայն այդ երկրներն է, որ կարող են սպառազինության արդիականության տեսանկյունից մրցունակ լինել կամ առավել եւս գերազանցել Ռուսաստանին, եւ հետեւաբար այդ տեսանկյունից էլ լրացնել Հայաստանի կարիքը, որի մասին խոսել է Վիգեն Սարգսյանը:
Միեւնույն ժամանակ, հասկանալի է նաեւ, որ ժամանակակից ռազմարվեստում անմիջական սպառազինությունից բացի խիստ կարեւոր է գերժամանակակից «հանդերձանքի», տեխնիկական միջոցների խնդիրը, եւ այդ իմաստով պետք չէ բացառել, որ Երեւանը այլ երկրներում փնտրում է ոչ թե անմիջապես սպառազինության որեւէ տեսակ, այլ հենց այդպիսի միջոցներ, որոնք կօգնեն էապես բարձրացնել եղած ռուսական սպառազինության կիրառման էֆեկտիվությունը:
Իսկ Կանզասի գվարդիայի ղեկավարը հայտնում է, որ հայ-ամերիկյան ռազմական գործակցությունը ներառում է այդպիսի շրջանակ:
Միեւնույն ժամանակ, առաջին հայացքից անմիջական մեծ նշանակություն չունեցող, սակայն գործնականում բավական հեռանկարային արժեք ներկայացնող հանգամանք է գործակցությունը պարզապես կենսագործունեության փորձի փոխանակման տեսանկյունից, ինչը ներառում է նաեւ զինված ուժերի կառավարման համակարգի արդիականացումը:
Կառավարման արդյունավետությունը, ընդհանրապես բանակի կառավարման արժեհամակարգային հենքի վերափոխումը հայկական բանակի ռազմավարական խնդիրներից մեկն է: Զինված ուժերի համալիր արդիականացումը արդյունավետ կարող է լինել միայն այն պարագայում, երբ տեղի ունենա դրանցում խորհրդային մտածողության, պատկերացումների, ընկալումների որեւէ «ժառանգության» լիակատար չեզոքացում:
Այդ իմաստով, խնդիրն իհարկե այն չէ, որ խորհրդային բանակի մասնիկից հայկական բանակը դառնա ամերիկյան կամ եվրատլանտյան բանակի կրկնօրինակ: Հայկական բանակն ունի հայկական դառնալու կարիք, բայց այդ տեսանկյունից անգնահատելի է արդյունավետության ճանապարհի այն փորձը, որ ունեն եվրատլանտյան բանակները:
Մյուս կողմից, այդ իրավիճակում հարց է առաջանում, թե արդյոք հնարավոր է առանձին վերցրած բանակում արմատախիլ անել «սովետական» մտածողությունը, եթե դա խնդիր է ամբողջ պետության եւ հասարակության մասշտաբում:
Այստեղ իրավիճակն իհարկե հարաբերական է, հատկապես նկատի ունենալով այն, որ հասարակությունն է կազմավորում բանակը: Միեւնույն ժամանակ, քաղաքական խնդրի ձեւակերպման եւ նպատակադրման պարագայում, բանակը մտածողության եւ արժեհամակարգային ուղենիշների վերափոխման հարմար հարթակ է, նկատի ունենալով, որ այն փակ համակարգ է, եւ այդ հանգամանքը կարող է նպաստել վերափոխման գործընթացի արդյունավետությանը, քանի որ այն կարող է զերծ մնալ կողմնակի մանիպուլյացիաներից: Միաժամանակ, նպաստող դեր կարող է ունենալ նաեւ «վարչահրամայական» հարաբերություն ենթադրող ինստիտուցիոնալ գործոնը:
Մյուս կողմից, հասկանալի է նաեւ, որ նույն կերպ նաեւ բանակում կարող է լինել կարծր դիմադրություն, այդ գործոնների հետեւանքով, միաժամանակ նաեւ այն հանգամանքի, որ բանակը պատերազմող բանակ է: Այդ պարագան անկասկած իր ազդեցությունն է թողնում բարեփոխումների դինամիկայի վրա: Առաջանում է որոշակի երկակի վիճակ՝ մի կողմից բարեփոխումները եւ արդիականացումը հայկական բանակի համար կարեւորագույն ռեսուրս են հենց նույն պատերազմում առավել արդյունավետ գործելու համար, մյուս կողմից պատերազմի հանգամանքն անկասկած օբյեկտիվորեն առաջացնում է բարեփոխումների ուղղությամբ գործողությունների դինամիկայի խնդիր:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...