Ինչ ռազմական ուղղաթիռով և ինչ նպատակով է Արցախ մեկնել ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանը

158

«Ինստագրամի արքա», հայկական արմատներով ամերիկացի միլիոնատեր Դեն Բիլզերյանն այսօր Արցախ է մեկնել ՀՀ ԶՈՒ ռազմական ուղղաթիռով: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից:

Ըստ Հովհաննիսյանի մեկնաբանության՝ Բիլզերյանին ռազմաօդային ուժերի ուղղաթիռ տրամադրվել է Արցախի ղեկավարության դիմումի համաձայն՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հանձնարարականով: Բացի այս տարբերակից՝ ռազաօդային ուժերի սովորական ուղղաթիռներ կարող են տրամադրվել համապատասխան վճարի դիմաց, բայց Դեն Բիլզերյանը վճարել է, թե՝ ոչ, հայտնի չէ:

«Հայկական ժամանակ»-ը Դեն Բիլզերյանի՝ Արցախ կատարած այցի ու վերջինիս հատկացված ռազմաօդային ուղղաթիռի տրամադրման վերաբերյալ զրուցեց նաեւ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: Ստորեւ ներկայացնում ենք մեր բլից հարցազրույցը:

— Պարոն Բաբայան, մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ հայկական արմատներով ամերիկացի միլիոնատեր Դեն Բիլզերյանը Արցախ է եկել Արցախի ղեկավարության դիմումի համաձայն՝ ռազմաօդային ուժերի ուղղաթիռով: Ինչո՞ւ է Արցախի ղեկավարությունը հատուկ դիմում գրել՝ Բիլզերյանին ուղղաթիռ տրամադրելու համար:

— Որտեղի՞ց ձեզ այդ տվյալները: Արցախի Հանրապետության ղեկավարության դիմումի համաձա՞յն:

— Այո, ՀՀ նախարարությունից հաստատել են այն տեղեկությունը, որ Արցախի ղեկավարության դիմումի համաձայն՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հանձնարարականով ռազմաօդային ուղղաթիռ է տրամադրվել Դեն Բիլզերյանին:

— Եթե տրամադրվել է, չի նշանակում, որ եղել է դիմում: Ճիշտն ասած՝ չգիտեմ: Բայց կարեւորը դա չէ: Կարեւորն այն է, որ մեր հայրենակիցն Արցախ է ժամանել:

— Իսկ ի՞նչ նպատակով է Բիլզերյանն այցելել Արցախ:

— Ինչքան գիտեմ՝ նա այստեղ է ճանաչողական այցով: Ուզում է ծանոթանալ իր պատմական հայրենիքի մի մասի հետ: Մենք ողջունում ենք այդպիսի պատրաստակամությունը: Կարծում եմ, որ ընդհանրապես լավ կլիներ, որ յուրաքանչյուր հայ գոնե տարին մեկ անգամ պարբերաբար այցելեր Արցախ ու մայր Հայաստանի տարբեր վայրեր:

— Պարոն Բաբայան, իսկ Դեն Բիլզերյանն իր հետ ինչ-որ խորհրդանշական նվեր բերե՞լ է Արցախ:

— Ճիշտն ասած՝ չգիտեմ: Կարծում եմ, որ ինքը գալիս է, եւ ընդհանրապես, հանրաճանաչ մարդիկ, որ գալիս են Արցախ, դա արդեն ինչ-որ կարեւոր քայլ է, որպեսզի Արցախն էլ ավելի ճանաչելի դառնա աշխարհում: Որովհետեւ այդ մարդկանց ճանաչում են, եւ երբ ինքը գալիս է Արցախ ու մարդիկ տեսնում են, որ ահա, հանգիստ երկիր է, սա շատ կարեւոր է իմիջի համար, վարկանիշի: Եւ կարծում եմ՝ այս տեսանկյունից այցը շատ կարեւոր է: Թե չէ այստեղ ոչ մի քաղաքական կամ այլ ենթատեքստ չկա: Պարզապես, մարդը գալիս է՝ տեսնելու իր հայրենիքի մի մասը:

— Ապրիլյան պատերազմի օրերին խոսվում էր այն մասին, որ Դեն Բիլզերյանը զինամթերք է ուղարկել Արցախ: Նման բան իրականում եղե՞լ է:

— Ես չգիտեմ, տեղյակ չեմ այդպիսի փաստերից: Իրենից կարող եք հարցնել:

— Իսկ այս այցի ժամանակ իր հետ զենքեր բերե՞լ է, նման տեղեկություն ունե՞ք:

— Ինչի Արցախի բանակը զենք չունի՞: Էդ մարդը պարզապես գալիս է, կրկնում եմ, ճանաչողական այցով, ոչ մի քաղաքական կամ այլ բան չկա: Եւ կարծում եմ՝ նման հարցադրումը ճիշտ չէ: Կստացվի՝ Արցախի բանակը զենք չունի, եւ առանձին անհատներն են մատակարարում: Դա այդպես չէ: Հիմա, երբ տարբեր մարդիկ ինչ-որ ձեւ օգնում են, դա ողջունելի է, բայց դա չի նշանակում, թե Արցախի Զինված ուժերը զենք չունեն ու սպասում են, որ մարդիկ գան, մեկը մի ատրճանակ, մեկը մի չգիտեմ ինչ բերի:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache