Լրահոս

Ինչ–որ մեկի վառ երևակայությունն է. Տիգրան Մուկուչյանը ընտրությունների կեղծիքների մեխանիզմի մասին

 

Ընտրություններում կեղծիքների մեխանիզմը ինչ–որ մեկի վառ երևակայությունն է, իրականությանը չի համապատասխանում: Tert.am-ի հետ զրուցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով «Ժամանակ» օրաթերթի «Կեղծիքների մեխանիզմը» վերնագրով հոդվածին, որտեղ մի քանի քայլ է նշված, որով կարող են ընտրակեղծարարության դիմել:

Ըստ թերթի՝ իշխող Հանրապետական կուսակցությունը հասկանալով, որ օր օրի ընտրություններում բացարձակ մեծամասնություն ապահովելն ավելի դժվար է դառնում՝ քննարկում է ընտրություններում մասնակիցների թվի հետ աճպարարություն անել։ Դիտարկվում է 100 հազարից մինչև կես միլիոն ավելացնել ընտրություններում մասնակիցների թիվը։ Հոդվածում նաև նշված է, որ որոշվել է կեղծիքի մեքենան աշխատեցնել երկու ուղղությամբ՝ առաջիկայում մասսայաբար նույնականացման քարտեր են տպագրվելու նույն անձի լուսանկարով և այդ անձի տարիքին մոտ մի քանի բացակա քաղաքացիների անձնական տվյալներով։

«Ասեմ ձեզ՝ ինչքան կեղծիք, հանցագործություն մտքներով անցել է՝ գրել են, իրենց հարցրեք՝ որտեղից են նման բան եզրակացրել»,- ասաց Տիգրան Մուկուչյանը:

Կեղծիքների մեխանիզմի մեջ նշվել էր նաև այն, որ երկրորդ միջոցը մատնահետք ընդունող էլեկտրոնային սարքն է։ Ըստ օրաթերթի՝ պարզվում է, որ ձայնային ազդանշանը թույլ չի տալիս միևնույն ընտրատարածքում երկրորդ անգամ մատնահետք թողնել, սակայն հարակից տեղամասում կրկնաքվեարկության պարագայում այդ ազդանշանը չի գործում։

Անդրադառնալով նշվածին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը նշեց, որ միևնույն անձը չի կարող հարակից ընտրատեղամասում քվեարկել, դա բացառվում է, ուստի ասվածը միայն կարելի է երևակայել:

Tert.am-ի հետ զրուցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ Դանիել Իոնիսյանը նշեց, որ այլ անձի փոխարեն քվեարկելու մեխանիզմները կրճատվել են:

«Փորձեք մի պահ մոռանալ էլեկտրոնային գրանցման սարքավորումների մասին , ենթադրենք դրանք չկան, չեն աշխատում, ինչ-որ մեկը դրանք կջարդի, կամ մարդկանց բաժանվելու են կեղծ անձնագրեր, նույնականացման քարտեր, տարբեր սցենարներ ամեն դեպքում  ընտրացուցակները հրապարակվելու են, կտեսնենք թե ով քվեարկեց, ով ոչ, բացակա անձիք քվեարկել են, թե՝ ոչ, դա մեկ օրում չբացահայտվի, կարող է մեկ  շաբաթում բացահայտվել, եթե այլ անձի փոխարեն քվեարկեն, դա արդեն հանցագործություն է, չեմ կարծում մարդիկ կանխամտածված կգնան բացահայտվող հանցագործության»,- շեշտեց նա:

Դանիել Իոնիսյանը նշեց, որ այդ հանցագործությունների հիմնական կանխարգելող միջոցն ընտրացուցակների հրապարկումն է, միայն չտեղեկացված ապուշը կդիմի կրկնաքվեարկությանը, ուրիշի փոխարեն քվեարկելուն:

«Այլ ճանապարհների իշխանությունները կարող են դիմել, օրինակ՝ վարչական  ռեսուրսների կիրառմանը,կաշառք բաժանելը և այլ միջոցներ, բայց կրկնաքվերակությունը և ուրիշի փոխարեն քվեարկելու ժամանակը, երևի, անցավ պատմության գիրկը։ Եթե պարզվի, որ ինչ-որ մեկին «ֆեյք» անձնագիր, նույնականացման քարտ են տվել  դա մեծ խնդիր կլինի ՀՀ-ի համար, կնշանակի ոստիկանությունը դիմել է հանցագործության»,- ընդգծեց Դանիել Իոնիսյանը:

Ըստ նրա՝ այդ պարագայում ՀՀ-ն խնդիրներ կունենա ազատականացված վիզային ռեժիմի հետ կապված, ՀՀ քաղաքացին Եվրոպա և ԱՄՆ մուտքի հետ կապված լուրջ խնդիրների առաջ կկանգնի: «Իշխանությունը գիտի՝ մասսայական այպիսի քայլերի դիմեց, կբացահայտենք, հո հարիֆ չենք, որ չկարողանանք մի քանի դեպք բացահայտել»,– ավելացրեց Դանիել Իոնիսյանը


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara