Ինչ փրկեց Գագիկ Ծառուկյանը. սառույցը հալչում է

141

1in.am — Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախօրեին կառավարությունում հանդիպման ընթացքում հուշագիր են ստորագրել, ըստ որի խորհրդարանի երկրորդ կուսակցություն ԲՀԿ-ն պարտավորվում է վարչապետի հրաժարականի դեպքում չառաջադրել այլ թեկնածու և չսատարել նաև որևէ այլ առաջադրում: Միաժամանակ, կողմերը պարտավորվում են խորհրդարանի ընտրությանը գործել, այսպես ասած, կոռեկտության շրջանակում:

Հուշագիրը, բնականաբար, չունի իրավական ուժ, բայց ամբողջ խնդիրն այն է, որ ներկայիս հեղափոխական իրավիճակում բուն հարցը որևէ գործողության կամ պայմանավորվածության բարոյական ուժն է, և հենց այդ բարոյական ուժն է, որ ստիպել է Գագիկ Ծառուկյանին ու ԲՀԿ-ին հոկտեմբերի 2-ի անհաջող փորձից հետո ընդունել դեկտեմբերին արտահերթ ընտրություն անցկացնելու Նիկոլ Փաշինյանի և հասարակության պայմանը: Այս համաձայնությունը հատկանշական է նրանով, որ նախօրեին դեկտեմբերի արտահերթ ընտրության դեմ հանդես եկող մյուս ուժերում էլ, ըստ էության, սկսեց «սառույցը հալչել», իհարկե՝ «ծոծրակին» հասարակության շունչը զգալուց հետո:

Միևնույն ժամանակ, կա տարածված տեսակետ, թե այդ հեշտ համաձայնությունը ծուղակ է, որում փորձում են ներքաշել Նիկոլ Փաշինյանին, և հետո, այսպես ասած, խաբել: Ընդ որում՝ այդ տեսակետն արտահայտում են մարդիկ և շրջանակներ, որոնք անվերապահ աջակցություն ու վստահություն են հայտնում վարչապետին, համենայնդեպս հանդես են գալիս այդ դիրքերից: Սակայն սա, իհարկե, փոքր-ինչ տարօրինակ է՝ նկատի ունենալով այն, որ, եթե որևէ մեկն աջակցում է և վստահում Նիկոլ Փաշինյանին, ապա առնվազն տարօրինակ է հայտարարել, թե համաձայնում են նրան խաբելու համար: Մի՞թե այդ մարդիկ կարծում են, որ թավշյա հեղափոխությունը հաղթանակի առաջնորդած և բոլորի համար անսպասելին ու անկարելին իրականություն դարձրած շարժումը գլխավորած Նիկոլ Փաշինյանը միամիտ կամ դյուրահավատ է այնքան, ընդ որում՝ դա մեղմ ասած, որ թույլ տա իրեն խաբել այդ կերպ: Սա կարծես թե առաջին հերթին անհարգալից է հենց Նիկոլ Փաշինյանի, ոչ թե խաբողների հանդեպ:

Ինչ վերաբերում է պայմանավորվածությունից հետ կանգնելու ռիսկին, ապա այստեղ արդեն խնդիրը հանրային դաշտում է, և հանրությունը պետք է պատասխան տա՝ իսկ թույլ կտա՞, որ որևէ մեկը փորձի հետ կանգնել հանրային օրակարգի շուրջ պայմանավորվածությունից: Իսկ այդ հարցը հանրությունը փակել է հոկտեմբերի 2-ին: Ընդ որում՝ հենց այդ հարցը և հենց այնպես է փակել, որ այսօր արդեն խորհրդարանական մեծամասնությունը ստիպված է փնտրել գործակցության ու համաձայնության եզրեր՝ հասկանալով, որ հայտնվել է ուղղակի անդունդի եզրին: Իհարկե, սա բոլորովին չի նշանակում արխայինություն ու դինջություն, ինչպես կասեր դասականը: Անշուշտ, հանրությունն ու վարչապետը պետք է լինեն զգոն, և կասկած չկա, որ նրանք զգոն են: Բայց, վերջին հաշվով, մտածելու ավելի շատ բան ունեն հենց այն ուժերը, որոնք տեսականում դիտարկվում են իբրև պոտենցիալ խախտող, որովհետև նրանց համար քաղաքական իմաստով մի իրավիճակ է, երբ մեկ քայլ աջ կամ ձախ՝ կնշանակի քաղաքական գնդակահարություն:

Զուտ քաղաքական ընթացիկ իրադրության իմաստով Գագիկ Ծառուկյանը փորձեց փրկել երկրորդը լինելու հնարավորությունը, թեև հարց է, թե արդյո՞ք նա Փաշինյանին աջակցություն հայտնելով և դեկտեմբերի ընտրությանը իր համաձայնությունը տալով կարողացել է վերականգնել այն կորուստը, որ ԲՀԿ-ն կրեց հոկտեմբերի 2-ին: Թեև չի բացառվում, որ ԲՀԿ առաջնորդին դա արդեն չի էլ հետաքրքրում, և նա ավելի շատ մտածում է այլևս իր անձնական վարկանիշի մասին, քանի որ ԲՀԿ-ի, այսպես ասած, քաղաքական ժամանակաշրջանը թերևս ավարտված է վաղուց:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache