Լրահոս

Ինչ որ բա՞ն է կատարվել

 

Երեկ խորհրդարանը քննարկում էր հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ համաձայնագիրը վավերացնելու հարցը: Հայ-ռուսական ցանկացած համաձայնագիր հատկապես 2014-ի կնքված գազային եւ այլ համաձայնագրերի փաթեթից հետո մշտապես տագնապի տեղիք է տալիս, քանի որ դրանցում ակնառու է ռուսական շահը, սակայն չի երեւում հայկականը, եւ կամ անհասկանալի է մնում՝ ինչ է դրանից ստանում Հայաստանը:
Նման դեպքերում հայ պաշտոնյաները դեմքի խորհրդավոր արտահայտությամբ ակնարկում են անվտանգության ու Ղարաբաղի խնդիրները՝ իբր ամեն ինչ զիջելով ռուսներին, մենք ստանում ենք էժան զենք, գումարած Ղարաբաղն էլ «չենք տալիս»:
Հիմա հերթը հասել է «էժան զենքին»՝ բանակին. Խորհրդարանում են մի շարք հայ-ռուսական համաձայնագրեր, որոնք մեծ աղմուկ են հանել: Դրանցից մեկն էլ երեկ քննարկվում էր ԱԺ-ում:
Անհանգստության պատճառները շատ են: Ապրիլի պատերազմից հետո շատ փորձագետներ կանխատեսումներ էին անում, որ ռուսները ձեռնամուխ են լինելու հայկական բանակի «աբսորբցիային»՝ Հայաստանի ինքնիշխանության վերջին օղակը վերահսկության տակ առնելու համար: Պաշտպանության ոլորտի հայ-ռուսական վերջին համաձայնագրերում կան դրույթներ, որոնք հիմք են տալիս պնդել այս հանգամանքը:
Իշխանությունը հերքում է այս հանգամանքը, ասում է, թե համաձայնագրերը լրացուցիչ կարողություններ են մեր բանակի համար, բայց չի կարողանում համոզիչ փաստարկներ բերել, թե ինչ կարողություններ են դրանք: Եթե իսկապես դրանք լրացուցիչ հնարավորություն են ու ամրապնդում են մեր պաշտպանությունը, ապա ինչ դժվար է այդ մասին խոսելը:
Հայ-ռուսական տիրույթում անվստահության պայմաններում պետք է պարզել նաեւ ամենակարեւորը՝ որն է այդ համաձայնագրերի անհրաժեշտությունը Ռուսաստանի համար, ինչ է ստանում Ռուսաստանը:
Ինչու է սա ամենակարեւորը. քանի որ Ռուսաստանը Հայաստանի հանդեպ վարում է «վերջին կոպեկը պոկելու» անզիջում քաղաքականություն բոլոր բնագավառներում: Այս պայմաններում խիստ էական է պարզել, թե որն է Ռուսաստանի օգուտը, ինչ է նա ստացել կամ ստանալու դրա դիմաց: Օրինակ, ռուս փորձագետներն էլ չեն պատասխանում այս հարցին, ասելով միայն, որ այս համաձայնագրերը պետք են առաջին հերթին Հայաստանին:
Մինչեւ չլինի այս հարցերի պատասխանը, կասկածները մնալու են, մասնավորապես բանակը վերահսկողության տակ վերցնելու մասով: Ավելին, խորհրդարանի քննարկումից տպավորություն ստացվեց, որ ինչ որ բան է կատարվել, որի մասին աշխատում են չխոսել:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing