Ինչ պայման է խախտվել ճակատագրական հավաքից հետո

2

Գագիկ Ծառուկյանը միացավ Հովիկ Աբրահամյանին

Սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հայտարարել է, որ ըմբշամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ Սամվել Կարապետյանը ծանր վիճակի մեջ է դրել մարզաձեւը, թողնելով ֆեդերացիայի նախագահի պաշտոնը: Ըստ Ռոստոմյանի, իրավիճակը փրկել է Գագիկ Ծառուկյանը, այլապես մարզաձեւը կունենար լուրջ խնդիրներ:
Հրաչյա Ռոստոմյանը Գագիկ Ծառուկյանի կադրն է, դա հայտնի հանգամանք է: Ըստ այդմ, հնարավոր է արձանագրել, որ Ռոստոմյանի շուրթերով բարբառում է Ծառուկյանը: Իսկ ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը միայն ըմբշամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ չէ, ավելին, թերեւս ամենեւին նախկին նախագահ չէ, այլ ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի ֆինանսական թեւն ու թիկունքը, մտերիմը, գործընկերը, որի հետ միասին Կարեն Կարապետյանը ստեղծել է Հայաստանի ներդրողների ակումբը:
Սամվել Կարապետյանը ներկայում Հայաստանի տնտեսա-քաղաքական իշխանության ամենամեծ բաժնետեր դառնալու իրական հավակնորդ է, եւ կամա թե ակամա, իր կադրի շուրթերով Ծառուկյանը թիրախավորում է հենց այդ հավակնորդին: Կասկած չկա, որ ԲՀԿ առաջնորդը հիանալի պատկերացնում է դա, հետեւաբար, եթե նրա նախարարը «հիշում» է ըմբշամարտի ֆեդերացիան, ապա գերազանցապես Կարապետյանի ներկայիս կարգավիճակը թիրախավորելու համար:
Այդ իմաստով ստացվում է, որ Ծառուկյանն էլ իր կարգավիճակն է փոխում եւ այլեւս վարչապետ Կարեն Կարապետյանի հետ ընկեր չէ: Իսկ ընկեր լինելու մասին նա հայտարարել էր մի քանի օր առաջ: Բայց հիմա նրա կադրը թիրախավորում է Կարեն Կարապետյանի ընկերոջը, մտերիմին: Միթե՞ ընկերն ընկերոջ ընկերոջը այդպես կթիրախավորի:
Ըստ ամենայնի, Գագիկ Ծառուկյանն այլեւս Հովիկ Աբրահամյանի ընկերն է: Այսինքն, ոչ միայն խնամին, այլ ավելին՝ արդեն նաեւ ընկերը: Որովհետեւ Ծառուկյանը Ռոստոմյանի միջոցով թիրախավորելով Սամվել Կարապետյանին եւ այդպիսով անուղղակի թիրախավորելով նաեւ Կարեն Կարապետյանին, միանում է Հովիկ Աբրահամյանին:
Բանն այն է, որ գոնե առայժմ կարծես թե միայն Հովիկ Աբրահամյանն է, որ աչքի է ընկել Կարեն Կարապետյանի վարչապետությունը բաց տեքստով թիրախավորելով: Այժմ դա անում է նաեւ Գագիկ Ծառուկյանը: Ընդ որում, Ռոստոմյանը Սամվել Կարապետյանին թիրախավորում է ուշագրավ շեշտադրությամբ: Նա ասում է, որ Կարապետյանը թողել է ֆեդերացիան եւ դրել մարզաձեւը ծանր վիճակի առաջ: Այսինքն, Ռոստոմյանն ակնարկում է, որ Կարապետյանը «փաստի առաջ» է կանգնեցրել մարզաձեւը եւ Ծառուկյանին: Այլ կերպ ասած՝ ակնարկում է, որ Կարապետյանը պայմանավորվածություն է խախտել:
Այդ համատեքստն ուշագրավ է, հատկապես Հովիկ Աբրահամյանի հետ «ընկերանալու» տեսանկյունից: Բանն այն է, որ Աբրահամյանը, Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը, Դաշնակցությունն ու իհարկե Սերժ Սարգսյանը Հայաստանի ներիշխանական կյանքում թերեւս ամենահիմնարար պայմանավորվածություններից մեկի մասնակիցներն են:
Այդ պայմանավորվածությունը տեղի է ունեցել 2015 թվականի փետրվարի 16-ին, Հովիկ Աբրահամյանի Մոնումենտի տանը: Այդպես հարթվեց իշխանական եւ ոչիշխանական բեւռների ճակատագրական բախման վտանգը, Ծառուկյանն ու Սարգսյանը հաշտվեցին, իսկ Հայաստանն էլ մոտ ինն ամիս անց սահմանադրական հանրաքվեով անցավ խորհրդարանական կառավարման:
Դրանից հետո սակայն ասպարեզից հեռացվեց Հովիկ Աբրահամյանը: Այժմ Գագիկ Ծառուկյանն ակնարկում է, որ Սամվել Կարապետյանը պայմանավորվածություն խախտող եւ փաստի առաջ կանգնեցնող է: Իսկ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Ռոստոմյանի շուրթերով ոչ թե Ծառուկյանը, այլ Սերժ Սարգսյանն է բարբառում եւ նա է դառնում Հովիկ Աբրահամյանի «ընկերը»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache