Լրահոս

Ինչ թիվ է ստանալու Սերժ Սարգսյանը. «խփելու» բանաձևը

 

Խորհրդարանի ընտրության քարոզարշավին զուգահեռ՝ ավելի ու ավելի ինտենսիվ են դառնում սոցհարցումները, որոնք պատկերում են ընտրության մասնակից սուբյեկտների, ինչպես նաև նրանց առանձին ներկայացուցիչների վարկանիշները: Դրանք արտացոլում են իսկապես հետաքրքրական պատկերներ, հատկապես ՀՀԿ-ական որոշ ներկայացուցիչների մասով:

Օրինակ՝ ընդամենը մի քանի ամիս աշխատող և գործնականում որևէ շոշափելի ձեռքբերում չարձանագրած Կարեն Կարապետյանին վերագրվում է 80 տոկոսից ավելի վարկանիշ: Այլ հարց է, թե ինչքանով է էական ձեռքբերումների բացակայությունը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ, բայց հաշվի առնելով Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական և հոգեբանական վիճակը, հաշվի առնելով ՀՀԿ-ի վարկանիշը և, այդուհանդերձ, Կարեն Կարապետյանի ՀՀԿ անդամ լինելու հանգամանքը՝ ներկայացվող անհատական վարկանիշները թվում են բավական երևակայական: Ընդ որում, դրանք հարվածելու են առաջին հերթին հենց այն անձանց, որոնց վերագրվում են այդ վարկանիշները՝ ըստ էության հանդիսանալով քաղաքական ծուղակներ:

Այս համապատկերում ուշագրավ է, որ բացակայում է որևէ վարկանիշային տարբերակ Սերժ Սարգսյանի անունով: Օրինակ՝ անգամ Տարոն Մարգարյանին վերագրվում է 60 տոկոս վարկանիշ, համենայնդեպս՝ ըստ Համառուսաստանյան հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի անցկացրած հարցման:

Եթե ՀՀԿ-ում կա 80 տոկոս և ավելի ունեցող վարչապետ, 60 տոկոս և ավելի ունեցող քաղաքապետ, ինչքա՞ն է այդ կուսակցության նախագահի վարկանիշը, ինչո՞ւ է այն բացակայում: Սերժ Սարգսյանի վարկանիշը Կարեն Կարապետյանից բա՞րձր է, թե՞ Տարոն Մարգարյանից ցածր: Իսկ գուցե Տարոն Մարգարյանի և Կարեն Կարապետյանի արանքում է: Համենայնդեպս, տարօրինակ է, որ կուսակցությունը խորհրդարանի ընտրության է գնում առանց նախագահի վարկանիշի, որը «խնամքով» թաքցվում է սոցհարցում իրականացնող կազմակերպություններից:

Շատ հետաքրքրական է, որ նրանցից ևս որևէ մեկը, չգիտես ինչու, չի մտածել հարցվողներին ևս մի պարզ հարց ուղղել՝ իսկ ի՞նչ եք մտածում Սերժ Սարգսյանի մասին: Առավել հավանականը, սակայն, այն է, որ Սերժ Սարգսյանի վարկանիշը նոր է ձևավորվում, և հրապարակվող մյուս վարկանիշային տվյալները ընդամենը այն մաթեմատիկական բանաձևն են, որի միջոցով էլ ստացվելու է Սերժ Սարգսյանի վարկանիշը:

Խնդիրը պարզապես այն է, թե ինչ թիվ է ուզում ստանալ կամ «խփել» Սարգսյանը: Այստեղ, իհարկե, ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե Սերժ Սարգսյանն ինչ է պատրաստվում անել նախագահի պաշտոնը թողնելուց հետո, այսինքն՝ ինչպիսին է լինելու նրա վերջնական որոշումը քաղաքական հետագա ծրագրի վերաբերյալ: Ամենայն հավանականությամբ, հենց դրանից էլ կախված կլինի, թե որքան վարկանիշ պետք է «խփի» Սարգսյանը և, այսպես ասած, ինչ կտրվածքով ու շեշտադրումով՝ իշխանության մնալո՞ւ, թե՞ որևէ ժառանգորդ նշանակելու համարժեք:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

1in.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing