Լրահոս

Ինչ կհնչի երկու օր անց

 

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Ազատության փորձին ի պատասխան հրաժարվել է անդրադառնալ Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարմանը, որի հերթական խմբաքանակը ստանալու եւ այն մոտ ժամանակում հակամարտության գոտի ուղարկելու մասին հայտարարել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Վիգեն Սարգսյանն ի պատասխան Ազատության հարցի ասել է, որ առաջիկա երկու օրերին ասուլիս կտա: Նախարարը մասնակցել է ռազմաօդային ուժերի օրվան նվիրված հանդիսությանը, որ տեղի է ունեցել Էրեբունի օդանավակայանում: Ինչպես հայտնի է, օդանավակայանն ունի ռուսական ռազմակայանի կարգավիճակ:
Վիգեն Սարգսյանի համար իհարկե բավական բարդ է պատասխանել ռուսական սպառազինության վերաբերյալ հարցերին: Այդ հարցերին պատասխանելը բարդ է Հայաստանի քաղաքական ղեկավարության համար ընդհանրապես, բայց Վիգեն Սարգսյանի համար՝ հատկապես: Բանն այն է, որ Վիգեն Սարգսյանը պաշտպանության նախարարի պաշտոնում ունի Ռուսաստանի համար «յուրային», «վստահելի» դառնալու խնդիր: Այդ խնդիրը պահանջում է բավական զգուշավորություն Ռուսաստանի վերաբերյալ արտահայտություններում:
Բուն խնդիրն իհարկե կապված է ոչ այնքան Ռուսաստանի հետ, որքան Սերժ Սարգսյանի քաղաքական ծրագրերի: Վիգեն Սարգսյանն այդ ծրագրի առանցքային ֆիգուրներից է: Այնքան առանցքային, որ գործնականում նրան է վստահվել առաջ տանել ծրագրի գաղափարական-հայեցակարգային առանցքը՝ ազգ-բանակ գաղափարը: Եթե Վիգեն Սարգսյանը Ռուսաստանի համար չլինի վստահելի գործիչ, չընկալվի «յուրային», ապա Սերժ Սարգսյանն ըստ երեւույթին ստիպված կլինի վերանայել Վիգեն Սարգսյանի դերն իր ծրագրում, հետեւաբար վերանայել ծրագրի առանցքը:
Սարգսյանին վերապահված է վարչապետի հավակնորդությո՞ւն, թե՞ նա կմնա պաշտպանության նախարար: Եթե Սերժ Սարգսյանը չկարողանա մնալ իշխանության համակարգի որեւէ առանցքային պաշտոնում, Վիգեն Սարգսյանը այդ դիրքերից որեւէ մեկում լինելու է Սերժ Սարգսյանի հուսալի եւ վստահելի գործիչներից մեկը: Բայց դրա համար նա պետք է կասկած չհարուցի Մոսկվայում: Առավել եւս, որ այդ իմաստով Վիգեն Սարգսյանը մրցակցում է Մոսկվայի համար կասկած չհարուցող Կարեն Կարապետյանի հետ:
Այդ իսկ պատճառով պաշտպանության նախարարը հրաժարվում է Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարման խնդրի վերաբերյալ ոտքի վրա տրվելիք գնահատականից կամ անդրադարձից, Սերժ Սարգսյանին ծրագիր վերանայելու ավելորդ խնդրի առաջ չկանգնեցնելու համար:
Կտարբերվի՞ Վիգեն Սարգսյանի երկու օր անց ասելիքն իր քաղաքական բովանդակությամբ այն բոլոր արտահայտություններից, որ Հայաստանի իշխանության քաղաքական ղեկավարները արել են Ադրբեջանին մատակարարված զենքի մասով մինչ այժմ: Կբերի՞ այդ հայտարարությունը որեւէ նոր իրավիճակի, որը Մոսկվային կստիպի վերջապես ուշադրության արժանացնել Հայաստանի դժգոհությունը: Թե՞ այդ դժգոհության թույլատրելի սահմանը գծված է, որի դիմաց էլ այլ հարցերում «թույլտվություն» է ստանում Հայաստանի իշխանությունը, ռուս-ադրբեջանական «բիզնեսի» առաջ լուրջ վտանգ չառաջացնելու պայմանով:
Մարտին այցելելով Մոսկվա, ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթում Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Մինչև 2016 թ-ը մեր գործընկերները մեզ վստահեցնում էին, որ պատերազմական քարոզչությամբ ու հակահայկական հիստերիայով Բաքուն իր ներքին քաղաքական խնդիրներն է լուծում: 2016թ-ի ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված քառօրյա ռազմական արկածախնդրությունը Բաքվի հենց այդ բազմամյա միլիտարիստական քարոզչության մարմնավորումը դարձավ…»:
Սերժ Սարգսյանի խոսքը տողատակում անկասկած շոշափում է նաեւ Ադրբեջանին ռուսական միլիարդավոր դոլարների սպառազինության մատակարարման հարցը, որի դեմ փաստարկ Սարգսյանը փաստորեն դիտարկում էր ապրիլի պատերազմը:
Հետաքրքիր է, ի՞նչ է ասում Մոսկվան այժմ, երբ Սերժ Սարգսյանն արդեն ապրիլի պատերազմի «ապացույցով» է հորդորում Մոսկվային զենք չվաճառել Ադրբեջանին, բայց մատակարարումը շարունակվում է: Թե փոխվել է այն, որ սկսել են քիչ թե շատ համարժեք, այսպես ասած «ոչ 80-ականների» մատակարարում անել նաեւ Հայաստանին, կամ չխանգարել, որ Հայաստանն այլ տեղից ապահովի այդ մատակարարումները:
Ընդհանրապես, Սերժ Սարգսյանը Մոսկվայի հետ հարաբերություններում իր նախագահության ընթացքում որդեգրեց բավական յուրահատուկ, էքստրեմալ մի ոճ. փաստացի ոչ միայն չխանգարելով, այլ օժանդակելով Մոսկվայի գործողություններին՝ իրավիճակը Հայաստանի համար ծայրահեղ վտանգավորության հասցնող, որպեսզի հետո այդ ծայրահեղ վտանգի վրա կառուցի Մոսկվային իր «ընդդիմախոսությունը»:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing