Ինչ կատարվեց Արցախի խնդրում. ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ հարուցած ճգնաժամի վտանգավոր հայելին

70

Ներկայում  միայն ալարկոտները չեն անում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը բանակցության ու երկխոսության ճանապարհով հանգուցելուծելու կոչեր, որոնք խորքային առումով իրենց մեջ պարունակում են պարզունակ մանիպուլյատիվ տարրեր, եթե անգամ հեղինակներն անում են այդ կոչերն անկեղծ մտահոգության գիտակցական մղումով:

Կասկած չկա, որ հարցերը, ճգնաժամերը սահուն, առանց բախումների եւ առավել եւս առանց կոշտ մեթոդների հաղթահարելն ամենացանկալի տարբերակն է բոլոր հարցերում: Մյուս կողմից, սակայն, պետք է արձանագրել թերեւս ամենակարեւորը՝ հարցերի արդյունավետ եւ տեւական, երկարաժամկետ կամ հիմնարար լուծումները պահանջում են իրատեսության մեծ չափաբաժին, իրականության հետ ամուր կապ:

Այլապես, եթե լուծումները կտրված են իրականությունից, միայն բարի ցանկության շրջանակում են, բայց չունեն իրապաշտական հող, դրանք առաջացնում են արհեստական իրավիճակ: Արհեստական իրավիճակը, այն էլ հասարակական-պետական կյանքի առումով, խիստ վտանգավոր է: Այն բերում է ստվերային, կոռուպցիոն ռիսկերի, որովհետեւ առերեւույթ մեխանիզմները արհեստական են, չեն աշխատում, հետեւաբար առաջանում է դրանց քողի տակ ստվերային մեխանիզմներ առաջացնելու անհրաժեշտություն:

Ընդ որում, կասկած չկա, որ հենց դա է նաեւ խորհրդարանի ներկայիս մեծամասնության գործողությունների բուն մոտիվը՝ ստեղծել բանակցային արհեստական մի դաշտ, որը կառաջացնի իրական լուծման ստվերային մեխանիզմների անհրաժեշտություն: Մի բան, որը նրանք արել են նախկին իշխանության շրջանում, իրենց քաղաքական դերի վերաբերյալ պայմանավորվածություն ու քվոտա ստանալով իշխանության կենտրոնից: Ներկայում նրանք ձգտում են այդ մեխանիզմը ամրագրել Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությունում, քանի որ հանրության հետ հարաբերության միջոցով խորհրդարանում հայտնվելը նրանց համար անհնար է: Հնարավոր չէ տարիներ շարունակ խաբեությամբ կամ երեսպաշտությամբ հարաբերվել հանրության հետ, իսկ հետո հավակնել այդ հանրության լուրջ քվեի՝ երբ արդեն չկա իշխանության մեկ կենտրոնից տրված քվոտա:

Իրականում, բանակցությունը կամ երկխոսությունը, որեւէ դեպքում, չի կարող լինել ինքնանպատակ կամ աքսիոմատիկ: Բանակցությունը պետք է հիմնված լինի ուժերի հարաբերակցության վրա, կամ ավելի պարզ ասած՝ պետք է համարժեք լինի մասնակիցների քաշային կատեգորիային: Երբ որեւէ մրցակցության մեջ հաղթող կողմը պարտվողի հետ նստում է հավասարը-հավասարի սկզբունքով բանակցության, ապա դրանից ինքնաբերաբար շահում է պարտվողը եւ կորցնում է հաղթողը: Հետեւանքը լինում է այն, որ աղճատվում եւ նենգափոխվում է հաստատված ստատուս-քվոն, եւ իրավիճակը ժամանակի ընթացքում մտնում է էլ ավելի խորը փակուղի:

Լավ օրինակ է թերեւս Արցախի հարցի բանակցության գործընթացը: Պատերազմում հաղթելով Ադրբեջանին, հայկական կողմը հրադադարից գրեթե անմիջապես հետո բանակցության նստեց հավասարը-հավասարի սկզբունքով: Այսինքն, հաղթող հայկական կողմը եւ պարտվող ադրբեջանական կողմերը բանակցությանը «հավասարվեցին»: Ավելին, ոչ միայն հավասարվեցին, այլ հայկական կողմը բանակցության հենց սկզբից փաստացի համաձայնեց մի սկզբունքի, ըստ որի ճանաչվեց բանակցության առարկայի մի մասի հանդեպ Ադրբեջանի իրավունքը: Այդ հարաբերակցությամբ բանակցության ընթացքն աստիճանաբար հանգեցրեց նրան, որ պարտվող կողմը սկսեց ձեռք բերել որոշակի բանակցային առավելություն, կամ առնվազն կարողացավ չեզոքացնել պարտվող կողմ լինելու հանգամանքն ու թելադրել որոշակի պայմաններ, դնել որոշակի պահանջներ:

Հետեւանքը եղավ այն, որ գործընթացը մտավ փակուղի, ի վերջո հանգեցնելով ճգնաժամի եւ պատերազմի անխուսափելիության, իհարկե ազդվելով նաեւ հարակից մի շարք այլ ընթացքի, միջնաժամկետ կամ երկարաժամկետ գործոններից, որոնք ուղեկցում էին բանակցային գործընթացը:

Իհարկե, Հայաստանի ներքաղաքական իրավիճակը բարեբախտաբար հեռու է ռազմական կոնֆլիկտի բովանդակությունից, բայց կոնֆլիկտի տրամաբանությունը նույնն է եւ կա թավշյա հեղափոխությամբ մի համակարգի հաղթած կողմ՝ հանրության ճնշող մեծամասնությունը, որովհետեւ առանց դրա չի կարող լինել հեղափոխություն, եւ կա պարտված համակարգը, որի տարբեր սեգմենտներ ընդամենը փորձում են ժամանակ ձգել եւ շանտաժում են հանրության մեծամասնությանը:

Այդպիսով, այդ պայմաններում անել բանակցության ու երկխոսության ընդհանրական, տրաֆարետային կոչ, նշանակում է կոչ անել ջնջել թավշյա հեղափոխության արդյունքը եւ ստատուս-քվոն ու հավասարեցնել քաղաքական մրցակցության մեջ հաղթած ու պարտված կողմերին: Դա կնշանակի ուժեղացնել պարտվողի դիրքը, նրան հավասարեցնել հաղթողին, ըստ այդմ ստեղծել փակուղի եւ խորացնել ճգնաժամը, արդյունքում անխուսափելի դարձնելով ի վերջո կոշտ մեթոդների կիրառումը:

Ահա թե ինչու բանակցությունը պետք է լինի առարկայական, այսինքն շատ հստակ պետք է լինի, թե ինչի շուրջ է բանակցային գործընթացը: Իսկ դա նշանակում է, որ բնականոն զարգացումը ապահովելու համար պետք է ապահովվի հաղթանակի գերակայությունը, ինչն արտահայտվելու է օրակարգի տեսքով, որի գերակա խնդիրն այժմ խորհրդարանի արտահերթ ընտրության հնարավորինս շուտ անցկացումն է, դրանով բնական հեղափոխական վիճակի ամբողջական ամրագրումն ու դրանով անցումը արդեն բնական քաղաքական իրավիճակի:

Նշանակու՞մ է դա արդյոք, որ այդ դեպքում էլ ինչ բանակցություն: Թե այո, թե ոչ: Համենայն դեպս, ուժերը, որոնց իսկապես հետաքրքրում է քաղաքական պրոցեսի որակը, ոչ թե սեփական մանդատը խորհրդարանում, կամ ժամանակի ձգձգումը մինչեւ կսպառվի հեղափոխությունը՝ ավարտվելու փոխարեն, կարող են դնել արդեն օրակարգի գերակա նպատակի ճանապարհին հնարավորինս օպերատիվ օրենսդրական փոփոխությունների խնդիր:

Բայց, ամբողջ հարցն այն է, որ առավոտից երեկո բանակցության ու երկխոսության մասին խոսող ուժերին դա չէ, որ հետաքրքրում է, եւ բանակցությունը նրանց համար միջոց չէ, այլ նպատակ՝ ժամանակ ձգելու եւ հեղափոխության սայթաքումին սպասելու: Այլապես նրանք բավարար ժամանակ ունեին իրենց օրենսդրական նախաձեռնություններով կառավարությանն ուղղակի քնից զրկելու, ինչը չեն արել, որովհետեւ դա նրանց պետք չէ, նրանց պետք է գործարք, ստվերային մեխանիզմի վերականգնում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache