Լրահոս

Ինչ կար վարչապետի ժպիտի տակ

 

arm148152408754

lragir.am —  Դեկտեմբերի 7-ին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ուշագրավ «երկխոսություն» եղավ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի ու Տիգրան Ուրիխանյանի միջեւ:
«Ի հեճուկս ՀՀ սահմանադրության հոդված 80-ի՝ դուք նախորդ քառօրյայի հարցուպատասխանին չէիք մասնակցում, գտնվում էիք Մոսկվայում: Սա կարո՞ղ է նշանակել, որ հենց ամեն անգամ ընտրություն լինի Սահմանադրության ու Մոսկվայի միջև, դուք ընտրություն եք կատարելու հօգուտ Մոսկվայի», հարցրեց Նիկոլ Փաշինյանը:
Իր հերթին, Տիգրան Ուրիխանյանը Կարեն Կարապետյանին ասաց, որ նա այն վարչապետն է, ով ժամանակին լինելով Գազպրոմի ղեկավար կազմում, Հայաստանից 300 մլն դոլար պարտքի դիմաց տարավ վերջին բաժնետոմսերը: «Խնդրում եմ սա մեկնաբանեք՝ այս համատեքստում գազի գինը կարո՞ղ էր շատ ավելի շուտ նվազել, ո՞ր շահն ենք մենք ձեզ հետ գերադասում՝ Հայաստանի՞, թե այլ երկրի»:
Վարչապետն այս հարցերին չպատասխանեց, ամբիոնին կանգնած ժպտում էր Նիկոլ Փաշինյանի այն հարցի կապակցությամբ, թե ըստ մամուլի՝ վարչապետն առաջարկել է «Ամերիկանո կոֆեն անվանեն Ռուսիանո: Արդյոք դա այդպես է, թե չէ: Եթե այո, արդյոք ձեր կառավարությունում արդեն իրականություն դարձել է այդ առաջարկը»:
Վարչապետի ժպտալի լռությունը կարող է շատ բան նշանակել: Օրինակ, այն, որ ինքնին ենթադրվում է, որ ցանկացած երկրի վարչապետ պաշտպանում է սեփական երկրի շահը, եւ նման հարցերն անհեթեթություն են:
Սակայն, դա կարող է նշանակել նաեւ հակառակը, առավել եւս Հայաստանի պարագայում: Հայաստանի ակտիվ հանրության մի զգալի մասը համոզված է, որ Կարեն Կարապետյանին ուղարկել են Մոսկվայից, Հայաստանի «աբսորբացիայի ծրագրի» շրջանակնեում: Մոսկվան ինտեգրել է տնտեսությունն ու բանակը, եւ հիմա քաղաքական համակարգի հերթն է:
Նման ընկալման պայմաններում վարչապետի լռությունը կարող է մեկնաբանվել նաեւ հետեւյալ կերպ՝ իհարկե Հայաստանի շահերն եմ պաշտպանելու, բայց այդ մասին չեմ կարող բարձրաձայն հայտարարել: Սա հայկական իշխանական համակարգում բավական տարածված «մեթոդոլոգիա» է, յուրօրինակ պարտիզանություն, նկատի առնելով նաեւ ռուսական ուղիղ ագենտուրայի եւ ազդեցության գործակալների ահռելի քանակը հայկական «իսթեբլիշմենթում»:
Ռուսաստանը դարձել է յուրօրինակ տաբու եւ տոտեմ, եւ առաջինը քրիստոնեությունն ընդունելու վերաբերյալ համոզմունքի ֆոնին այս հանգամանքը առավել հետաքրքիր է դառնում: Բանն այն է, որ մարդկության զարգացման ինչ որ փուլում ամբողջ ցեղեր վերացան տաբուներն ու տոտեմները չհաղթահարելու պատճառով, կամ վերածվեցին ռելիկտային էթնոսների:
Հիմա, Հայաստանում Ռուսաստանի մասին կամ լավը, կամ ոչինչ: Ասում են, նույնիսկ ԶԼՄ-ներին են նման «հրահանգ» իջեցրել: Այն պայմաններում, երբ Հայաստանի ու Ռուսաստանի շահերը հակամետ են բազմաթիվ իրավիճակներում ու ոլորտներում:
Այս ֆոնին, Կարեն Կարապետյանից ակնկալելի է հստակ պատասխան: Բանն այն է, որ նրա հայտարարած համակարգային բարեփոխումները, ներդրումների գրավիչ միջավայրը, տեխնոլոգիական թռիչքներն անհնար են, եթե չեն արվում մի շարք առանցքային քայլեր, այդ թվում «ռուսական տաբուի» վերացումը հարաբերությունների ամենաբազմազան սպեկտրում:
Հակառակ պարագայում պատգամավորների հարցադրումները մնում են ակտուալ, եւ ժպտալի լռությունը վիճակ չի փոխում: Սա վերաբերվում է ոչ միայն Կարեն Կարապետյանին՝ սպասվում է չափազանց ծանր տարի տնտեսության եւ այլ ոլորտներում:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...