Ինչ կա Մանվել Գրիգորյանի գործի տակ. առանց դրա հնարավոր չէ

209

1in.am — Կասկած չկա, որ խորհրդարանն այսօր կբավարարի գեներալ Մանվել Գրիգորյանին անձեռնամխելիությունից զրկելու միջնորդությունը, որ դատախազությունը ներկայացնում է հայտնի գործի շրջանակում:

Մանվել Գրիգորյանն ինքն էլ հորդորել է պատգամավորներին անել դա, թեև նույնպես անկասկած է, որ անկախ այդ հորդորից պատգամավորները չէին կարող չանել, դարձյալ գործի հայտնի բնույթից ելնելով: Գրիգորյանի գործում սակայն առանցքային է մեկ այլ բան և այստեղ երևի թե շատ կարևոր է հենց այդ ասպեկտը, քան մեկ մարդու և նույնիսկ մարդկանց դերակատարումը:

Ակնհայտ է, որ Գրիգորյանը չէր կարող գործել և անել միայնակ այն, ինչի համար կասկածվում է կամ մեղադրվում: Բայց տվյալ դեպքում առանցքային այդ հանգամանքում էական չէ նույնիսկ այն, թե ովքեր են նրան տվել քաղաքական հավանությունը, կամ եղել անմիջական գործակից: Այդ հանգամանքը հույժ կարևոր է, սակայն այստեղ պետք է ուշադրության արժանացնել գործի առայժմ տողատակում, սակայն չի բացառվում ընթացքում բավական առանցքային դիրքի հավակնող հանգամանքին՝ Երկրապահ կամավորական միության գործունեությանը, դերակատարությանն ընդհանրապես: Արդեն իսկ հստակ է, որ այն, ինչ արվել է, արվել է ԵԿՄ անվան տակ:

Մանվել Գրիգորյանը խոսում է փաստաթղթերի մասին և գրեթե կասկած չկա, որ «թղթով ամեն ինչ կարգին» ներկայացվելու է հենց ԵԿՄ ցուցանակի ներքո: Հայտնի է դարձել նաև, որ պաշտպանության նախարարությունը ԵԿՄ-ին պարբերաբար նյութական և սպառազինության հատկացումներ է արել մարտական հերթապահության համար: Այս գործում առանցքային դրվագը ԵԿՄ-ն է, բայց լայն իմաստով՝ այդ կառույցի դերը պետության, պետականության շրջանակում: Որևէ գաղտնիք չկա, որ ստեղծված կառույցը ամենևին հասարակական չէ, այլ ռազմական և ուղղակի մի զուգահեռ բանակ է պետության մեջ, իր այսպես ասած գրված ու չգրված զինանոցով, իր նկուղներով ու պահեստներով:

Ոչ ֆորմալ մի բանակ, որը կամավորականության, հայրենասիրության քողի ներքո տարիներ շարունակ եղել է գործող իշխանական համակարգի վերարտադրության և անվտանգության կարևորագույն գործիքներից մեկը: Դա ըստ էության կրկնակի հանցագործություն է, թե հանրության և պետության, թե հենց կամավորականների, ազատամարտիկների, արցախյան պատերազմի մասնակիցների և նրանց վաստակի հանդեպ:

Մի կողմից ստեղծվել է իշխանության պահպանման և վերարտադրության ոչ ֆորմալ ռեպրեսիվ մեքենա, մյուս կողմից այդ մեքենայի գործունեությունը քողարկվել է հազարավոր նվիրյալների վաստակով, նրանց կամա, թե ակամա դնելով հանրության հանդեպ հակադիր կետում, շահարկելով նրանց անկեղծությունն ու նվիրվածությունը: Այս խնդիրը պահանջում է լուծում և այդ լուծման հրատապությունը պակաս չէ, քան կոռուպցիայի և հանցագործության այլ տեսակների դեմ պայքարը, որ կատարվել է պետության ու հանրության հաշվին:

ԵԿՄ-ն կամ պետք է լուծարվի որպես այդպիսին, կամ այն պետք է ենթարկվի օրենսդրական խստագույն կարգավորման, որը պետք է բացառի այդ կազմակերպության ռազմականացման որևէ նշույլ, որը երբևէ ինչ-որ մեկի մոտ ինչ որ գայթակղություն կառաջացնի օգտագործել անձնական կամ խմբային նպատակների համար՝ ընդդեմ հանրության: Այն, որ երկրապահները, արցախյան պատերազմի վետերանները ունեն իրենց այսպես ասած հանրային իրացման լիակատար իրավունք, և այն, որ պետությունն անպայման պետք է ապահովի այդ իրավունքի իրացումը այսպես կոչված տարաբնույթ բացասական «սինդրոմները» չեզոքացնելու համար, աներկբա է: Բայց պետությունը այս տարիներին դրա անվան տակ իրականում հենց այդ «սինդրոմների» վրա է խաղացել և դրանք ոչ թե չեզոքացրել է, այլ նենգափոխել և վերածել գործիքի, շահարկելով թե հայրենասիրության և կամավորության գաղափարը, թե դրա հազարավոր նվիրյալների:

ԵԿՄ-ն գործնականում եղել է դրա ղեկավար կազմում մեկտեղված մի խումբ անձանց և իշխանության սերտաճման մեխանիզմ, ոչ ավելի: Այստեղ է, որ անհրաժեշտ են լրջագույն վերանայումներ: Հայաստանը պետություն է արդեն մոտ երեք տասնամյակ և ունի պետական բոլոր ինստիտուտները, անհրաժեշտության դեպքում նաև կամավորականության սկզբունքով մոբիլիզացիա կազմակերպելու համար: Այդ աշխատանքը և ընդհանրապես անվտանգության ռազմական բաղադրիչի ապահովման ցանկացած աշխատանք պետք է իրականացվի բացառապես պետական խողովակներով: Ներկայումս անհրաժեշտ է բարձրացնել այդ հարցն ու սկսել լուծումը, քանի որ այն կարևորագույն համակարգային խնդիր է, որի լուծումը նոր Հայաստանի անհրաժեշտություններից է:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache