good-banner
Լրահոս

Ինչ կանի Հայաստանն այս անգամ

 

Վրաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն է տարածել այդ երկրում կայանալիք ՆԱՏՕ զորավարժության մասին, որոնց, ըստ այդ տեղեկության, առաջին անգամ կմասնակցի նաեւ Հայաստանը:

Noble Partner զորավարժությունը անցկացվում է արդեն երրորդ անգամ՝ 2015, 2016 եւ այժմ 2017 թվականին: Այն կանցկացվի հուլիսի վերջին՝ Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Վազիանիի ռազմակայանում:Ըստ հաղորդագրության, դրան կմասնակցի 11 երկիր՝ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Ռումինիան, Թուրքիան, Սլովենիան, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան եւ Հայաստանը: Վրացական կողմը հայտարարել է, որ մասնակիցները քննարկել են զորավարժության կազմակերպման եւ պլանավորման հարցեր:

Զորավարժության առաջին երկու անգամներն անցկացվել են շատ ավելի փոքր թվաքանակով՝ 2015-ին Վրաստան-ԱՄՆ, իսկ 2016-ին միացել է նաեւ Մեծ Բրիտանիան: Զորավարժության համար ծանր զրահատեխնիկա էր տեղափոխվել Վրաստան:Այդպիսով, 2017 թվականի զորավարժությանը մասնակցում է 11 երկիր, այդ թվում Հայաստանը:Սա իսկապես ուշագրավ տեղեկություն է:

Դրա վերաբերյալ հայկական կողմի պաշտոնական արձագանք կամ մեկնաբանություն դեռեւս չկա:Փոխարենը կա ոչ պակաս ուշագրավ մի նախադեպ: Բանն այն է, որ Հայաստանը Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ զորավարժության պետք է մասնակցեր նաեւ 2009 թվականին: Այն ժամանակ անցկացվելու էր բավական լայն կազմով զորավարժություն, որին պետք է մասնակցեին նույնիսկ Մերձբալթյան երկրներն ու Ղազախստանը:Նրանք հրաժարվեցին զորավարժությանը մասնակցելուց: Հայաստանը մինչեւ վերջին պահը հայտարարում էր մասնակցության մասին: Զորավարժությունը պետք է մեկնարկեր 2009 թվականի մայիսի 6-ին: Եվ ահա, մինչեւ այդ մասնակցության որոշման մասին հայտարարող Երեւանը մայիսի 5-ին հայտարարեց, որ «ստեղծված հանգամանքներից ելնելով» հրաժարվում է մասնակցել Վրաստանում ՆԱՏՕ զորավարժությանը:Թե ինչն էր ստեղծված հանգամանքը, հատկապես ինչ նկատի ուներ Երեւանը, չպարզաբանվեց: Երեւանը վերջին պահին հրաժարվեց Վրաստանում ՆԱՏՕ զորավարժությանը մասնակցելուց:

Մինչ այդ իհարկե Հայաստանին այդ որոշումից հրաժարվելու հորդորներ էին հղում ռուսաստանցի փորձագետներ եւ անգամ Պետդումայի պատգամավորներ, իսկ ՌԴ իշխանությունը դժգոհություն էր հայտնել զորավարժությունն անցկացնելու կապակցությամբ, որը տեղի էր ունենում ռուս-վրացական պատերազմից մոտ մեկ տարի անց:Ուշագրավ հանգամանք է եւ այն, որ զորավարժության գրեթե նախօրեին Վրաստանի զինված ուժերում եղավ զրահատանկային գումարտակի ապստամբություն, որը Վրաստանի իշխանությունը կապեց Ռուսաստանի հետ: Դրան զուգահեռ, Հայաստան էր ժամանել այդ ժամանակ ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Ֆրադկովը:

Դրա՞նք էին «ստեղծված» հանգամանքները, թե ոչ:Հաշվի առնելով նախադեպը, հարց է առաջանում, թե հնարավո՞ր է դրա կրկնություն այս անգամ, երբ Երեւանը ինչ ինչ հանգամանքներից ելնելով կարող է կրկին հրաժարվել Վրաստանում ՆԱՏՕ զորավարժության մասնակցությունից:Այդ զորավարժությունը եւս արժանանում է Ռուսաստանի դժգոհությանը: Արդյոք Մոսկվան կփորձի Երեւանին զերծ պահել դրան մասնակցելուց, թե՞ այս անգամ իրավիճակն այլ է եւ Թուրքիայի ու Ադրբեջանի մասնակցությունը փոխում է տրամաբանությունը՝ Մոսկվայի ու Երեւանի համար, ամեն մեկի համար գուցե յուրովի:Ներկայում Հարավային Կովկասը գտնվում է անվտանգության համակարգի վերակազմակերպման բավական բարդ փուլում, երբ թե Հայաստանի, թե Վրաստանի դերակատարումն առանցքային է: Հայաստանի համար հույժ կարեւոր է հետ չմնալ եւ չկտրվել տարածաշրջանի անվտանգության համակարգի վերափոխման եվրատլանտյան օրակարգից, որի առանցքային կետում առկա է Հայաստանի համար խիստ շահեկան դրույթը՝ Արցախի սահմանին հրադադարի պահպանման մեխանիզմների ամրագրումը:

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing