Ինչ փոխհրաձգություն է սկսել Հայաստանում
lragir.am — Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախագահ Բագրատ Ենգիբարյանը հայտարարել է, որ հիմնադրամում չարաշահումների մասին հայտարարությունով Վերահսկիչ պալատը հարվածում է Հայաստանի տեխնոլոգիական վարկին: Բագրատ Ենգիբարյանը հայտարարել է, թե խնդիրը հիմնադրամը չէ, այլ Հայաստանի տեխնոլոգիական գլոբալ հեղինակությունը: Ենգիբարյանը համաձայն չէ չարաշահումների մասին պալատի եզրակացության հետ եւ համարում է, որ տեղի է ունենում միտումնավոր գործընթաց: Նա զարմացած է, որ հարուցվել է նաեւ քրեական գործ:Քրեական գործի հարուցման մասին հայտարարել է Գլխավոր դատախազությունը: Ընդ որում ուշագրավ է, որ այդ հայտարարությունը եղել է վարչապետ Կարեն Կարապետյանի Գյումրի կատարած այցից անմիջապես հետո: Բանն այն է, որ Գյումրիում գործարարների եւ համայնքապետերի հետ հանդիպմանը Կարապետյանին ուղղվել է հարցը Վերահսկիչ պալատի եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի վերաբերյալ, փորձելով հասկանալ, թե ի վերջո եղել է չարաշահում, թե ոչ, ով է իրավացի:Կարեն Կարապետյանը պատասխանեց, թե փորձում են այժմ հասկանալ հենց դա: Դրա հենց հաջորդ օրն էլ Գլխավոր դատախազությունը տարածեց հաղորդագրությունը ՎՊ ուսումնասիրության հիմքով քրեական գործի մասին:Դա Կարեն Կարապետյանի դիրքորոշմանը համահու՞նչ է, թե ոչ: Առայժմ պարզ չէ, վարչապետը չի արտահայտվել այդ թեմայով: Բայց այն, որ Գլխավոր դատախազության որոշումը հաջորդել է վարչապետի հայտարարությանը, թե փորձում են պարզել ով է ճիշտ, ով սխալ, հիմք է տալիս ենթադրել, որ գործը հարուցվել է վարչապետի հավանությամբ: Հազիվ թե ներկայիս քաղաքական իրավիճակում Գլխավոր դատախազությունը որոշեր այդպես հարվածել վարչապետ Կարեն Կարապետյանին:Բագրատ Ենգիբարյանը հայտարարում է, որ միտումնավոր հարված է տեղի ունենում ՏՏ ոլորտին: Դա հետաքրքիր հայտարարություն է, հատկապես նկատի ունենալով այն, որ ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին, գործարարներին օրերս հրավիրել էր նաեւ Կարեն Կարապետյանը եւ ակնարկել, որ ուզում է այնպիսի ծրագրեր, որոնք «աշխարհը շուռ կտան»: Դա նշանակում է, որ Կարապետյանը այդպիսով անուղղակի դժգոհություն է հայտնում ՏՏ ներկայիս զարգացման դինամիկայից եւ ընդգրկումից, դա համարում է առկա ներուժի համեմատ անբավարար: Հետեւաբար հարց է առաջանում, թե արդյոք վարչապետը դժգոհ է նաեւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, դրա ղեկավարի աշխատանքից:Ընդ որում, այդ հիմնադրամի աշխատանքի վերաբերյալ դժգոհություն կամ նվազագույնը վերապահումներ արտահայտել են ՏՏ ոլորտում ներգրավված տարբեր սուբյեկտներ: Դա հարկե աներկբա չի նշանակում, որ խոսքը չարաշահումների մասին է: Ի վերջո, ոչ բավարար կամ ոչ բարձր արդյունավետությունը դեռեւս չի ենթադրում չարաշահում: Միաժամանակ, Վերահսկիչ պալատն էլ հայտարարում է չարաշահումների մասին, եւ այստեղ իրավիճակը պարզելու գուցե ոչ ցանկալի, սակայն արդյունավետ ճանապարհը հենց քրեական գործն է, որի ընթացքում է հնարավոր հասկանալ` ի վերջո չարաշահում կա, թե ոչ:Այստեղ Հայաստանի տեխնոլոգիական վարկանիշի մասին խոսելը թերեւս ավելի շատ ունի մանիպուլյատիվ տարր, քանի որ նույն տրամաբանությամբ ցանկացած ոլորտում ցանկացած քրեական գործ հարվածում է Հայաստանի հենց տվյալ ոլորտի գլոբալ հեղինակությանը:Հազիվ թե աշխարհում Հայաստանի ՏՏ ոլորտի վերաբերյալ առկա էր բյուրեղյա մաքրության մի ընկալում կամ պատկերացում, որը ներկայում կարող է փշրվել: Հակառակը, շատ վատ է, եւ դա թերեւս հենց թերացման հետեւանք է, եթե Հայաստանի վարկը աշխարհում կարող է կախված լինել մեկ այդօրինակ իրավիճակից: Դա կնշանակի, որ տնտեսության գերակա ճյուղ հայտարարված ոլորտում Հայաստանը գլոբալ շուկայի մասնակից դարձնելու հարցում չի կատարվել բավարար աշխատանք, այդ մասնակցությունը համակողմանի ամրացնելու համար: Իսկ ոլորտը նոր չէ, որ հայտարարվել է գերակա ուղղություն:
